Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, չնայած այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հայտնի է «Լեդի Հակոբ» մականունով) եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն է: Արսեն Առուշանյանը 2007 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Մալաթիա համայնքի հանգուցյալ ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար:
Այդ գործի դատավճիռը, որը կայացվել էր 2007 թվականին՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ դարձյալ, այսօր մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց, որ դրվի Ստեփան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում: Պատճառն այն էր, որ Ստեփան Հակոբյանի քրեական գործում առկա է եղել Արսեն Առուշանյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը: Դատարանը սա համարեց քննիչի թերությունը:
Ի դեպ, Արսեն Առուշանյանի դատավճռում, որը պահանջեց հետազոտել եւ հրապարակել Ստեփանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, ընդամենը մի նախադասություն կար, որը վերաբերում էր իր պաշտպանյալին: Դա էր պատճառը, որ Երեմ Սարգսյանը, հրապարակվելուց հետո, հարցրեց. «Ինչո՞ւ է այս դատավճիռը ապացույց ճանաչվում: Գոնե երկու տողով բացատրեք: Ի՞նչ փաստեր հաստատվեց, դատավճիռն ի՞նչ կապ ունի: Այս դատավճռով դատապարտվել են Արսեն Առուշանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լուսինե Ղեւոնդյանը: Ի՞նչ առնչություն ունի իմ պաշտպանյալը: Եթե դատարանը դեռ 2007-ին հաստատված է համարել իմ պաշտպանյալի մեղքը, դա նշանակում է, որ դատարանը «հեռակա» դատապարտել է նրան, քանի որ Ստեփան Հակոբյանի «դատավճիռը» կայացվել է առանց նրա: Դատարանը հաստատված է համարել, որ Ստեփանը 2007-ին դրդել է Արսենին, որ նա սպանի Զատիկյանին: Իսկ եթե այս դատարանն ասի՝ սխա՞լ է: Ոնց է որոշվելու: Չի կարելի մեղադրական թեքում ունեցող դատավճիռը համարել ապացույց»:
Պաշտպանի կարծիքով, անթույլատրելի ապացույցով արդար դատաքննության սկզբունքն է նաեւ խախտվում:
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանի զայրույթի առարկա դարձավ նաեւ հեռախոսային խոսակցությունների, գաղտնալսումների վերծանումների հետազոտումը:
Նա հղում արեց այս գործով նախաքննությունն իրականացրած քննիչի գրություններին, որոնք ուղարկվել են «ԱրմենՏել» եւ «ՎիվաՍել» ընկերությունների տնօրեններին: Մի դեպքում, քննիչը գրել էր «անհրաժեշտությունից ելնելով խնդրում եմ տրամադրել», մյուս դեպքում էլ գրել էր, թե քրեական գործի համար անհրաժեշտ են մուտքային եւ ելքային խոսակցությունները, դրանց վերծանումները: Ընդ որում՝ գործից բացակայում էին դատարանի՝ գաղտնիությունը սահմանափակելու մասին որոշումները:
«ԱրմենՏելի» եւ «ՎիվաՍելի» կողմից տրամադրվել են բաժանորդների հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ «ի պատասխան ձեր գրության» հղումով: Ի դեպ, Երեմ Սարգսյանը մեջբերեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը, համաձայն որի, հեռախոսային խոսակցությունների մուտքային եւ ելքային համարների վերծանումները պետք է իրականացվեն սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ, նաեւ՝ կասկածյալի եւ մեղադրյալի դեպքում: Մինչդեռ, ըստ նրա, իր պաշտպանյալն այդ ժամանակ իրավական կարգավիճակ չի ունեցել: Այդ կապակցությամբ էլ կար բացթողում:
Պաշտպանի միջոցով դատարանում հետազոտվեցին Ստեփան Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին քննիչի որոշումները՝ սկսած 2006թ. հոկտեմբերի 30-ից մինչ 2007թ. սեպտեմբերի 1-ը: Երկու ամիսը մեկ քննիչը երկարացրել է կալանքի ժամկետը: Սակայն դրանից հետո չկար մի որոշում նախաքննության ժամկետը երկարացնելու մասին: Անգամ քրեական գործը կասեցնելու մասին որոշում չկար: Դա, ըստ պաշտպանի, նշանակում էր, որ դրանից հետո կատարված քննչական գործողությունները օրենքից դուրս են կատարվել:
Այսօր քաղհայցից հրաժարվեց Սեդրակ Զատիկյանի իրավահաջորդը՝ մորեղբոր որդին, իսկ պատժի հետ կապված հայտնեց, թե հանդես կգա հետագայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ