Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Գյումրին դիտեց գավառական մի քաղաք ու շատ սխալվեց»

Փետրվար 20,2013 18:06

ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատերը վերլուծում է Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում կրած պարտության պատճառները

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանն ասաց, որ «Ժառանգության» առաջնորդի հաղթանակը Շիրակի մարզում իր համար անսպասելի էր: «Ես կարծում էի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները կլինեն բավականին բարձր, բայց որ հաղթանակ պիտի տաներ, չէի սպասում»: Ըստ Վահան Խաչատրյանի, շիրակցիները շատ ճիշտ գնահատական են տվել Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս այս մարզին ու Գյումրիին վերաբերվում է որպես գավառական տեղանքի: «Շիրակի մարզի ազգաբնակչությունը միշտ դժգոհ է եղել իշխանություններից, սա է միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանը այստեղ պարտվեց: Եվ ես կարծում եմ, որ էդքան Րաֆֆի Հովհաննիսյանը չհաղթեց, որքան Սերժ Սարգսյանը պարտվեց: Այսինքն այդ ձայները բողոքի նշան էին իշխանություններին, որ 5 տարի շարունակ ոչ մի քայլ չեն արել ժողովրդին այս վիճակից հանելու համար»:

Մեր այն հարցին էլ` փաստորեն այս մարզի հայտնի տղամարդիկ` նախկին ոստիկանապետ, այժմյան մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նախկին քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանը, նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները, ովքեր միասին ջանադրաբար պայքարում էին Սերժ Սարգսյանի հաղթանակի համար, անզո՞ ր գտնվեցին ժողովրդի դեմ: «Միանշանակ, և պատճառը այն է , որ Սերժ Սարգսյանը, լինելով հին մտածելակերպի մարդ, դեռևս կոմունիստական շրջանի մտածելակերպ ունեցող մարդ, ինքը չի աշխատում ժողովրդի հետ, ինքը ծպտված, թաքուն, մեթոդներով է աշխատում: Ինքը աշխատում է ոչ թե ժողովրդի հետ, այլ ավելի շատ իմիտացիա է արվում դեմոկրատական երևալու համար: Հիմնականում աշխատում է միջազգային կազմակերպությունների համար` ցույց տալով, որ ինքը ավելի դեմոկրատ է, բաց քաղաքական գործիչ է: Իրականում Սերժ Սարգսյանը աշխատում է իր հետ կամ էն մարդկանց հետ, ում ինքը համարում է իր թիմը: Նորից եմ կրկնում, չի աշխատում ժողովրդի հետ, և այսօրվա ցուցանիշը բնական արդյունքն է ստեղծված իրավիճակի»: Հարցին` 5 տարվա մեջ նախագահության ընթացքում ի՞նչ պիտի աներ Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը, որ չարեց ու նման գնահատականի արժանացավ, մեր զրուցակիցն ասաց. «Շատ գործեր պետք է աներ, օրինակ`Շիրակ մարզում , Գյումրի քաղաքում բիզնեսմենները շատ ավելի ծանր վիճակում են աշխատում, քան Երևանում: Ես ունեմ շատ, շատ ընկերներ, որոնք որ թողել են Գյումրին ու գնացել են Երևան, էնտեղ են աշխատում:Եվ նրանցից շատերը մեզ ասում էին, որ եթե մնայինք, Գյումրիում մեզ կխեղդեին: Գյումրին դիտվել է որպես գավառական մի քաղաք, որտեղ երևանյան չինովնիկը կարող է աննախադեպ ինչ-որ քայլեր ձեռնարկել, հարկահավաքություն և այլն և այլն: Խնդիրն այն է, որ այն սիստեմը, որով կառավարվում է Հայաստանի Հանրապետությունը կոռումպացված է, և Գյումրու հարկայինի պետի վրա դրված է որոշակի պլան, որը ինքը պետք է ապահովի: Եթե քո թիկունքը, մեջքը Երևանում չէ, դու տուժած կլինես: Հիմնականում այն բիզնեսմենները, ովքեր որ Երևանում են աշխատում, էդ սիստեմի մեջ են, իրենք ունեն իրենց թիկունքը, իրենց տանիքը: Իսկ գյումրեցի բիզնեսմենները չունեն էդ տանիքը կամ ավելի թույլ է էդ տանիքը, դրա համար գյումրեցի բիզնեսմենները շատ ավելի տուժած են, քան Երևանի:Սա մասնավոր օրինակ է, ընդհանուր առմամբ եթե հեշտ լինի Գյումրիում գործ դնել և աշխատատեղեր ստեղծել, սա ավելի կթուլացնի ճգնաժամը Գյումրիում: Սա օրինակի համար եմ ասում, ցանկացած հարցի համար պիտի գնաս Երևան, որ էնտեղից ինչ-որ թուղթ հանես, գործ հոգաս: Սա վրդովեցնող է , շատ զայրացնող է ժողովրդին :Եվ այս ընտրությունների արդյունքները ժողովրդի համարժեք պատասխանն է իշխանության այդ գործելաոճին», -ասաց ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Ղարաբաղյան … պլանտացիաների հարցում էլ չունի* ներդրում;

  2. Maxim says:

    Հայաստանում,՝ առաջինը Գյումրեցու մոտ արթնացավ արժանապատվության զգացումը: Կեցցե,՝
    Գյումրին և Գյումրեցին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728