Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆիի խաչմերուկը

Փետրվար 21,2013 12:11

Այս օրերին Հայաստանում տիրող իրադրությունը արտաքուստ գրեթե յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո կրկնված հայտնի իրադարձությունների նախերգանքն է հիշեցնում։
Սակայն խորքում նշմարվում են բոլորովին այլ եւ հիշարժան միտումներ։ Նախեւառաջ այս անգամ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության, իր նախնական եզրակացության միջոցով հստակորեն ճանաչել է փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները։ Նույնական է նաեւ ԱՊՀ երկրների դիտորդների միահամուռ կարծիքը։
Դրանց հետեւել է Ռուսաստանի նախագահի շնորհավորանքը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը՝ հիմնված ԵԱՀԿ դիտորդների նախնական եզրակացության դրական գնահատականների վրա։ Այսինքն՝ միջազգային հանրությունը ճանաչում է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների օրինականությունը։
Ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած պատկառելի ձայները որոշակի գլխապտույտ են առաջացրել «Ժառանգության» առաջնորդի մոտ կամ հալյուցինացիա առ այն, որ հենց ինքն է ընտրվել փետրվարի 18-ին։
Դրան նպաստել է նաեւ Հայաստանի ընտրողների մի մասին բնորոշ՝ իշխանությանն անպայման դեմ քվեարկելու ձգտումը, որը նույնպես օբյեկտիվ պատճառներ ունի։ Այդ ամենի հետեւանքով ստացվել է այն պատկերը, ինչն ունենք այսօր։ Եվ դա բարենպաստ իրավիճակ է ստեղծում Հայաստանի առջեւ կանգնած բարդ խնդիրների լուծմանն անցնելու համար։
Ցանկացած, անգամ ամենաբարդ բարեփոխումներն առաջ տանելու համար հարկավոր է ունենալ արտաքին աջակցություն եւ ներքին մրցակցային քաղաքական դաշտ՝ ուժեղ ընդդիմությամբ։ Ու քանի որ դեպքերի բերումով այս երկու պայմաններն էլ արդեն ձեւավորվել են, ապա հարց է առաջանում. ինչպե՞ս է իրեն պահելու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր թեկնածուն, որը աննշան քաղաքական ուժի ղեկավարից միանգամից վերածվել է ազդեցիկ քաղաքական դեմքի։
Այս առումով ստեղծված իրավիճակը ավելի բարդ է ու հակասական, քան 1996, 1998, 2003, ու 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Եվ դա երկու հիմնական պատճառ ունի.
առաջին՝ նախորդ դեպքերում իսկապես եղել է լուրջ ու համառ քաղաքական պայքար, որն ավարտվել է վիճելի արդյունքներով, իսկ փետրվարի 18-ի ընտրություններից առաջ եւ ընտրության օրը ավելի շատ տեղի է ունեցել պայքարի նմանակում մրցակցային ընտրությունների տպավորություն ստեղծելու նպատակով,
երկրորդ՝ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրություններին բնորոշ ընդհանուր առմամբ կանխատեսելի միջազգային իրավիճակի, ներկայումս ներքին ու մանավանդ արտաքին քաղաքական մարտահրավերները ոչ թե բախում, այլ ուղղակի ջարդում են մեր երկրի դռները, պահանջելով դիմել շուտափույթ ու անհետաձգելի քայլերի։
Ուրեմն խաչմերուկը, որի առաջ հայտնվել է երկիրը, պահանջում է ընտրություն կատարել նրա հետագա զարգացման հնարավոր երկու ուղիների միջեւ։
Առաջինը այն հետընտրական ցնցումների ու «դանդաղ ռեաբիլիտացիայի» ճանապարհն է, որով մենք անցել ենք 1996-1998 եւ ապա հաջորդ գրեթե բոլոր հետընտրական փուլերում ու մանավանդ 2008-ի մարտի 1-ից հետո։ Դրա «թանը» խմել են ե՛ւ երկրի հաջորդական իշխանությունները ե՛ւ, իհարկե, նրանց ընտրությունը վիճարկած ընդդիմադիր թեկնածուները։
Երկրորդը հետընտրական Հայաստանին ներկայումս բնորոշ այն կացությունն է, որը, ինչպես ասվեց, առավել բարենպաստ պայմաններ ու միջավայր է ստեղծում քաղաքական զույգ բեւեռների մրցակցության ու համագործակցության ծավալման համար։
Սա ցույց է տալիս, որ հետընտրական շրջանում երկրի համար ստեղծված խաչմերուկի «բանալիները» այսօր իսկապես որ գտնվում են ոչ թե իշխանության կաբինետներում, այլ ընդդիմադիր հիմնական թեկնածուի ձեռքում, որից էլ կախված է վերոհիշյալ երկու ուղիներից որեւէ մեկի ընտրությունը։
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ընտրել այդ ուղիներից ցանկացածը, սակայն այլեւս չի կարող հետ շրջել այն, ինչը տեղի է ունեցել փետրվարի 18-ին։ Այսինքն՝ նա կարող է որպես ընդդիմության լեգիտիմ առաջնորդ իրեն ընտրած կես միլիոնից ավելի ընտրողների անունից պահանջել արագացնել երկրում կատարվող բարեփոխումները՝ հստակորեն սահմանելով դրանց հիմնական ուղղություններն ու կոնկրետ թիրախները։
Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին նույնպես համակի իր նախորդների տրորած արահետով ընթանալու եւ «հերոսանալու» ցանկությունը։ Կարծում ենք, այս անգամ իրադարձությունները կզարգանան ոչ թե հետընտրական կատակլիզմների սցենարով, այլ արտաքին ուժերի հաջորդական պատվերների կատարման միջոցով։
Այսինքն՝ սկիզբ կառնի արտաքուստ ժողովրդավարական, բայց խորքում ամբոխավարական մի շարժում, որի առաջին հանգրվանից հետո ակնհայտ կդառնա Րաֆֆի Հովհաննիսյանի ուժի ու հնարավորությունների անհամապատասխանությունը իր առջեւ դրված խնդիրներին։
Դրա հետեւանքով շարժման գլուխ կանցնեն նոր լիդերներ, իսկ հնարավոր է նաեւ քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են վերանայելու Հայաստանի ներկա հավասարակշռված արտաքին քաղաքական ուղեգիծը։ Կանցնի ընդամենը մի քանի ամիս, եւ ակնհայտ կդառնա, որ տվյալ շարժման համար Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե նպատակ է, այլ միջոց, եւ նա ստիպված կլինի կա՛մ հեռանալ ասպարեզից, կա՛մ էլ շփման եզրեր փնտրել իշխանության հետ իր համար շատ ավելի անբարենպաստ պայմաններով։
Մինչեւ ե՞րբ ենք մեր ոտքերը դնելու նույն փոցխին, որի ցավոտ ծակոցները զգացել ենք անցած գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728