«Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին, բայց բրոնյա կանի Սերժ Սարգսյանը»,-այսպիսի հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ժամը 6-ը լրանալուց հետո:
Նրա խոսքերով՝ «Մենք պիտի սպասենք այստեղ մինչեւ վաղը ժամը 2-ը եւ իշխանափոխության արարողակարգը կատարենք այստեղ՝ հենց այստեղ՝ հրապարակավ, ձեր աչքի առաջ՝ Ազատության հրապարակում: Բանավեճ չստացվեց, ցավում եմ, բայց եթե կա տղամարդու խոսք, ես ակնկալում եմ, որ ինքը վաղը գա այստեղ: Ուզում է հարց ու պատասխան, ուզում է ընդունել ժողովրդի հաղթանակը, մենք պիտի մնանք այստեղ մինչեւ հաղթանակ»:
Կարապետ Ռուբինյանն էլ հայտարարեց, որ շնորհավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ այս փառահեղ հաղթանակի համար. «Ինձ համար Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն նախագահ է»: Նա խոսովանեց նաեւ իր սխալները. «Ես չէի պատկերացնում, որ մեր ժողովորդը այսքան դրական լիցք դեռ պահպանել է՝ ազատ, անկախ ժողովրդավարության նկատմամբ: Րաֆֆին, չկիսելով իմ եւ շատերի հոռետեսությունը, իր դռնեդուռ, փողոցե փողոց ընկած քարոզարշավով կարողացավ արթնացնել ժողովրդին եւ փառք ու պատիվ իրեն: Բայց հիմնական հերոսը դուք եք, իմ սիրելի ժողովուրդ, դուք եք, որ Րաֆֆիի հավաքներին թաքուն, թեկուզ պատշգամբներից նայելով մասնակցեցիք, քվեարկեցիք եւ ձեր վճռական «ոչ»-ը ասեցիք Սերժ Սարգսյանին: Այս օրերին բոլորիս անհանգստությունն է, թե Աստված, այս անգամ կհաջողենք, թե՞ չենք հաջողի: Դա կախված է բոլորից: Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ չի կարող ոչինչ անել, ինչքան էլ վճռական լինի, եթե չլինենք մենք վճռական: Այս պայքարը, որ հիմա վերածնում ենք, շարունակական պայքար է: Մենք պայքարել ենք շատ, ունեցել ենք քաղբանտարկյալներ: Սա մեկ անձի պայքար չի, ամբողջ ժողովրդի պայքարն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև