Հասարակական կազմակերպությունները հետագա համագործակցության եզրեր գծեցին
Այսօր Վանաձորում տեղի ունեցավ աշխատանքային տոնավաճառ, որին մասնակցում էին Եվրոպան ներկայացնող 20 և տեղական 15 հասարակական կազմակերպություններ:
Տոնավաճառն իրականություն դարձավ «Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին ընդառաջ` Արևելյան Եվրոպայի եւ Կովկասի ՍԱԼՏՈ ռեսուրսային կենտրոնի եւ «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:
«Սա շատ լավ առիթ է տեղական կազմակերպությունների համար, առավել ևս, որ Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին է և պետք է փորձել առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները, քանի որ շփումները և համագործակցությունը ինտեգրման լավագույն միջոցն են»,-ասաց «Լոռեցիների միավորում» բարեգործական հ/կ նախագահ Մենուա Բրուտյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման նպատակն էր նպաստավոր պայմաններ ստեղծել տեղական և եվրոպական հասարակական կազմակերպությունների համար` հետագա համագործակցության նպատակով:
Բացի այդ` Արևելյան Եվրոպայի և Կովկասի ՍԱԼՏՈ ռեսուրսային կենտրոնը 2013 թվականի փետրվարի 16-24-ը Եվրոպայի երիտասարդների համար կազմակերպում է ճանաչողական այց դեպի Հայաստան և Վրաստան:
«Այս գործունեության նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին հասկանալ, թե ինչպես են ընթանում երիտասարդների հետ աշխատանքները այս երկու պետություններում և հիմնականում տեսնել, թե ինչպես են իրագործվում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրերը»,-տեղեկացրեց Մենուա Բրուտյանը:
Խոսելով ծրագրերի մասին` նա նկատեց, որ Վանաձորում նաեւ ամառային եւ ձմեռային ճամբարներ անցկացնելու համար «Լոռեցիների միավորում» բհ/կ-ն կազմակերպությունների հետ ձեռք է բերել նախնական պայմանավորվածություններ:
«Կկազմակերպվեն ճամբարներ տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների կամավորների մասնակցությամբ` փորձի փոխանակման, տարբեր երկրների մշակույթների փոխանակման նպատակով»,-եզրափակում է Մենուա Բրուտյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Ես այնտեղ եմ եղել ցուցահանդեսի սկզբից մինչև վերջ և Առավոտ-ի թղթակից Անուշ Բուլղադարյանին այնտեղ չեմ տեսել և ոչ մի րոպե; Այդ ինչպես են նյութ գրում, առավել ևս չլինելով իրադարձության վայրում, ստույգ ու բազմակողմանի տեղեկատվություն հավաքում;
Լուսինե ջան, անհասկանալի է Ձեր վրդովմունքի պատճառը` այն դեպքում, երբ նյութը օբյեկտիվ ու բազմակողմանի է լուսաբանվել, առավել եւս Մենուա Բրուտյանի հետ ունեցած հարցազրույցիս ձայնագրությունն էլ առկա է, մինչ օրս պահպանում եմ, իսկ թե երբ ու ինչպես, դա արդեն իմ գործն է: Զբաղվեք Ձեր գործերով