Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Դաշնակցությանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը տալիս է շատերին հուզող հարցի պատասխանը
Րաֆֆի Հովհանիսյանը բլոգեր Իզաբելլա Աբգարյանին ներկայացրեց որպես ապագա պատգամավոր: Իզաբելլան կոչ արեց բոլորին համակարգիչները թողնել եւ գալ Ազատության հրապարակ:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «ժառանգությունը ուժեղ է, որովհետեւ ազատ է, ուժեղ է, որովհետեւ սխալվում է»:
Կարդացեք նաև
Մինչ Իզաբելլան, ելույթ ունեցան Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ իրեն այսօր բազմաթիվ մարդիկ հարցրել են եւ պատասխանը կտա հրապարակավ. «Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ շարքում կանգնող չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնող չէ»:
«Մի ամիս առաջ մեր ոգու ժայթքումից առաջ առաջին, թեկուզ համեստ թեկուզ փոքր կուսակցությունը, որ գիտակցեց ճանապարհի ճշմարտությունը, դա ՀԱՍԿ-ն էր»,-այսպես ներկայացրեց ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանին Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանն էլ կոչ արեց բոլորին համախմբվել Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը, որովհետեւ նա հայ ժողովրդին արժանի առաջնորդ է. «Պետք է օգնել նրան: Երկու պայման է պետք հաղթանակի համար՝ աննահանջ ժողովուրդ եւ աննահանջ առաջնորդ: Այսօր երկու պայմանն էլ ունենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ այլեւս չենք ունենալու քաղբանտարկյալներ, տիգրան առաքելյաններ. «Մեր արդարության, մեր ազգային արժեքների, մեր հեղափոխության նվիրյալը այստեղ է այսօր»,-այսպես նա ներկայացրեց Զարուհի Փոստանջյանին:
Տիկին Փոստանջյանը, շնորհավորելով ժողովրդին, խոսքն ուղղեց Սերժ Սարգսյանին. «Հարգելի Սերժ Սարգսյան, Բաղրամյան 26-ը երեկվանից ձեզ համար դարձրել եք ոչ թե նստավայր, այլ դարձրել եք բանտարկության վայր: Այսօր դուք չեկաք այստեղ, որովհետեւ դուք ձեզ բանտարկեցիք: Չեկաք այստեղ, ումի՞ց եք վախենում, վախենում եք ժողովրդի արդար քվեից: Սերժ Սարգսյան, դուք ինքներդ ձեզ մարմնավորել եք չարի մեջ: Դա լավ չէ: Չարը պետք է հեռու լինի, մանավանդ մարդուց: Այսօր մեզ անհրաժեշտ է բարություն: Դուք մեզ ստիպում եք գնալ չարի դեմ: Հանուն մեր երկրի, հանուն մեր երեխաների ապագայի մենք գնալու ենք հաղթանակի»:
Մի պապիկ հավաքվածների մեջից բարձր գոռաց. «Մեռնեմ ջիգյարիդ, քաջ ա, էէէէ՜, բա չէ՝ քնած մանուշակ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սպասում է եւ վստահ է, որ շուտով Դաշնակցությունը նույնպես կլինի հարթակում:
Հանրահավաքը շարունակվում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ