Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչու է թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողովի կնքած դուռը բացվել (Տեսանյութ)

Փետրվար 20,2013 15:36
PrevPhoto
NextPhoto

Հանձնաժողովի նախագահը իրարամերժ պատասխաններ է տալիս

Արաբկիրի թաղապետարանում տեղակայված թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` Տիգրան Բաղդասարյանը, իր նախաձեռնությամբ հանձնաժողովի կնքած դուռը բացել է:

Հանձնաժողովում, մեր ներկայության պահին, արդեն դռան վրա փակցվել էր երկրորդ կնիքը: Թե երբվանից է այն բաց եղել, որքան ժամանակ եւ ինչի համար` հանձնաժողովի նախագահը մի քանի պատճառաբանություն տվեց` ասելով, թե բացել է, որպեսզի քվեաթերթիկների, կնիքների եւ մնացած փաթեթները արդեն տեղափոխեն արխիվ եւ բացի այդ, նա նշեց, թե «Սա մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սենյակն է, մեր աշխատասենյակն է, ես աշխատանքն եմ չէ՞ իրականացնում, իմ չհրկիզվող պահարանն էլ է այնտեղ, փաստաթղթեր ունեմ: Իմ արձանագրությունները բոլորը այնտեղ է»:

Տիգրան Բաղդասարյանը նախ նշեց, որ կնքած դուռը բացվել է 1 ժամ առաջ. «Այն պարզ պատճառով, որպեսզի տեղափոխենք քվեաթերթիկները արխիվ, ուղղակի մեքենան ուշացել է: Ասել էին, որ ժամը 2-ին պետք է գա: Այս ընթացքում եղել են ոստիկանության աշխատակիցները»:

Ավելի ուշ հանձնաժողովի նույն նախագահն ասաց, որ դուռը բացել են ժամը 11-ի կողմերը, իսկ մեր ներկայության ժամանակ արդեն ժամը 2-ն էր, այսինքն` անգամ հանձնաժողովի նախագահը հաստատեց, որ շուրջ 3 ժամ այն բաց է եղել: Մեր դիտարկմանը, որ փաստորեն 3 ժամ ազատ ելումուտ է եղել` Տիգրան Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, տենց բան չի եղել»:

Պահպանող ոստիկանները վստահեցրին, որ իրենք ժամը 9-ին եւ 10-ին են հերթափոխն ընդունել:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով` «Մենք գիտենք մեր պարտականությունը: Ես հանձնաժողովի նախագահն եմ, իրանք` հսկողություն իրականացնողներն են` պետության կողմից նշանակված: Իրանք չեն բացակայել, միշտ ստեղ են եղել: Բացվել է նրա համար, որ ամեն ինչը տարվի արխիվ, բայց քանի որ մեքենան ուշացել է…նորից փակել եմ: Ես եմ փակել, ես կարող էի ընդհանրապես չփակել: Ես իմ իսկ ապահովության համար եմ երկրորդ անգամ դուռը փակել, մինչեւ ժամը 2-ին մեքենան կգա»:

Իսկ թե ինչու էր մեքենան ուշանում ժամերով` հանձնաժողովի նախագահը այսպես բացատրեց. «Որովհետեւ այդ մեքենան մեզ չեն տրամադրում, ես եմ կանչել մեքենան, որ տանեն: Ոստիկանները պետք է ուղեկցեն, մեքենան էլ, ասել են, ժամը 2-ին է ստեղ լինելու»:

Նա առաջարկեց ներկա գտնվել տեղափոխման գործընթացին:

Մեր հարցին` չե՞ք ընդունում, որ դա խախտում է եւ իրավունք չունեիք ժամեր առաջ կնքած դուռը բացել, ելումուտ անել ու պատճառաբանել, որ մեքենայի եմ սպասում` հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Չէ, ես չեմ գտնում, որ դա խախտում է: Ուրիշ բան չունեմ ասելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728