Այսօր պաշտոնապես մեկնարկեց հարկային բարեփոխումների նոր քառամյա ծրագիրը: Ըստ ծրագրի պատասխանատուների` այն նպատակ ունի նպաստել Հայաստանի հարկային միջավայրի բարելավմանը:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացման խոսքով հանդես եկած ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը նշեց, որ հարկային բարեփոխումներին ուղղված մեկնարկող ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ երկարամյա համագործակցության արդյունքում:
«Նոր ծրագիրը աջակցելու է Հայաստանի կառավարությանը՝ զարգացնել ավելի արդյունավետ հարկային համակարգ եւ հեշտացնել հարկերի վճարումը բիզնեսի համար: Մենք գիտենք, որ հարկային բարեփոխումները դժվար են, այդ պատճառով, եթե Հայաստանի կառավարությունը դրսեւորի քաղաքական կամք, մենք կաջակցենք նրան»,-ասաց Քարեն Հիլարդը:
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի` Համաշխարհային բանկը ծրագրի շրջանակներում կֆինանսավորի երեք ուղղություններով իրականացվող աշխատանքները:
Կարդացեք նաև
«Առաջին` հարկային մարմինների տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի զարգացում, որը ենթադրում է տվյալների մշակման կայանների հիմնում, էլեկտրոնային հաշվետվությունների եւ էլեկտրոնային վճարումների ամբողջական համակարգերի գործարկում: Երկրորդ` հարկ վճարողների սպասարկման ենթակառուցվածքի արդիականացում եւ ռիսկային գործոնների վրա հիմնված ժամանակակից հարկային հսկողության համակարգի գործարկում, երրորդ` ՊԵԿ-ի ինստիտուցիոնալ համակարգի զարգացում եւ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորում»,- նշեց Գ. Խաչատրյանը` ընգծելով, որ նաեւ նախատեսվում է հարկային տեսչությունների օպտիմալացում, ինչպես նաեւ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների տնտեսում:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ