Ռիմա Առաքելյանի խոսքով` հասարակությանը պետք է հիշեցնել հայրենիքի համար զոհվածների մասին
«Արցախյան շարժումը իրականում 1965թ-ին է սկսվել, երբ մեծ ցույցեր եւ խմորումներ էին տեղի ունենում: Խնդրի հիմքը Անդրկովկասյան ղեկավարության որոշումն էր, որով Արցախը բռնակցվեց Արդբեջանին: 1921թ-ից ծագող այս խնդիրը վերջնական հանգուցալուծում ստացավ 1988թ. փետրվարի 20-ին, երբ Երեւանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Պետականության մասին խոսք լիներ չէր կարող, որովհետեւ Հայաստանը պետականություն չուներ, բայց Հայաստանի անկախացման խթան հանդիսացավ Արցախյան շարժումը: Դեռ այդ ժամանակ հրամանատար Լոենիդ Ազգալդյանը հեռացավ հանրահավաքներից` ասելով, որ պայքարը զինված պայքարի պետք է վերածվի»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց Արցախյան ազատամարտի մահապարտների ջոկատի մարտիկ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«1987թ-ից ուսումնասիրել եմ Նժդեհի ուսմունքը: Ինչպես նա էր ասում, հայրենիքը չեն սիրում օրվա ռեժիմի համար, այնպես որ` հայրենիքի համար ոտքի ելնելը եւ զենք վերցնելը ոչ մի բանի հետ կապ չունի: Իրական մարտիկներն անում են այն, ինչ այդ պահին հայրենիքն է պահանջում: Հրամանատարս` Թամանյանը, երբ վերադարձավ, եւ նրան բարձր պաշտոն առաջարկեցին, հրաժարվեց ու ասաց, որ ինքը գիտություն է վերադառնում, եւ յուրաքանչյուր հայ մտավորական պետք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը կզգան»,- հավելեց Գինոսյանը:
Նրա խոսքով. «Կարինը» ղեկավարելու մեջ ավելի մեծ առաքելություն եմ տեսնում: Գրեթե 50 «մահացած» պար ենք բարձրացրել, որից 15-ը` ռազմապար: Իշխանությունները սկսել են հետաքրքրվել դրանցով»:
Կարդացեք նաև
«Անհայտ կորած ազատամարտիկների» հ/կ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը նշեց, որ դիտել է Արցախյան շարժման 25-ամյակին` Արցախում կազմակերպված միջոցառումները. «Զարմացել էի, թե ինչ ուրախություն էր հորդում դրանց ժամանակ: Դա նշանակում է, որ բոլորը միահամուռ ուրախ են, որ անջատվել են Ադրբեջանից: Մենք տեսանք, որ Արցախն անելիք չունի Ադրբեջանի կազմում»:
Անհայտ կորած ազատամարտիկի մայրը փաստեց, որ պատերազմի հետեւանքով գերիներ եւ անհայտ կորածներ ունեցանք. «Մենք թանկ ենք վճարել անկախության համար: Այն մարդիկ, ովքեր կամավոր գնացին եւ ջոկատներ կազմեցին, մարտիրոսներ են: Մենք չպետք է մոռանանք նրանց: Հասարակությանը անհրաժեշտ է հիշեցնել, որ մեր տղաները հայրենասեր են: Հիմա այնպիսի թշնամու մոտ են գտնվում, որ միշտ ոտքի վրա պետք է մնանք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ