Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Գրքի բանկ» ծրագիրը

Փետրվար 20,2013 16:00

«Այս տարի թանգարաններ այցելողների մոտ նկատում եմ անտարբերություն, պասիվություն: Հիմնական այցելուները դպրոցականներն են, թանգարան այցելելը, գրողներին, արվեստագետներին ճանաչելը, մեծ առաքելություն է: Տոմսի փոխարեն գիրք նվիրելով, մենք եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ գիրքը մեր կյանքում մեծ նշանակություն ունի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Միքայելյանը:

Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու համաշխարհային օրվա առթիվ մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը: Նախաձեռնության շրջանակում փետրվարի 19-23-ը բոլոր ցանկացողները կարող են անվճար այցելել Երեւանի 20 թանգարաններ` մուտքի տոմսի փոխարեն նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: Ծրագրի նպատակն է ամրապնդել գիրք նվիրելու եւ կարդալու մշակույթը Հայաստանում, հասարակությանը մասնակից դարձնել համայնքային զարգացմանը, ինչպես նաեւ աջակցել համայնքային գրադարաններին:

«Գրքի բանկ» -ին նվիրված բոլոր գրքերը փոխանցվելու են Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի համայնքային գրադարաններին:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով, միջոցառումը նպաստում է ընթերցանության խթանմանը եւ մշակութային հաստատություններ այցելելուն.

«Շատ ընթերցողներ ստանում են իրենց հետաքրքրող արժեքավոր գրքերը, նրանք նաեւ նվիրում են իրենց շատ սիրելի գրքերը մյուս ընթերցողներին: Սա լավ նախադեպ է ստեղծել, նույն ձեւաչափով բազմաթիվ կառույցներ այս ակցիայից օգտվում են: Եթե նախաձեռնությունը առողջ է, ապա դառնում է վարակիչ մյուսների համար»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728