Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անենք, չոքենք ներողությո՞ւն խնդրենք»,- դպրոցի տնօրենը՝ դասի ժամին ընկնելու հետեւանքով վիրահատության ենթարկված երեխայի մասին

Փետրվար 20,2013 16:28

Երեկ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցում

ֆիզկուլտուրայի ժամին ուսուցիչը՝ Հրանտ Գալստյանը, 12-ամյա Մարիամ Ասլանյանին ստիպել է թռչել «այծիկի» վրայով: Երեխան ասել է, որ չի կարող, որովհետեւ լավ չի զգում իրեն, սակայն ուսուցիչն ստիպել է նրան, ինչի արդյունքում երեխան թռել է, գլուխը պտտվել է՝ վայր ընկել ու թեւը կոտրել:

12-ամյա աղջնակի մորաքույրը՝ Հայկուշը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխայի ընկնելուց հետո, Մարիամին տարել են դպրոցի բուժքրոջ մոտ, նա էլ իբրեւ թե ստուգելով, ասել է, թե ոչինչ չկա, երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, հարկավոր է ընդամենը դասղեկին՝ Անի Մկրտչյանին տեղեկացնել: Վերջիններն այդպես էլ արել են ու Մարիամին ուղարկել տուն:

«Զանգեցին ասացին, որ երեխան «այծիկից» ընկել է, ուղարկում ենք տուն, ասացի հո վտանգավոր բան չկա՞, ասացին չէ: Երեխային դրել են տաքսու մեջ, ուղարկել, նա այնքան վատ էր իրեն զգում, որ տաքսուց իջնելուն պես, ծանր պայուսակն էլ ձեռքը, ուշաթափվեց: Երբ զանգեցին, ասացին, որ երեխան ընկել է, ժամը երեքն էր, ես անմիջապես զանգեցի պոլիկլինիկա, որ բժիշկը չգնա, քանի որ այնտեղ կարճ են աշխատում, խնդրեցի սպասել, հետո երեխային նայելով, այնտեղ բժիշկը նկարեց, ասաց, որ լուրջ կոտրվածք է ստացել ու հանգույցներ են կոտրվել, մեզ ուղեգիր տվեց ու գնացինք Էջմիածնի հիվանդանոց: Այնտեղ հրաժարվեցին որեւէ բան անել, ռիսկի չգնացին եւ ուղարկեցին Երեւան: Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում բժիշկը զննեց ու զարմացավ, որ այդ վիճակում կարողացել ենք Էջմիածնից Երեւան հասցնել: Կոտրվածքը արմունկի մասում է: Երեկոյան ժամը ութին երեխան վիրահատվել է, նա բավականին երկար բուժման կուրս պիտի անցնի: Այսքանից հետո, ուսուցիչը, դասղեկը չեն էլ հետաքրքրվում, կամ անհանգստանում, եւ ոչ էլ այցելել են երեխային տեսության»,- դպրոցում տեղի ունեցածը նկարագրեց Հայկուշը:

Նրա խոսքով, տնօրենը տեղյակ լինելով կատարվածի մասին, ոչինչ չի ասել, իսկ երբ այսօր ինքը գնացել է դպրոց, դեռ մի բան էլ իրենց են մեղադրել, որ զանգել են, ասել՝ երեխան ընկել է, հարազատները չեն գնացել. «12 տարեկան երեխային հանգիստ խղճով դրել տաքսին ուղարկել են ու իմ բարձրացրած աղմուկից հետո փոխանակ ուսուցչին նկատողություն տա, տնօրենն ասում է՝ դե որ այդպես է, ձեր երեխային դպրոցից կհանեք»,- ասաց Հայկուշը, նշելով, որ

վիրահատությունը բավականին թանկ է, չնայած իրենք ծախսերը հոգացել են, ու իրենց չի հետաքրքրում ֆինանսական աջակցությունը: «Մեզ բարոյական աջակցությունն էր հետաքրքրում, բայց դեռ մի բան էլ մեղադրում են…»:

Հայկուշի փոխանցմամբ՝ ինքը կատարվածի մասին տեղեկացրել է նաեւ Արմավիրի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանին ու ըստ նրա՝ եթե միջոցներ ձեռք չառնեն, գնալու է մինչեւ վարչապետ:

Կապվեցինք նաեւ դպրոցի տնօրեն Արուս Մուրադյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե ուսուցիչը երեխային չի ստիպել թռնել. «Երեխան օրենքով սահմանված կարգով անցնում է նորմատիվ: Նորմատիվ անցնելու ժամանակ առաջինը նորմալ թռել է, երկրորդ անգամ թռնելիս ընկել է թեւի վրա, ուսուցիչը չի հասցրել բռնել: Երեխան չի զգուշացրել, որ իրեն լավ չի զգում, պարզապես ասել է՝ կլինի՞ չթռնեմ, ուսուցիչն էլ ասել է՝ պիտի թռնես, որ գնահատական ստանաս: Դա գործնական աշխատանք է, որը երեխան պիտի հանձնի: Սրա մեջ միտում չկա: Եթե ուսուցչի կողմից սխալ բան կատարված լիներ, ես ինքս կպատժեի նրան: Դպրոցի բուժքույրը նայելով երեխային, շարժել է թեւը, հարցրել՝ ցավու՞մ է, թե՞ ոչ, երեխան ասել է՝ ոչ: Արտաքինից ոչ մի բան չի երեւացել, բուժքույրն ի՞նչ անի, հո ռենտգեն ապարատ չի՞: Զանգել ենք նրանց տուն, խոսել մորաքրոջ հետ, ապա երեխային ուղարկել տուն, իսկ դրա մեջ վատ բան չկա: Երեկ ամբողջ օրը ուսուցիչները կապի մեջ են եղել նրա մոր հետ, մենք տեղեկացել ենք, որ նրան տեղափոխում են Երեւան, դասղեկն ասել է, որ ուզում ենք գալ, մայրն ասել է՝ արդեն լավ է: Ես նույնիսկ դասղեկին ասել եմ, գնացեք հարցրեք, եթե օգնելու կարիք կա, մենք ուսուցիչներով պատրաստ ենք աջակցելու: Ի վերջո, մեր դպրոցում է դեպքը եղել: Ես նույնիսկ Հայկուշի մոր հետ եմ խոսել, որն ինձ վիրավորել է, հիմա ի՞նչ անենք, դեպք է՝ կատարվել է, չոքենք ներողությո՞ւն խնդրենք: Մորաքույրը եկել, վիրավորում էր ուսուցիչներին, ֆիզկուլտուրայի ուսուցչին ասելով, որ քո արածը այլանդակություն է, բուժքրոջն ասաց, որ իր պարտականությունը չի կատարել, ասաց նաեւ, որ այլանդակ դպրոց է: Ես չեմ կարծում, որ մեր դպրոցում կատարվել է մի բան, որը կարելի է անվանել այլանդակություն, դրա համար էլ ասացի, եթե այլանդակ դպրոց է, ձեր երեխային տեղափոխեք մեկ այլ դպրոց»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728