Բաց նամակ ուղղված ՀՀ Նախագահին և վարչապետին
Մեծարգո՛ պարոն Նախագահ, մեծարգո՛ պարոն Վարչապետ,
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամների, իրավապաշտպանների և Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության ենթարկված բազմաթիվ կանանց անունից ձեզ ենք ուղղում այս բաց նամակը, որպեսզի արտահայտենք մեր խորին հիասթափությունը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չընդունելու խնդրի կապակցությամբ:
Ինչպես դուք տեղյակ եք և ինչպես նշված է ներկայացված օրենքի նախագծում, ընտանեկան բռնությունը տարածված և լուրջ խնդիր է համարվում Հայաստանում: Ընտանեկան բռնությունն ունի ուղիղ և լուրջ ազդեցություն մեր հասարակության, հատկապես կանանց և երեխաների վրա: Միայն անցած տարվա ընթացքում հինգ կին մահացել է ընտանեկան բռնության պատճառով՝ առանց մայրական խնամքի թողնելով ավելի քան 12 մանկահասակ երեխա: Ի հավելումն սրան՝ ընտանեկան բռնությունից հազարավոր տուժածներ դիմել են տարբեր հասարակական կազմակերպությունների` աջակցություն և պաշտպանություն ստանալու համար: Այնուամենայնիվ, ՀՀ Կառավարությունը, այդ թվում` պետական և քաղաքական գործիչները, դեռևս պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում այս հրատապ խնդրի նկատմամբ:
Կարդացեք նաև
Ըստ Amnesty international-ի 2008թ.–ի սոցհարցման և ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան հիմնադրամի (UNFPA) վիճակագրական հետազոտությունների՝ կանանց 25%-ը ընտանեկան բռնության զոհ է դառնում, որոնց մեծ մասը զուրկ է խնդրի լուծման և վերականգնման համար արդյունավետ աջակցություն ստանալու հնարավորություներից: Ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների՝ անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության 766 դեպք է գրանցվել, որոնցից 621-ն ուղղված է եղել իգական սեռի ներկայացուցիչների դեմ, 145-ը` արական սեռի ներկայացուցիչների, իսկ անչափահասների դեմ ընտանիքում բռնության 15 դեպք է գրանցվել, ինչպես հայտնեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նախորդ տարիների համեմատ գրանցված դեպքերի քանակն ավելացել է, սակայն չի կարելի ասել, որ դրանց թիվն աճել է: Չնայած տարբեր կազմակերպությունների (այդ թվում` ԵՄ–ի, ԵԱՀԿ–ի և ՄԱԿ–ի) կողմից խնդրի հրատապության վերաբերյալ կատարած նախազգուշացումներին՝ Կառավարության ջանքերն այս խնդրի լուծման հարցում դեռևս մնում են անբավարար:
«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մշակումն ու զարգացումը ցույց տվեց քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և տեղական իշխանությունների անկեղծ և իրական ջանքերը՝ ուղղված մի ազգային օրենքի նախագծի ներկայացմանը, որն առաջին անգամ և ընդգրկուն կերպով կներկայացնի ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում: Մի քանի տարիների ընթացքում ՀՀ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները և տեղական ՀԿ – ները կատարել են խորհրդատվական աշխատանքներ՝ ուսումնասիրելով և մշակելով օրենքի այս նախագիծը:
Հիմք ընդունելով Կառավարության ներկայացուցիչների բազմաթիվ հավաստիացումները՝ մենք ակնկալում էինք, որ օրինագիծը Կառավարության կողմից անհրաժեշտ վերանայման կենթարկվեր, կկատարվեին կառուցողական առաջարկներ, որպեսզի օրինագիծը ներկայացվեր Ազգային Ժողով հաստատման համար:
Այսպիսով, բոլորիս համար շատ զարմանալի էր, որ օրինագծի սկզբնական քննարկումից հետո Կառավարությունն այն մերժեց՝ հենվելով որոշ տարրերի վրա, որոնք հակասում են Սահմանադրական և Քրեական իրավունքներին: Ենթադրվում էր, որ Կառավարությունը պետք է տար համապատասխան հանձնարարականներ և բարելավեր օրենքի նախագիծը՝ այն ամբողջությամբ մերժելու փոխարեն: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված վերլուծությունների և Կառավարության ներկայացուցչուհու՝ Աստղիկ Միրզախանյակի կողմից արված մոլորեցնող բացատրություններից հետո միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունն անում էր ամեն ինչ օրենքի նախագիծը մերժելու համար:
Արդարադատության նախարարության կողմից արված առաջարկության համաձայն` պետք է բարեփոխումներ իրականացվեն առկա Քրեական օրենսգրքում: Այնուամենայնիվ, սա ընդունելի կլիներ միայն այնպիսի երկրներում, որտեղ առկա են համապատասխան մեխանիզմներ և ենթակառուցվածքներ տուժածներին հետագա օգնություն ցույց տալու համար: ՀՀ Կառավարության որոշումն ապացուցում է, որ չկա հստակ պատկերացում ընտանեկան բռնության մասին, որովհետև գենդերային կամ ատելության հիմքով բռնությունները եզակի են և չեն տեղավորվում քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության շրջանակներում:
Օրենքի նախագծի ընդունումը հետաձգելով` մենք կորցնում ենք շատ թանկարժեք ժամանակ և անմեղ մարդկանց բազմաթիվ կյանքեր, ինչպես նաև ծանրացվում է Կառավարության վրա դրված բեռը, որովհետև ընտանեկան բռնությունը հանրային առողջության և տնտեսության հետ կապված լուրջ խնդիր է: Մենք վճռականորեն կոչ ենք անում Կառավարությանը` հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտականությունների իրականացումը, որոնք արտահայտված են վերջին տարիներին ՀՀ–ի կողմից վավերացված միջազգային տարբեր կոնվենցիաներում:
Հիշեցնում ենք ձեզ, որ 1992թ–ին Կառավարությունը վավերացրել է Կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների վերացման կոնվենցիան(CEDAW)` երկրում գենդերային հավասարության խնդիրներին անդրադառնալու համար: Ի հավելումն սրան` վարչապետի հրամանագրով 2011թ–ին Հայաստանում ստեղծվեց միչգերատեսչական հանձնաժողով ընտանեկան բռնության դեմ պայքարի համար: Հանձնաժողովում գտնվող Կառավարության և հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարության հսկողության ներքո հաստատեցին Ազգային գործողությունների ծրագիր 2011-2015 թթ–ի համար, որտեղ նշված էր, որ դրա կարևորագույն նպատակներից է համարվում մինչև 2013թ–ը «Ընտանեկան բռնության մասին» առանձին օրենքի ընդունումը:
Ինչպես նաև, վերջերս ՀՀ Կառավարությունը վավերացրել է Ազգային ռազմավարության փաստաթուղթ՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այս փաստաթղթի հոդված 42.2–ում հստակ նշված է` ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի մշակումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, և այն սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը, (հ. 159 – 29, 2012թ., հոկտեմբեր):
Չնայած Կառավարությունը վավերացրել է այս և մի շարք այլ համաձայնագրեր՝ վերջինիս ձգտումը` ուղղված համաձայնագրերում առկա պարտականություննրի կատարմանը, եղել է անբավարար:
Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները շատ ջանքեր են ներդրել, որպեսզի օգնեն ՀՀ Կառավարությանը` տեսնելու ոլորտում իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները՝ առաջարկելով միջոցներ և փորձաքննություններ: «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մշակումը մեկն է նմանատիպ ջանքերից` աջակցելու Կառավարությանն իրականացնելու իր ստանձնած պարտավորությունները:
Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ. սա ազգային խնդիր է` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Չկարողանալով ընդունել այս կարևոր օրենքը՝ Կառավարությունը հստակ ուղերձ հղեց հայ հասարակությանը և ողջ աշխարհին, որ ընտանեկան բռնության կանխումը ցածր առաջնահերթության խնդիր է համարվում Հայաստանում և որ չկա այդ հիմնախնդրի լուծման համար բավարար քաղաքական կամք:
Այս նամակի միջոցով մենք ևս մեկ անգամ ձեզ ենք փոխանցում մեր հիասթափությունը և մտահոգվածությունն այս խնդրով և կոչ ենք անում իրականացնել Կառավարության կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք նաև ակնկալում ենք կոնկրետ քայլեր՝ ուղղված օրենքի բարեփոխումներին և ընդունմանը՝ Քրեական օրենսգիրք ինտեգրելու փոխարեն: Մեր Կոալիցիան, վայելելով թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի քաղաքացիական հասարակության աջակցությունը, կշարունակի իր գործունեությունը՝ ուղղված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընդունմանը:
Այս գործընթացը շարունակելու նպատակով մենք պահանջում ենք խորհրդակցական հանդիպում ձեզ հետ՝ հետագա գործողությունները քննարկելու համար:
Հարգանքներով`
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա