Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր գործիչները Ր. Հովհաննիսյանի ստեղծած իրավիճակը օգտագործու՞մ են

Փետրվար 21,2013 12:19

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում էին Արամ Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, ՀՅԴ, ՀԺԿ և ընդդիմադիր դաշտի այլ ներկայացուցիչներ: Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ այս փաստի վրա հիմնվելով կարելի՞ է կարծիք հայտնել, որ ընդդիմադիր դաշտը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այդպես չի կարծում և մանրամասնում. «Կարծում եմ՝ ավելի շատ գործ ունենք այս անձանց կողմից ժողովրդի հետ համերաշխության դրսևորման հետ: Ժողովրդի, որը փաստորեն քվեարկելով ոչ իշխանության օգտին, այնուամենայնիվ համարում է, որ իր ձայները գողացել են: Այդ գործիչները համերաշխ են այդ ժողովրդի հետ: Նրանց ներկայությունը Ազատության հրապարակում ավել բան ընդունել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական օրակարգն ու պահանջները դառնան ավելի տրամաբանված ու նպատակաուղղված: Իսկ քանի դեռ դա չկա, նշվածից ավել բանի մասին խոսել չի կարելի»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում նպատակաուղղվածություն ու հստակություն, չէ՞ որ Ր. Հովհաննիսյանն ասում է, որ պատրաստ է անգամ կյանքի գնով պաշտպանել ժողովրդի ձայները: Ռ. Մեհրաբյանն արձագանքեց. «Կյանքի գնով պետք չէ, պետք է տրամաբանված գործողություններով հասնել այդ ամենին: Եթե սկսում ենք այդ բաներից խոսել, կարող եմ իմ կողմից ավելացնել, որ Աստված զոհ չի պահանջում, այլ ողորմածություն: Այս իրավիճակը թելադրում է կոնկրետ քայլեր: Եթե պահանջում է, որ Սերժ Սարգսյանը գա ու հրապարակում հանձնի իշխանությունը, ապա ի՞նչ փաստաթղթի հիման վրա: Հո մանկապարտեզ չէ՞: Ի վերջո Րաֆֆին մի կուսակցության առաջնորդ է, որ մեկ ամիս առաջ ուներ 5, այսօր՝ 37 տոկոս: Ի վերջո առնվազն յոթ անգամ ավելի պատասխանատվություն է դրանից բխում, բայց ոչ թե այսպիսի բաներ: Պետք է այս ամենը ռացիոնալ քաղաքական հարթությունից դուրս չգա, հակառակ դեպքում մենք ուղղակի կունենանք բազմահազարանոց քաղաքացիների հերթական ֆրուստրատցիան: Իսկ այդ մեղքի տակից ով է դուրս գալու, այդ մարդուն ես չեմ նախանձում»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ բացառեց, որ վերոնշյալ անձինք կհամախմբվեն Ր. Հովհաննիսյանի շուրջ և նշեց. «Այն մարդիկ, ովքեր երեկ Ազատության հրապարակում էին, ունեն մեկ խնդիր. օգտագործել հնարավոր ցնցումներն ու հասարակական լարվածությունը նորից հասարակական շարժում սկսելու համար: Ավելի քան համոզված եմ, որ այս մարդկանց հետ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար համագործակցություն չի կարող ունենալ՝ նրանց գաղափարախոսության, մոտեցումների տարբերությունից ելնելով: Նաև գիտեմ, որ արդեն «Ժառանգության» շարքերում լուրջ բողոքներ ու անհանգստություններ կան, որ այդ մարդկանց՝ Ազատության հրապարակ գալու մեջ վտանգ են տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այն 37 տոկոսը, որ Րաֆֆին հավաքել է, դա այն պայմաններում էր, երբ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մրցակցությունը չկար: Ամիսներ առաջ այդ մրցակցության պարագայում «Ժառանգությունը» կարողացավ ընդամենը 5 տոկոս հավաքել: Րաֆֆիին ձայն տված մարդիկ հակաիշխանական թեկնածուի են ձայն տվել: Եթե այս պահին հայտնվեն ավելի կտրուկ, ավելի ծայրահեղ մեթոդներ կիրառող գործիչներ, հավանական է, որ այդ 37 տոկոսանոց ընտրազանգվածը կողմնորոշվի այդ մարդկանց կողմ: Սա լուրջ ձեռքբերում և հաղթանակ է «Ժառանգության» համար, և կորցնել այդ էլեկտորատը մի քանի օրվա արկածախնդրության համար, անընդունելի է: «Ժառանգությունը» հասկանում է, որ երկրորդ անգամ նման հարվածից կարող է ուշքի չգալ»:

Հ. Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ այս ամենից խուսափելու համար Ր. Հովհաննիսյանը պետք է շարունակի քարոզարշավի մարտավարությունը, ինքը ղեկավարի իրեն տրված ձայները և փորձի դա օգտագործել քաղաքական դաշտում ավելի լուրջ դերակատարություն ունենալու համար: Իսկ նրա պահանջները իշխանությանը քաղաքագետը չհիմնավորված է համարում և խորհուրդ տալիս չմոռանալ, որ հասարակության մեծամասնությունը քվեարկել է Ս. Սարգսյանի օգտին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Այո, մանկապարտեզ չէ, բայց քանի որ ազգովի գիտեն, որ ձեռքի վրա կա տաս մատ և դա դեռ հիմք չէ, պետք է այդ մասին տեղեկանք բերել ԿԸՀ-ից, ՎԱՅ-ՀԱՅ-ՀՈՒՅԻՑ; Կայֆի տակ տղու աչքին հարյուրն էլ է միլիոն;Տեղեկանք կտա*;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728