Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են աշխատել նախագահի թեկնածուներն օնլայն հարթակում

Փետրվար 20,2013 18:22

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրեց նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզչության փուլում( հունվարի  21-փետրվարի 16), լռության (փետրվարի 17) և քվեարկության( փետրվարի 18) օրերի ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցի ուսումնասիրության արդյունքները:

«Մենք դիտարկել ենք յոթ նախագահի թեկնածուների ֆեյսբուքյան էջերը,  քարոզարշավի ընթացքում հինգ առավել ռեյթինգային էլեկտրոնային լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը ,ինչպես նաև այս կամ այն քաղաքաքական ուժերի ակտիվ համակիրների էջերը»,-ասաց Լաուրա Բաղդասարյանը:

Բանախոսի փոխանցմամբ ֆեյսբուքյան ցանցում կային թեկնածուներ, ովքեր բացի պաշտոնական ֆեյսբուքյան էջերից ունեին նաև առանձին էջեր հատուկ քարոզչություն իրականացնելու համար, իսկ նախագահի թեկնածու  Արման Մելիքյանն ուներ նաև առանձին ֆեյսբուքյան խումբ. «ՀՀ նախագահը բացել էր պաշտոնական կայք հատուկ ընտրությունների համար, որն ուներ հետադարձ կապի հնարավորություն, սակայն թե քանի քաղաքացի էր հնարավորություն ունեցել հաղորդագրություններ ուղարկել և կապի մեջ եղել, ասել չենք կարող»:

Ըստ Բաղդասարյանի, ամենամեծ լսարանը ֆեյսբուքյան էջում քարոզարշավի վերջին ունեցել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, հավանողների թիվը հասնելով շուրջ 15հազարի:

Ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել է Պարույր Հայրիկյանը կարգավիճակների (ստատուս) միջոցով. «Առանց ստատուսների է աշխատել ֆեյսբուքյան իր էջում նախագահի թեկնածու Ադրիաս Ղուկասյանը, սա այն թեկնածուն է եղել, որ ընդհանրապես ստատուսներ չի գրել: Մեկ-երկու ստատուս էլ գրել է Արման Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում»:

Ինչ վերաբերում է լսարանի վերաբերմունքն իրենց գրառումներին, ապա ամենաակտիվ մասնակցությունն ունեցել են Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը իրենց ֆեյսբուքյան էջերում: Այս կամ այն թեմայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին ակտիվորեն մասնակցություն են ունեցել մեկնաբանությունների միջոցով:

Բանախոսը նշեց, որ  Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից հետո առանձնապես տարբերություն չի եղել իր ֆեյսբուքյան օգտատերերի քանակի վերաբերյալ. «Ֆեյսբուքյան էջերը թեկնածուներն օգտագործել են միմյանց հաղորդագրություններ և կոչեր հղելու համար»:

Մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք դիտարկել, որ ֆեյսբուք սոցիալական ցանցը լավագույն միջոցն է հանդիսացել կոչեր հնչեցնելու և առերեսումից խուսափելու համար, Բաղդասարյանը պատասխանեց.«Չէի ասի, թե խուսափեցին, պարզապես նրանք օգտվեցին ֆեյսբուքի տված հնարավորությունից»:

Տիկին Բաղդասարյանի հավաստմամբ՝ իրենք երկու շաբաթից հանդես կգան նոր ուսումնասիրությամբ, որն արդեն կվերաբերի հետընտրական շրաջանում տեղի ունեցող զարգացումներին օնլայն հարթակում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել