Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին միջազգային դիտորդների գնահատականները հիմնականում քաղաքական

Փետրվար 20,2013 17:09

ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականները հաճախ իրարամերժ էին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունները գնահատեց.«Մենք հասկանում ենք, որ մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց»: ICES-ի գնահատականն ավելի մեղմ էր:

Իսկ ինչպե՞ս են գնահատում տեղական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները արտասահմանցի գործընկերների աշխատանքն ու դիրքորոշումը: Այս մասին Aravot.am-ը զրուցեց հայաստանյան դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանն այս մասին ասաց. «Իրենց հաշվետվությունները բաղկացած են լինում երկու մասից: Մի մասում արձանագրում են այն, ինչ տեսել են: Այդ մասով հիմնականում արձանագրում են այն խնդիրները, որոնց մասին խոսել են նաև տեղական դիտորդները: Երկրորդը վերաբերում է քաղաքական եզրակացություններին, որտեղ ամեն անգամ խնդիր է առաջանում, թե նրանք հանդես են գալիս որպես քաղաքական գործիչնե՞ր, թե՞ դիտորդական առաքելություն են անում: Ամենամեծ խնդիրը, որ այս անգամ առաջացավ, այն է, որ եթե վերլուծաբաններն իրավունք ունեն խոսելու, ընտրությունները մրցակցային են , թե՝ ոչ, ապա միջազգային դիտորդը նման բան ասելու իրավունք չունի: Միջազգային դիտորդները քաղաքական եզրակացություններ են անում, որոնք հիմնված են իրենց պատկերացումների ու շահերի վրա, այլ ոչ թե զուտ դիտորդական առաքելություն են իրականացնում: Մեկ քայլ առաջը այլևս չի աշխատում, պառլամենտական ընտրությունների ժամանակ էլ չասացին: Քաղաքական հարցեր կան, օրինակ՝ կախված նրա հետ, որ ՀՀ-ն եվրաինտեգրման գծի վրա է: ԵԱՀԿ-ն քաղաքական կառույց է, Եվրոպական խորհուրդը՝ ևս և քաղաքական կառույցները տալիս են քաղաքական բնորոշումներ: Նույն կերպ ամերիկյան եզրակացությունն է: Ռուսներն էլ քաղաքական շահ ունեն: Չեն կարող ասել, որ ՀՀ-ում ընտրությունները վատ են անցել, քանի որ իրենք Ուզբեկստանին ասում են, որ լավ է անցել, որ հետո իրենց չմեղադրեն: Ուստի լեգիտիմության գնահատականը մենք պիտի տանք»:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանն էլ այս առիթով ասաց. «Դիտորդներին չեմ մեղադրում: Նրանք, երբ մտնում են ընտրատեղամաս, իրոք տեսնում են, որ ամեն ինչ կատարյալ է: Դրսից նորմալ է, հիսուն մետրի վրա ոչ մի կուտակում, ներսում խաղաղ: Իրենք ի՞նչ կիմանան, որ այդ հանձնաժողովի բոլոր անդամները միատարր մարդիկ են, որ այդտեղ աղմկող չկա: Խաղաղ ընտրություն է, իրենք ի՞նչ պիտի արձանագրեն: Այն ժամանակ մտնում էին, վստահված անձը կռիվ էր անում, հիմա ով կելներ կռիվ կաներ, որ իրենք էլ տեսնեին: Եթե քաղաքական կուսակցությունները չեն մտնում խաղի մեջ, ինչի՞ համար էր այս ընտրությունը: Դիտորդը քաղաքական ակտիվություն չունի: Մենք չենք կարող գտնել չեզոք մարդու, որ կռիվ անի: Բացի այդ, բոլորն իրար ճանաչում են, նախորդ անգամ մեր դիտորդներն ավելի ապահով էին, ասում էինք գնա «Բագավաճի» վստահված անձին ասա, նա կռիվ կտա: Այո, համամիտ եմ, որ այս ընտրությունները մրցակցային չէին: Երբ տարածաշրջանում կարող էին հատուկենտ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք, փոխարենը՝ յուրաքանչյուր տեղում չորս անգամ գրանցված վստահված անձ ունենար Սերժ Սարգսյանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728