«Այս ընտրությունները համեմատաբար հաջող էին այն տեսանկյունից, որ ՀՀ քաղաքացիների շրջանում մասնակցության զգալի թիվ է գրանցվել, սակայն, այդուհանդերձ, լիակատար ձախողում էր ընտրախախտումների առատության առումով, որը ստվեց այդ օրը, այն դեպքում, երբ այն Հայաստանի պատմության համար պետք է լիներ ամենալուսավորը»,-այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում ասաց «Ամերիկայի հայ իրավաբանների» միության ատենապետ Գարո Ղազարյանը:
Ըստ նրա, բոլոր ընտրատեղամասերում եղել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացել են տարբեր աղբյուրներից. «Ցավոք, արդյունքները չեն ներկայացնում ժողովրդի կամքը, եթե արդյունքների միջոցով պետք է ներկայացվի ժողովրդի կամքը, ուրեմն այդ թվերը ամբողջովին պետք է հեղաշրջվեն, իսկ նվազագույնը արդարություն պետք է պահանջի հայ ժողովուրդը: Արդարություն, որպեսզի երկրորդ փուլի հնարավորություն ընծայվի և ժողովրդի կամքով ընտրվի ժողովրդի նախագահ»,-ասաց նա:
Ղազարյանը նշեց, որ իրենց միության անդամները եղել են ոչ միայն Երևանում, այլև մարզերում ու գյուղերում և այն խախտումներին, որոնց ականատես են եղել, եղել են բացահայտ խախտումներ:
Ղազարյանի հավաստմամբ՝ իրենց միությունն, ի տարբերություն այլ կազմակերպությունների, հետաքրքրված է միայն իրավաբանությամբ և իրենց ամենևին չի հետաքրքրում, թե իրավունքն ում կողմից է խախտվում.«Ես նամակ եմ ուղարկել «Ամերիկայի հայ իրավաբանների» միության կողմից ՀՀ նախագահին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, վարչապետին, արտահայտելով և խնդրելով, որ տրամադրվի այն, ինչ որ պետք է տրամադրվի ազատ, արդար և իրավացի ընտրություններ Հայաստանում անցկացնելու համար»,-ընդգծեց ատենապետը, հավելելով, որ մինչև այսօր որևէ մեկի կողմից առայժմ պատասխան նամակ չի ստացել:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ