Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ:
Այդ ահազանգերից 43-ի դեպքում քաղաքացիները կարիք են ունեցել իրավաբանական խորհրդատվության, ստացել են այն և կարողացել են լուծել իրենց հուզող խնդիրը:
52 ահազանգեր նույնիսկ առերևույթ հիմնավոր չեն եղել, այսինքն՝ գանգատը չի պարունակել մարդու իրավունքների խախտում, կամ ահազանգում չի ներկայացվել ըտրախախտման գեթ մեկ փաստական հանգամանք:
Ընտրողների անձնագրերում դրվող կնիքի թանաքի հետ կապված խնդիրներով Պաշտպանին ահազանգել են 68 քաղաքացիներ: Այս կապակցությամբ Պաշտպանը իր դիտողություններն ու առաջարկը գրավոր և հրապարակային կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Կարդացեք նաև
38 ահազանգերը վերաբերել են ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին: Որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջությամբ ներկայացվել է Ոստիկանություն, ընտրացուցակներում համապատասխան ուղղումներ իրականացնելու համար:
20 ահազանգերը վերաբերել են քվեարկության օրը տեղի ունեցած տեխնիկական բացթողումներին, կուտակումներին և քվերակության գործընթացի այլ շեղումներին: Դրանց վերաբերյալ ահազանգողներին տրվել է հստակ ուղղորդում և խորհրդատվություն, թե ինչպես արձանագրել նման անկատարությունները և թե ինչպես դրանք ներկայացնել համապատասխան ընտրական հանձնաժողովներին:
Քվեարկության մատչելիությունից դժգոհելով Պաշտպանին ահազանգել է հաշմանդամություն ունեցող 9 անձ: Այս կապակցությամբ նախկին ձեռքբերումները ամփոփելով և ապագա արագ վերափոխումների ակնկալիքով՝ Պաշտպանը կգործակցի Տարածքային կառավարման նախարարության և առանձին համայնքների ղեկավարների հետ:
Վերջապես մնացած 25 ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքներին, կրկնակի քվեարկությանը և այլ հանցակազմ պարունակող արարքներին: Պաշտպանը հատկապես կարևորում է ընտրահանցանքների լիարժեք և օբյեկտիվ հետաքննությունն ու բացահայտումը: Վաղը, նախապես ստանալով ահազանգողների համաձայնությունը, ընտրահանցանքների մասին Պաշտպանի ունեցած ողջ տեղեկատվությունը կներկայացվի թե´ Ոստիկանությանը, և թե´ հանրությանը: Պաշտպանը վստահ է՝ «Նույնիսկ այս 25 դեպքերի լիարժեք բացահայտումը կամ դրանց որոշ մասի իրապես համոզիչ հերքումը կարող է չափազանց դրական անդրադառնալ արդարության վերականգման, հասարակության վստահության հաստատման, ինչպես նաև հետագայում նման հանցանքների կանխարգելման համար: Հետևաբար, անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Անհրժեշտ է բացահայտել և պատժվել բոլոր ընտրահանցագործներին»:
Պաշտպանի աշխատակազմ