Նախագահական ընտրությունների` պաշտոնապես հրապարակված արդյունքների թվաբանական պատկերը ցույց է տալիս, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ ընտրակեղծիքների, բազմակի քվեարկությունների, ցնդող կնիքների և այլ ապօրինությունների, այլ իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերի անգործության պատճառով: Իրականում, տվյալ դեպքում, այդ անգործությունը կարելի է համարել հանցավոր անգործություն: Կամ, այն, ինչը հայկական իրականության մեջ ընդունված է անվանել ստվերային գործարք:
Այսպես, Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում ստացել է 861 հազար 160 ձայն` մասնակիցների 58.64 տոկոսը: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 539672 ընտրող` ընտրությանը մասնակցածների 36.75 տոկոսը: Թվային արտահայտությամբ՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների տարբերությունը կազմում է 276 հազար 438 ձայն: Սակայն, եթե հաշվի առնենք ընտրություններին մասնակցող մյուս հինգ թեկնածուների ստացած ձայները, ինչպես նաև դրան գումարենք «չեբուրաշկա», «Խիյար», «Ազատություն Տիգրան Առաքելյանին» և այլ մակագրություններով անվավեր դարձված` շուրջ 51 հազար քվեաթերթիկները, ապա իշխանության և ընդդիմության ստացած ձայների տարբերությունը կազմում է ընդամենը 203 հազար ձայն:
Սա, իհարկե, մեխանիկական թվաբանական գործողություն է: Ակնհայտ է, որ այդ թվերի հետևում պետք է տեսնել քաղաքական գործընթացներ` դրանից բխող քաղաքական հետևանքներով, որոնք, որպես կանոն, մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենում: Այս թվերը ցույց են տալիս, որ ընդդիմադիր դաշտում իրական միասնական գործընթացների առկայության դեպքում, նույնիսկ ընտրակեղծիքների ամենազոր մեքենայով իշխանությունը չէր կարող վերարտադրվել: Սակայն տվյալ դեպքում՝ խոսքը ոչ այնքան ընտրություններին մասնակցած ոչ իշխանական թեկնածուների մասին է, որքան ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերի, առաջին հերթին` դրանց վերնախավերի:
ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չմասնակցելով ընտրություններին՝ ոչ միայն ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերի մեծ մասը համակարգված կամ կամայականորեն տրամադրեցին իշխանությանը, այլ նաև իրենց հետևողական քարոզչության/ հակաքարոզչության միջոցով՝ հասարակության մեջ սերմանեցին ընտրությունների` ոչ մրցակցային լինելու մասին անհեթեթ մտայնությունը:
Կարդացեք նաև
Այն դեպքում, երբ նրանց ակտիվ մասնակցության պարագայում իշխանությունն ընտրական հանձնաժողովներում չէր ունենալու մեծամասնություն: Եթե դրան գումարենք նաև վստահված անձերի առկայությունը, ապա ընտրակեղծիքների զգալի մասը հնարավոր էր լինելու կանխել: Սակայն իշխանության վերարտադրությունը հնարավոր դարձավ, առաջին հերթին՝ դրանց չմասնակցող ուժերի, առավելապես` Հայ ազգային կոնգրեսի հետևողական քարոզչության շնորհիվ: Քարոզչություն, որն ուղղված էր հասարակությանը վերջնականապես հիասթափեցնելուն և ընտրություններին մասնակցելուց զերծ պահելուն:
Այս մասին մենք բազմիցս ենք գրել նախընտրական քարոզարշավի ընթացքում, նաև դրանից առաջ: Փետրվարի 18-ին դա ապացուցվեց ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով: Ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանի «հաղթանակը» կերտեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, դաշնակցական կուսակցապետերը և նրանց կուրորեն հետևած ընտրազանգվածը:
«168 ԺԱՄ»
Բացարձակ ճշմարտություն է՝ Ձեր մեկնաբանությունը: