Փաստաբանի պնդմամբ` նրա` հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը նախաքննական մարմինը հաշվի չի առնում
«Վանաձոր ՔԿՀ» կալանավոր Սլավիկ Մխիթարյանն այս տարվա փետրվարի 5-ից հացադուլ է հայտարարել:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ խուլիգանության մեջ մեղադրվող կալանավորը այս քայլով ընդվզում է իրեն վերագրված հանցանքի դեմ` բարձրաձայնելով, որ հանցագործություն չի կատարել:
Կարդացեք նաև
«Նա նշում է, որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ, ասում է, որ վերոնշյալ մեղադրանքների հետ կատարած արարք չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է հացադուլավոր Սլավիկ Մխիթարյանի փաստաբանը` Ալեքսանդր Ծատինյանը (լուսանկարում):
Նա տեղեկացնում է, որ իր պաշտպանյալի` մինչ օրս տված ցուցմունքների հետ կապված առերես հարցաքննություններ չեն իրականացվել, ինչը եւս հաստատում է նրա անմեղությունը. «Դա եւս ապացուցում է նրա անմեղությունը: Բացի այդ` մեղսագրվող երկու արարքների դեպքում էլ քննությունն իրականացնելիս անտեսել են, որ Սլավիկը հոգեկան հիվանդության պատճառով ազատվել է զինծառայությունից»,-ասում է փաստաբանը, հավելելով, որ կալանավորի վիճակը գնալով վատանում է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ