Լրահոս
Օրվա լրահոսը

Զգույշ և ուշադիր

Փետրվար 21,2013 10:15

Ինչու նաև իշխանական շրջանակների, որովհետև եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ տեղը իշխանության համար հաշվարկված էր, միևնույն է` զանգվածային ոգևորության պայմաններում հաշվարկները կարող են տեղի տալ բոլորովին նոր իրականության, եթե հանկարծ դրության տերը դառնա զանգվածը և սկսի թելադրել իրենը՝ ավանդական քաղաքականությունից դուրս: Իսկ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հանրային ոգևորություն կա, և այն նկատելիորեն գտնվում է աճման հունի մեջ: 

Ահա այդ իրողությունների պայմաններում թե իշխանության, թե ընդդիմադիր շրջանակների, թե անգամ քաղաքականությամբ քիչ հետաքրքրվողների և հետևողների համար թիվ մեկ հարցն է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի անելիքը: Դա առայժմ պարզ չէ: Կարող ենք միայն արձանագրել, որ «Ժառանգության» առաջնորդը արդեն իսկ արել է միարժեք հայտարարություններ, որոնք գոնե առաջիկայում նրան չեն թողնում նահանջի ճանապարհ: Խոսքը սեփական հաղթանակի մասին բարձրաձայնելու, մինչև վերջ գնալու, անգամ կյանքի գնով ժողովրդի հաղթանակին տեր կանգնելու մասին է: Այդ հայտարարությունները բավական պատասխանատու են, և պետք է հուսալ, որ առաջին հերթին Հովհաննիսյանն ինքը շատ լուրջ կվերաբերվի դրանց՝ արդեն ասվածին, արդեն իսկ սահմանված բարձր նշաձողերին և հետագա քայլերով չի հանգեցնի կտրուկ տատանումների: Դրանով Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը մի քանի օրում կարող է փոշիացնել ամեն ինչ:

Միևնույն ժամանակ, արված հայտարարությունների հետագա գեներացիան էլ, թերևս, պահանջում է զգուշավորություն, որովհետև նույնքան վտանգավոր է իրավիճակի գերագնահատումը և զուտ ոգևորության ալիքի վրա որոշումների կայացումը: Ոգևորությունը այս իրավիճակում չափազանց կարևոր գործոն է, և այն կա, սակայն որոշումները պետք է կայացվեն, այսպես ասած, փաթեթային հիմքով, այսինքն` ոչ միայն ոգևորության, այլ նաև հստակ ու սառը հաշվարկների ամբողջականությամբ: Պետք է արձանագրել նաև մի կարևոր բան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է խուսափել անձնապաշտության դրսևորումներից և հանրային էներգիան ուղղել Հայաստան, ոչ թե Րաֆֆի վանկարկումներին: Սա ներքին խառնվա՞ծք է, համոզո՞ւմ, թե՞ պարզապես տեխնոլոգիա` այս պահին այնքան էլ կարևոր չէ, որովհետև եթե հասարակական լսարանը, հանրահավաքի բազմությունը դաստիարակվի այդ մտածողությամբ, հետագայում հնարավոր կլինի խուսափել շատ անցանկալի և հանրայնորեն վտանգավոր երևույթներից:

Միևնույն ժամանակ, այդ իմաստով, ակնհայտ են նաև ռիսկերը Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատում, որտեղ ոգևորությունը կարծես թե որոշակիորեն առաջ է մղել էմոցիաները, որոնց զոհ կարող է դառնալ հանրահավաքային շարժման առանցքում պետության և հանրության, ոչ թե անձի արժեքը դնելու Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքը: Անելիքների շարքում դա շատ կարևոր է, այսինքն` շարժման հետագա ծավալման համար ձևավորել այնպիսի հասարակական հենք, որը զերծ կլինի կռապաշտական նկրտումներից և այդպիսով կախված չի լինի մեկ անձի վարքից, մտածողությունից և անձնական հավակնություններից, որքան էլ որ տվյալ դեպքում անձը կարևոր է որպես, այսպես ասած, շարժման ինֆորմացիոն առիթ:

Կոնկրետ գործողությունների և մարտավարության իմաստով արդեն անցել է երկու օր, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին չի հաջողվել հստակ մեսիջներ հաղորդել հասարակությանն ու նաև զարգացումներին հետևող քաղաքական ուժերին ու փորձագիտական հանրույթին: Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը չի շտապում գիտակցաբար, առաջնորդվելով այն մոտեցմամբ, որ քանի դեռ ոգևորությունն ու հետաքրքրությունն ինքնին առկա են, չարժե դրանք անմիջապես տեղավորել որևէ փաթեթի մեջ և կաշկանդել հետագա մանևրի հնարավորությունը:

Այստեղ, իհարկե, կարող են առաջանալ արդեն որոշակի կասկածներ: Այսինքն, եթե կա Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ այդպիսի մոտեցում՝ անշտապ զարգացման մարտավարություն, ապա դա, իհարկե, ռիսկային տակտիկա է: Բայց հավանական է նաև, որ «Ժառանգության» առաջնորդը իսկապես չունի հանրությանը ներկայացնելիք քիչ թե շատ որոշակի ռազմավարություն և առայժմ ինքն էլ փորձում է մինչև վերջ հասկանալ իրավիճակը, կողմնորոշվել, վերլուծել առկա իրադրության պատճառները, հնարավոր արդյունքներն ու հետևանքները ծանրութեթև անել: Ի վերջո, որևէ ռազմավարություն արդյունավետ է այն դեպքում, երբ այն մշակվել է հնարավորինս մեծ ինֆորմացիայի հիման վրա: Այստեղ էլ առաջանում են ռիսկեր, որ քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնորոշվում է, կարող է հմտորեն ապակողմնորոշվել այն հանրությունը, որը հավաքվում է նրա ռազմավարությանը ծանոթանալու և իր հերթին որոշում կայացնելու՝ միանում են դրան, դառնում են դրա հանրային հենքը, թե ոչ:

Կասկած չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներքո հավաքվող հասարակական զանգվածի ապակողմնորոշման ցանկություն ունեցողների պակաս չի լինի ամբողջ քաղաքական սպեկտրում, իսկ մեթոդներն էլ կարող են տարբեր լինել՝ ճակատայինից, մինչև պարտիզանական: Առայժմ, սակայն, վաղ է խոսել դրա մասին, քանի որ եթե անգամ կան նշույլներ, ապա բավարար չեն որոշակի գնահատականի կամ մեկնաբանության համար: Պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանի համար արժե արձանագրել ռիսկը և լինել ուշադիր: Իսկ հասարակությանն առայժմ մնում է շարունակել ուշադիր հետևել Րաֆֆի Հովհաննիսյանին, հետևել չափավոր ակտիվությամբ, այսինքն` մի կողմից ընդհանրապես դիտորդի դեր չստանձնել և ամեն ինչի որոշումը թողնել նրա ուսերին՝ ի վերջո նա հենց այդ հասարակության որոշումով է այսօր հայտնվել այդպիսի կարգավիճակում, բայց միևնույն ժամանակ նաև այդ ակտիվությունը չպետք է Հովհաննիսյանին դնի հոգեբանական ճնշումների առաջ և ստիպի կայացնել բացառապես պահի թելադրանքի տակ գծագրվող որոշումներ, որոնց միակ նպատակը կլինի բավարարել հասարակության այսրոպեական պահանջները:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Արամ Ամատունի

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728