Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան մարդ է տեղավորում Ազատության հրապարակը

Փետրվար 20,2013 20:22
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր հաշվարկ է կատարել՝ ներկայացնելով իր տվյալները, թե որքան մարդ կարող է տեղավորվել Ազատության հրապարակում

«Սովետից սկսած լսում ենք, որ հանրահավաք անցկացնողների կարծիքով Ազատության հրապարակում այսքան մարդ կար, իսկ իշխանությունների կարծիքով` այնքան: Որքան մեծ է այդ երկու թվերի տարբերությունը, այնքան սուր են առկա կամ ակնկալվող քաղաքական առճակատումները:

Բերեք գոնե հաշվենք, թե ինչքան մարդ կարող է տեղավորել Ազատության հրապարակը: Գուգլից քաղած այս լուսանկարում ներքեւի ձախ անկյունում երեւում է մասշտաբը` այսքան չափը` 20 մ, ես սարքեցի 10 մետր կողով քառակուսիներ եւ վանդակացանցով ծածկեցի լուսանկարը: Ապա հաշվեցի ամբողջական վանդակների թիվը` 66 հատ ու ոչ լրիվ վանդակների թիվը` 23, խոսքը միայն կիսաշրջանաձեւ կամ լայն լուսնաձեւ ասֆալտածածկ հատվածի մասին է: Ստացվեց ընդամենը 7750 քառակուսի մետր:

Հանրահայտ է, որ հանրահավաքների ժամանակ հարթակին մոտ հատվածներում շատ ավելի խիտ են կանգնում մարդիկ, 1 քառակուսի մետրում 6-7 նույնիսկ 8 հոգի` իրար կիպ, հպված, միջին մասում` նվազ` մոտ 5 հոգի 1 քառակուսի մետրում, եզրերին կամ «լուսանցքային» մասերում ու նստարանների մոտ նոսր` 3-4 հոգի/1 քառ մետր:

Անշուշտ լինում են հանրահավաքներ, որոնց ժամանակ հարակից այգիների ու գազոնների հատվածներում էլ են մարդիկ հավաքվում: 88-ի փետրվարյան հանրահավաքների վերջում փետրվարի 25-26-ին, մարդկանց խտությունն այնքան մեծ էր, որ դադարեցվել էր երթեւեկությունը հարեւան Տերյան, Սայաթ-Նովա եւ Թումանյան փողոցներում, դա պարզ երեւում էր Տիկնիկայինի թիկունքի բարձրահարկերի կտուրներից, ուր թառում էինք լավ լուսանկարներ անելու համար:

Վերադառնալով հրապարակի «թողունակությանը»` միջին մոտավոր հաշվով 5-ական հոգի հաշվելով յուրաքանչյուր քառակուսի մետրում, դա այն թիվն է, երբ մարդիկ կարող են կանգնել իրար մոտ, սակայն առանց իրար դիպչելու, 7750 քառակուսի մետրում կարող են տեղավորվել 37-39 հազար մարդ: Մեծ խտության դեպքում` մինչեւ 42-45 հազար մարդ` միայն ասֆալտին:

Այսուհետ շատ հետաքրքիր կլինի, որ մարդաքանակ հայտնողները առաջիկա օրերին եւ այնուհետ դիտարկեն մարդկանց խտությունը, եւ առաջնորդվեն մարդ-մակերես սկզբունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շահեն says:

    Ժողովուրդ ախր գոյություն ունեն նորմալ հետազոտություններ, օրինակ https://en.wikipedia.org/wiki/Herbert_Jacobs

    որտեղից երևում է, որ ամենախիտ հավաքի ժամանակ 1մ2-ի վրա մարդկանց թիվը չի կարող գերազանցել 4,43-ի: Միջինում 2,4 մարդ եթե առանց խեղդոցի: Երևի այս հետազոտոթյան մեջ հաշվի է առնված, որ կանգնողները հայեր են և բերդ պարի սկզբունքով իրար գլխի կարող են 8 հոգի հավաքվեն::)))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728