Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հավաքների առնչությամբ

Փետրվար 21,2013 12:16

ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին օրենքի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել և իրականացնել դրանց իմաստին և բովանդակությանը համարժեք կերպով՝ դրանցով ամրագրված իրավունքների և հնարավորությունների լիարժեք ապահովումը պետական մարմիններից ակնկալելու համար:

ՀՀ Սահմանադրության և օրենքների այն մեկնաբանությունը, թե իբր առկա է իրավունք “հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում ենք,” որևէ առնչություն չունի ժամանակակից իրավական, սահմանադրական պետություններում այդ իրավունքի ընկալման, ինչպես և այս բնագավառում հանրաճանաչ միջազգային չափանիշների հետ: Այսպես, 100-ից ավել մասնակից ունեցող հավաքները պետք է անցնեն իրազեկմամբ (Հավաքների ազատության մասին օրենքի 9-րդ հոդված): Այս պահանջն ուղղված է առաջին հերթին հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ու հավաքի ազատությունն ապահովելուն (Հավաքների ազատության մասին օրենքի 10-րդ հոդված): Հետևաբար, իրազեկում պահանջող հավաքն առանց իրազեկման անցկացնելն իրավաչափ չէ և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության, սակայն, եթե այն պահպանում է իր խաղաղ բնույթը, ապա ՀՀ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը (Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդված):

Հավաքների ազատության մասին նոր օրենքի ընդունումից հետո ՀՀ ոստիկանությունն իր գործողություններում բազմիցս փաստել է, որ անշեղորեն հետևում է Սահմանադրության և օրենքի պահանջների պահպանմանը, իրավիճակը չսրելու նպատակով առանձին դեպքերում հանդուրժելով անգամ որոշ հակաիրավական գործողություններ: Այս գործելակերպին ՀՀ ոստիկանությունը հավատարիմ է մնալու այսուհետ ևս, թույլ չտալով քաղաքացիական համերաշխության միջավայրի ձևավորման իրական հնարավորության ձախողումը: Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաիրավական գործողություններով Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձևավորվող այս միջավայրի արմատավորումը տապալելու նկրտումներից:

Առավել կարևոր է արդեն մոտավորապես երկու տարի իրական փոխգործակցությանը միտված կանոնների և սովորույթների պահպանումը, որոնք հիրավի նոր արժեհամակարգի և սահմանադրական նոր մշակույթի էական նախադրյալներ են: Այս իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի հրահանգները ոստիկանության ծառայողներին չեն տեղավորվում թե օրենքի, թե նոր ձևավորվող այդ իրավական մշակույթի շրջանակներում, անգամ եթե դրանք տրվում են “հավաքի մասնակիցների” անունից: ՀՀ ոստիկանությունը ենթարկվում է բացառապես ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես և դրանց շրջանակներում արձակված այլ իրավական ակտերի, այդ թվում ոստիկանակության ծառայողների վերադասների հրահանգներին, այլ ոչ թե հավաքների մասնակիցների անունից “արձակվող” դրանց կազմակերպիչների հրամաններին:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին՝ զերծ մնալ նման հրահանգներ արձակելուց և իր ու հավաքների մասնակիցների իրավունքները կենսագործել ՀՀ Սահմանադրությամբ և Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված ընթացակարգերի և սահմանների հաշվառմամբ: Նման պարագայում ՀՀ ոստիկանության պարտականությունն է՝ լիովին ապահովել այդ հավաքների բնականոն ընթացքը և վերացնել բոլոր խոչընդոտները` սահմանադրական իրավունքներն իրացնելու համար:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է այս հիմնարար մոտեցմանը, որը կանխորոշված է ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով:

ՀՀ ոստիկանությունում բարի ավանդույթ է դարձել վիճելի, խնդրահարույց հարցերը, օրենքների կիրառման հիմնախնդիրները քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելը: Այս համատեքստում ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնելու քննարկումներ` հավաքների ազատությանը և ոստիկանությանն առնչվող ցանկացած հիմնախնդիրների վերաբերյալ` պարոն Հովհաննիսյանի նախընտրած օրակարգով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728