«Մեր դավաճան պապերի կորցրած հողը մեր որդիների արյամբ հետ բերեցինք»:
Այսօր լրանում է Արցախյան շարժման 25- ամյակը:
Արցախյան շարժման 25- ամյակի առթիվ իր խոսքը հնչեցրեց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շանյանը (լուսանկարում) , ինչպես նաև պատմաբան Գևորգ Մելքոնյանը և միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը:
Զարիկ մայրիկը իր խոսքը սկսեց գոհունակության բառերով. «Շատ ուրախ եմ մեր երիտասարդներով, հպարտ եմ, որ Արցախյան շարժման 25-ամյակի արդյունքներն եք, մեր կորցրած որդիների ժառանգները: Հույս ունեմ, որ հետագայում մեր՝ օտարի ոտքի տակ տնքացող ծովից ծով Հայաստանը հետ կբերեք ձեր գիտակցությամբ»:
Կարդացեք նաև
Այնուհետև նա վերհիշեց այդ տարիները, թե ինչպես հայ ազգի որդիները իրենց արյան գնով աշխարհի խոշոր տերություններին ապացուցեցին, որ իրենք հայ են, կան և կմնան:
«Մեր դավաճան պապերի կորցրած հողը մեր որդիների արյամբ հետ բերեցինք»,-ասաց Զարիկ մայրիկը:
Նա նաև վերհիշեց, թե ինչպես 1988-ին միջանցքում որդին ոնց հայտարարեց.
«Քո մահը անգամ ինձ հետ չի պահի: Քեզանից թանկն էլ կա, դա իմ ազգն է»:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց, որ Արցախյան շարժումը հայ ժողովրդի ամենափառապանծ էջերից է, քանի որ ոչ միայն ունեցանք Արցախյան շարժում, այլ դրա արդյունքում ունեցանք ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նա նաև ասաց, որ դեռևս 1965թ.-ին արդեն կար Արցախյան շարժման միտումը և 1988-ի շարժումը պատահական չէր, այլ ժողովրդի, այսպես ասած, տասնամյակներով սպասված իղձերի արտահայտումն էր:
Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն էլ ավելացրեց, որ այն տղաները, ովքեր նվիրաբերեցին իրենց կյանքը, հերոսներ են և դա առավելագույնն էր, ինչ նրանք կարող էին տալ: Արցախի ինքնորոշումը այլևս փաստ է, և 25 տարին ավելի քան բավական է, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի դա:
Այն հարցին, թե ինչպես է միջազգայնագետը տեսնում Արցախյան հարցի կարգավորումը, նա պատասխանեց, որ կարգավորման հիմք տեսնում է միայն ՀՀ-ի բանակցային գործընթացից դուրս գալը և բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավվածությունը:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ