Իռացիոնալ դաշտում վարունգները միշտ իռացիոնալ են աճում, այսինքն կարող են շիտակ աճել, կարող են կարմիր երկուշաբթի երեկոյան աճել, կամ սոլ մինորով որեւէ բան երգելով աճել, կարող են ներս աճել, կարող են չաճել, չես իմանա…
Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին արգելեցին թեկնածություն առաջադրել, արգելեցին թույլ տալ որեւէ մեկին ԲՀԿ-ից թեկնածություն առաջադրել եւ` պաշտպանել որեւէ մեկին, հետո, երբ պարզ դարձավ, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն թեկնածու չեն ունենալու, ակնհայտ եղավ, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հանրության 40 տոկոսը, իսկ իրական արդյունքներով` ավելի քան 60 տոկոսը թեկնածու չի ունենալու, Սերժ Սարգսյանին ու իր շտաբի ականավորներին թվաց, թե հրատենային նախապատրաստությունները բարեհաջող են անցել, քաղլիկբեզը լավ է աշխատել, հետախուզությունն ամեն ինչից տեղյակ է, մեդիան հսկվում է պատշաճ, դրսինները կտած են բավարար, էլ հարց չկա: Տպավորություն ունեմ նույնիսկ, որ այս դասավորությունը այնքան են բարեհաջող համարել, որ մտածել են, թե կարիք չունեն վարչական ռեսուրսը, բանակն ու կաշառքը շատ օգտագործել, բայց վերջին մոմենտին քոքվածները համոզել են, թե շեֆ, արի ֆուլ խաղանք եւ` ոչ մի ֆոռա: Հիմա, երեւի գլխներին են տալիս ու վայ անում, թե էդ ինչ ղալաթ արեցինք` հրահանգեցինք հավասար եթերաժամանակ տրամադրել բոլորին ու ինտերնետը չդանդաղեցրինք …
Հայաստանն իրենց ծածուկ շտաբային ժողովներում հայտնի բդեշխությունների սխեմաներով բաժան-բաժան էին արել, ամեն տարածքում, որը կարող էր ընտրատարածքը լինել, թաղը լինել, կամ մի քանի տեղամաս` մեկտեղ, բրիգադիրներ են նշանակվել` ըստ ազդեցությունների պատմական սխեմայի. որոշ տարածքներում` գործող համայնքապետերը, որոշ տեղերում` քրեականները, որոշ տարածքներում` նախկին, բայց պաշտոնի սպասող մարդիկ, մեծամասնական պատգամավորներ, իսկ ոստիկանները, վարչությունների պետերն ու մարզպետները` տարածքներում` ընդհանուր վարչական խթանիչ ու հսկիչ: Երեւանում մի քիչ այլ էր, ավելի շատ օլիգարխներ եւ թաղային քրեական խուրդա` ժելեած չոլկեքով, որոնց վրա իշխանությունը առաջին անգամ չէ, որ հենվում է:
Շեֆին սատարելու մրցավազքի պես մի բան էր ստացվել, մեկը մի տոկոս էր խոստանում, մյուսը ջանում էր ավելին անել: Ու մեկ էլ, պարզվեց, որ մի քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի կուսակցությունը խորհրադարանական ընտրություններում այնքան քիչ ձայներ էր հավաքել, որ կարող էր քաղաքական ուժ չհամարվել, հաղթում է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, էլի մի 20 քաղաքում ու բազմաթիվ գյուղերում, հիմնականում շոշափելի առավելությամբ: Երեւանում, իհարկե, պաշտոնական թվերով պարտվել է, բայց դժվար է մեկին գտնել, ով ավետարանի վրա երդվի ու ասի, թե հավատում է դրան: Տեղամասային արդյունքների տրամագծային հակասականությունը անուղղակի ապացույց է այն բանի, որ կեղծիքներն ու վարչական ռեսուրսի չարաշահումներն առավելապես հաջողվել են փոքր քյոխվայական տիրույթներում` սահմանամերձ, փոքր համայնքներ, գյուղեր, իսկ խոշորները, այս ընտրությամբ սկսեցին ելնել ավատատիրական լծի տակից: 5-10 տարի առաջվա կոչերը, թե` «փողը վերցրեք` ուրիշին քվեարկեք» ասես հենց հիմա տեղ հասան ու սկսեցին գործել աղքատությունից խելագարության հասած թշվառների համար: Սա կարող է ազատականացման լավ նախադեպ լինել հետագա ընտրությունների համար, փողը եւ ահաբեկությունները կարող է այս տարածքներում այլեւս չաշխատեն, եւ իմունիտետը տարածվի այլ տարածքների վրա եւս: Տեսական երկրորդ փուլի դեպքում ակնհայտորեն ավելի ազատ միջին քաղաքացի էինք ունենալու, քան փետրվարի 18-ին ունեցանք: Ռեժիմը մանթո է, սրտներին զարկես` արյուն չի գա, շամպայնը տխուր էր, սեւ սրտի մխիթարանք, հույ-բույ անենք` Րաֆֆին հուշտ լինի, գոնե: Չեղավ, չստացվեց, փաստորեն:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ Րաֆֆին «դժգոհության քվեն» տարավ, ինչպես եղել էր նաեւ այլ թեկնածուների պարագայում` նախկինում: Ապշելու է, թե ինչպես էին նախագահական շրջապատում այլ բան սպասում: Այդ քվեն մի տեղ գնալու՞ էր, թե՞ չէ: Ծառուկյանն էլ, եթե թեկնածու լիներ, գուցե իսկապես Սերժ Սարգսյանին վարչական ռեսուրսով ադմինով եւ քրեաօլիգարխիկով հաջողվեր առաջին տեղ ապահովել, սակայն ամենայն հավանականությամբ 50 տոկոսն էլի չէր անցնի:
Այս ընտրություններում արձանագրված եւ առայժմ հրապարակված օրինազանցությունների ծավալը ոչ մի կերպ թույլ չի տալիս լուրջ ընդունել Մուկուչյանի հրապարակած տվյալները, թե Ս.Սարգսյանը 22 տոկոսանոց առավելություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Այս պնդումներն այլեւս մարդկանց չեն զայրացնում, այլ միայն ժպիտ են հարուցում. ինչքան էլ ուզում է երիտները ֆեյսում ղժղժան:
Գյումրու օրինակը այնքան խայտառակ ապացույց է Հայաստանով մեկ իրականացված ընտարակեղծիքների, որ Բաղրամյան 26-ի տակ հեծող ԶԼՄ-ները սարսափում են տոկոսներին նայել կամ հրապարակել. Ր.Հովհաննիսյան` 42413 քվե (69,1%), Ս.Սարգսյան` 16405 (26,73%): Ինչպես կարող է մի երկրի երկրորդ, երրորդ չորրորդ եւ այլ քաղաքում այսպիսի կամ մոտավորապես այսպիսի արդյունքներ ունենալ, ու գյուղական բնակավայրերում` լրիվ հակառակ պատկերը, սա ֆանտոմ չէ, սա ուղղակի ընտրախախտումների եւ հատկապես կեղծիքների բոլոր հնարավոր գործիքների խորությամբ կիրառված արշավի արդյունք է մի կողմից ու զզված, ամեն ինչի վրա թքած քաղաքացիների տրամագծորեն իրար հակասող վարմունքների համադրություն` մյուս կողմից:
Գյումրիում 2008-ին Ս.Սարգսյանի օգտին հաշվվել է 27368 քվե, բոլոր թեկնածուների օգտին` 69904 քվե է եղել: Այս անգամ Ս.Սարգսյանի օգտին հաշվվել է 16405 քվե, բոլորի օգտին քվեարկել է 60950: Ուր գնացին քվեները Սերժ Սարգսյանի: Ասես ինչ-որ մեկը այստեղ կեղծել է հակառակ ուղղությամբ` թարս, ինչպես ասում են: Սակայն ակնհայտորեն Գյումրիում եղած բոլոր կեղծիքներն ու ճնշումները եղել են հենց իր օգտին, այստեղ քվեարկել են նաեւ զորամասեր` հրամանատարների աչալուրջ հսկողության ներքո, մարզպետ, կրթության վարչության պետ` ՀՀԿ մարզային պատասխանատու, պատգամավորներ, նախկին եւ ներկա քաղաքապետեր, մոբիլիզացրել են բոլոր հնարավոր ռեսուրսները, արդյունքում անմարդկային չարչարանքից հետո Ս.Սարգսյանը հաղթել է Գյումրու 81 տեղամասերից 5-ում միայն, այն էլ` 2-ը նախկին քաղաքապետի թաղում` Սլաբոդկա, 3-ը` պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ազդեցության գոտում` Ավզնոց եւ Մսի կոմբինատ թաղամասեր ու ավտոկայանի տնակային ավան: Մնացած 76 տեղամասերում Ս.Սարգսյանը հավաքելէ 2-4-ապատիկ նվազ քվե, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Ֆեոդալիզմը նահանջել ու մնացել է մի քանի պապական թաղերում փաստորեն: Հանեք ընդհանուր վարչական ռեսուրսը, բանակի քվեարկությունը, կաշառքը եւ էլի մի քանի հանցագործ մեխանիզմներ ու կռահեք, թե ինչպիսի իրական վարկ ունի Ս.Սարգսյանը Գյումրիում, մի մեծ շարք քաղաքային ու գյուղական բնակավայրերում` հինգ, յո՞թ, ու՞թ տոկոս: Բոլորն են ներսում եւ դրսում այս թվերը նայելիս հասկանում, որ սա սոսկալի բարոյական հարված է թեկնածուին: Պրագմատիկ քաղաքական գործչի համար, գուցե շախմատային պարտիա դառնա, մաքառի, խորամանկի, բայց փորձառու Ս.Սարգսյանի համար պիտի որ արդեն հասկանալի լինի, որ հիմա ինքն ավելի լեգիտիմ չէ քան 2008-ի ընտրություններից հետո, եթե անգամ 58 տոկոսի փոխարեն 52 կամ 90 տոկոս նկարեին: Եթե ինչ-որ հրաշքով այս անգամ էլ մարսի զանգվածային ընտրակեղծիքները, 5 տարի շարունակ իր տեղը չի գտնելու: Իսկ հրաշքը այս անգամ կարող է չլինել:
Սարգսյանը ինտենսիվ չարչարանքների մեջ է հիմա, թե տեսնես` ով է միանալու Հովհաննիսյանին, եւ ինչ անի, որ հնարավորիս քիչ միանան:
Հասկանալի է ԲՀԿ քողարկված դժգոհությունն ու խանդը այս արդյունքներից` իրենց գրեթե բոլոր ձայներն են գնացել Րաֆֆիին, իրենք մարդ ունենային` ինքը կստանար այդ քվեները, ԲՀԿ-ն իհարկե, պաշտոնական մակարդակում երբեք չի միանա, մինչեւ չզգա, որ հողը ցնցվում է Սերժի ոտքի տակ, իսկ ԲՀԿ հանրությունը իր քվեով վաղուց է միացել: Չի բացառվում, որ Ս.Սարգսյանը ստիպի ԲՀԿ առաջնորդին շուտափույթ ինչ-որ կոալիցիոն հայտարարություններ անել` կայունություն, ապահով զարգացում հիշատակելով, ու ԲՀԿ էսթաբլիշմենթը այլեւս դադարի այլընտրանքային` քաղաքագիտական տեսանկյունից անհասկանալի ուժ լինել ու դառնա նորից իշխանություն, սկսի յուրյանց հսկել, որ հանրահավաքների տեղերում չերեւան, ինչպես 25 տարի առաջ մեր դասախոսներն էին մեզնից պահանջում չգնալ Ազատության հրապարակ, բայց հետո տեսնելով, որ ճիշտը մեկն է` մեզնից 5 րոպե հետո հայտնվում էին այնտեղ:
ՀԱԿ-ը, որտեղ վերջին խոսքը առաջին նախագահինն է, մի կողմից երաշխիքների է սպասում այն բանի, որ Րաֆֆու արշավանքը ԱԽՔ-2 պրոյեկտ չէ, ինչը բնական է, շատերն են տարակուսում ու սպասում օբյեկտիվորեն հնարավոր երաշխիքների, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» քաղաքական վարքի անցյալի համատեքստում ավելի քան հստակ երաշիքներ են հարկավոր բոլորին, իսկ մյուս կողմից` որոշակի քաղաքայկան խանդով է նայում այս աննախադեպ պատմությանը: Բոլոր հիմքերը կան ասելու, որ ավազակապետությունից ազատվելու գերակայությունը բերելու է ՀԱԿ-ի կողմից այս համաժողովրդական դարձող շարժման սատարմանը: Նիկոլն արդեն փետրվարի 20-ին իր խոսքն ասաց, ու այդ խոսքը իր ու ՀԱԿ-ի համակիրների ջահելական էական զանգվածների է միավորում այս շարժմանը: Գրեթե բոլոր ոչիշխանական թեւերից սկսում են համագործակցության կոչեր հնչել ու սկսումէ թեւածել ջանքերի համադրման հրամայականը որպես մնացած կուսակցական, միջկուսակցական եւ լուսանցքային վեժերի վրա: Սա իսկապես նոր որակի զարգացման սկիզբ է:
Դաշնակցությունը մտածելու է մտածելու` հաշվելու է քաղաքական շահը, սփյուռքի վերաբերմունքը, շարքային անդամների պնդումները եւ վերջիվերջո միանալու է շարժմանը, եթե մինչեւ սրա հրապարակումը արդեն հայտարարած չլինեն միացման մասին:
Բացի այս ամենից, այս կամ այն կերպ շարժմանն սկսում են միանալ նվազ ազդեցիկ կուսակցություններ, քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ, հասարակական, մշակույթի գործիչներ, մտավորականներ, որոնց մի մասը զանազան պատճառներով չէր միանում ՀԱԿ-ի պայքարին: Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային` լիրիկական կերտվածքը քաղաքականության մեջ զարմացրել է շատերին, եւ վաղուց է զարմացրել, շատերը, որոնք սովոր էին այլ տիպի` ջղայն, կոշտ, որոշ իմաստով ցինիկ քաղաքական գործիչների վարքուբարքի, հիմա շոկ են տանում, երեւի նոր-նոր նկատելով, որ Հովհաննիսյանը իր քաղաքական վարքով գուցե փղի է նման` դանդաղ, ծանրումեծ, մինչեւ շարժվում է տեղից, սպանում` թողնում է, բայց, երբ սկսեց թափ հավաքել …: Գուցեւ սխալվում եմ, կտեսնենք:
Դժվարությամբ, բայց կարծես թե ուրվագծվում է ընդդիմադիր եւ քաղաքացիական բոլոր հնարավոր ուժերի դաշինքը Հայաստանում արդարության հաստատման համար, որի ընդամենը մի բաղարիչն է ազատ ու մաքուր ընտրությունը:
Հետգրություն.
Երեւան տանող ճանապարհները հիմնականում բաց էին փետրվարի 19-ին եւ 20-ին, տեսնենք ինչ կլինի, հենց սկսեցին պարապ ոստիկաններին քշել ճամփեքը հսկելու, ուրեմն վախը մտել է ծոցերը:
Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
էս նկարի միջի մարդկանց դեմքին նայելիս մի տեսակ ուժժժժժեղ սրտխառնոցցցցցց ու զզվանքքքքքք է առաջանում….. ոնց որ բոլորը իրենց շլլլլլլլանգի տեղ դրած լինեն`ծաղրելով ժողովրդի կամքը, ինտելեկտը,զգացմունքները, էմոցիան և նաև ապագան……ուֆֆֆֆֆ, մի ձեռք լիներ, վերցներ բոլորինննննննն աղբամանըըըըըըը նետեր` որակական առումով միակ իրենց համապատասխան տեղը
Միանշանակ համամիտ եմ: