«Մեր երկրում կա քաղաքացիների մի ստվար խավ, որը երբեք իր ձայնը չի տա գործող իշխանությանը, դա ակնհայտ է, եւ այդ պարագայում, եթե ընդդիմադիր դաշտում որոշակի քաղաքական ուժեր չեն ուզում մասնակցել այդ գործընթացներին, նրանք չպետք է անակնկալի գան, որ այդ մարդիկ քվեարկում են այն քաղաքական ուժին, որը հանդես է գալիս ընդդիմադիր քաղաքական կեցվածքով».-այսօր «Հենարան» ակումբում ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով նախագահի ընտրություններին մասնակցած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշին, հավելելով, որ թե վերջին ամիսների ընթացքում եւ թե բուն քարոզարշավը, բավականին լուրջ ազդեցություն թողեցին եւ բոլոր կոմպոնենտներն էլ կարեւոր էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեր 37% ձայն. «Չափազանց խելամիտ եւ ճիշտ ընտրարշավ վարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ դա եւս ազդեց այն արդյունքի վրա, որն այսօր արձանագրում ենք»:
Հարցին էլ, թե այդ ձայները անձամբ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի՞ ձայներն էին, թե որպես ընդդիմության թեկնածու է այդքան ձայն հավաքել, պարոն Մինասյանն ասաց. «Այն իրողությունները, որ ստեղծվեցին ընտրարշավի հենց սկզբից եւ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր իրենց դուրս գրեցին այդ գործընթացներից, դա իսկապես, այդ երեւույթն ինքն իրենով պայմանավորեց այն տոկոսների հարաբերակցությունը, որն այսօր ունենք: Իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում երբեք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ