Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզենք, չուզենք՝ Րաֆֆին գործոն է

Փետրվար 21,2013 11:41

Անհերքելի իրողություն է նաեւ այն, որ շատ քաղաքական ուժեր՝ այդ թվում եւ ընդդիմադիր, Րաֆֆուն միշտ վերաբերվել են վերապահումով, ժպտացել են նրա մասին խոսելիս, համարել թույլ գործիչ, շատ դեպքերում՝ «փուչիկ» եւ այլն։ Բայց այսօր ունենք իրականություն, որ հայ հասարակության զգալի հատվածը՝ կես միլիոնից ավելի մարդ, չընդունելով գործող ռեժիմի բարքերը, կառավարման ձեւերն ու սկզբունքները, ընտրել է Ր. Հովհաննիսյանին։

Ու եթե անգամ նրա պահվածքը, ընտրած պայքարի մարտավարությունն ու իրականացրած քայլերը հավատ չեն ներշնչում, այնուամենայնիվ, չպետք է ծաղրել (թեկուզ միջնորդավորված), անտեսել Րաֆֆու՝ այս պահին գործոն լինելու հանգամանքը։ Ավելին, կարելի է օգտվել ստեղծված իրավիճակից եւ սկսել իրական պայքար։

Նկատենք, որ իրավիճակի լրջությունն ու քաղաքականապես հարմար պահը բավական արագ որսաց Նիկոլ Փաշինյանը՝ միանալով Ր. Հովհաննիսյանի դեռ չսկսված շարժմանը։ Ինչ խոսք, Նիկոլը լավ հռետոր է, մասսաներին կառավարելու առումով էլ արդեն լավ փորձ ունի եւ հանգիստ կարող է դառնալ իրավիճակի տերը, եթե նույնիսկ Րաֆֆին որոշի գնալ տուն՝ թեյ խմելու։ Չէ՞ որ այդքան էլ հեշտ գործ չէ Ազատության հրապարակ լցնելը (այսօր այն լիքն է):

Հետեւաբար, ի՞նչն է խանգարում մյուսներին միանալ Նիկոլին։ Կա՞ որեւէ մեկը, որ կասկածում է նրա ազնվությանը։ Կարծում ենք՝ ոչ։ Համենայնդեպս, տրամաբանական որեւէ հիմնավորում մինչ այժմ որեւէ մեկի կողմից չի ներկայացվել։ Այնպես որ, ռեժիմի դեմ պայքարելու համար չպետք է առաջնորդվել «սիմպատիաներով» ու «անտիպատիաներով»։ Պետք է ունենալ նպատակ եւ դրան հասնելու ծրագիր։ Ու եթե իսկապես, օրինակ, ՀԱԿ-ի առաջ ռեժիմը կազմաքանդելու խնդիր կա դրված, հաստատ այս կերպ չպետք է վարվեին։

Զարմանալի է, որ Ազատության հրապարակում հավաքված մարդանց առաջնորդելու ձգտում չեն ցուցաբերում նաեւ դաշնակցականները, որոնց կապը Րաֆֆու հետ «պապենական է»։ Ծպտուն չի հանում նաեւ քաղաքական այլընտրանք ներկայացող «Բարգավաճ Հայաստան»-ը։ Նրանք ե՞ւս խանդում են Րաֆֆուն։ Բա ո՞ւր մնացին հասարակության առջեւ տրված պայքարի ճռճռան խոստումները։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728