Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ էր ՀՅԴ-ն այդ նույն ժողովրդին մենակ թողել նախագահական ընտրություններում

Փետրվար 21,2013 11:15

«Հայ հեղափոխական դաշնակցության» Հայաստանի գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները գնահատելով որպես «խոստացված ամենալավի փոխարեն հերթական շատ վատը»։ Նկատենք, որ գոնե «Դաշնակցության» համար այս նախագահական ընտրությունները հերթականը չէին այն առումով, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ «Դաշնակցություն»-ը չէր առաջադրել սեփական թեկնածուին։ Ընդ որում, կուսակցությունը հանգել էր այդ որոշմանը այլ քաղաքական ուժերի հետ երկարատեւ քաղաքական կոնսուլտացիաներից հետո, որոնց անպտղությունն ի սկզբանե ակնհայտ էր, քանի որ «Դաշնակցության» առաջադրած յոթկետանոց քաղաքական պլատֆորմի բոլոր կետերը չէին կարող ընդունելի լինել եւ ոչ մի քաղաքական ուժի համար։ Իսկ «Դաշնակցություն»-ը պնդում էր, որ եթե անգամ առաջարկված կետերից մեկն էլ չընդունվի, համագործակցությունը չի կայանա։ Ասել է թե՝ «Դաշնակցություն»-ն ի սկզբանե նախաձեռնել էր փակուղային մի գործընթաց, որի նպատակը ոչ իշխանական դաշտի համախմբումն ու մեկ միասնական թեկնածուով հանդես գալը չէր կարող լինել։ Դրանից հետո ՀՅԴ-ն հայտարարեց, թե իրենք թեկնածու չեն առաջադրելու, սակայն իրենց ընտրազանգվածին ուղղորդելու վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն կանեն։ Իսկ ընտրությունների նախօրեին էլ, ինչպես հիշում ենք, դաշնակցականները կոչ արեցին «գնալ ընտրու¬թյան, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել»։ Ասել է թե՝ դաշնակցականները գերադասեցին իրենց ձայները փոշիացնել՝ քվեաթերթիկներն անվավեր դարձնելու հրապարակային հորդորով, քան իրենց ընտրազանգվածին որեւէ ոչ իշխանական թեկնածուի օգտին կողմնորոշել։ Սակայն երեկվա հայտարարությամբ դաշնակցականները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք եւս որոշակի մասնակցություն են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների հարցում։

ՀՅԴ երեկվա հայտարարության մեջ ասված է. «Հարգելի՛քաղաքացիներ, ստեղծված հետընտրական իրավիճակը, հնարավոր զարգացումները հսկայական պատասխանատվություն եւ դժվար որոշումներ են պարտադրում ե՛ւ գործող իշխանությանը, ե՛ւ հիմնական մրցակից թեկնածուին, ե՛ւ ընդդիմադիր ուժերին, ե՛ւ հասարակության ակտիվ հատվածին։ Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսեւորած կամքը չպետք է ոտնահարվի։ «ՀՅ Դաշնակցություն»-ը ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից»։ Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ էր «Դաշնակցություն»-ը այդ նույն ժողովրդին մենակ թողել նախագահական ընտրություններում, եւ հիմա, երբ ժողովուրդն արդեն արել է իր ընտրությունը, նրա ինչի՞ն է պետք «Դաշնակցություն»-ը, որ մի հատ էլ «համատեղ ուժերով լուծումներ» գտնեն։ Ժողովուրդը շատ էլ լավ գտել է իր լուծումը՝ ձայնը տալով այն թեկնածուին, որն իր առաջադրումը չպայմանավորեց քաղաքական պատեհությամբ եւ իրավիճակային մանրիկ շահերով։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728