Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապե՞տ (Տեսանյութ)

Փետրվար 20,2013 14:34

 

«Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ այդ կուսակցությունները փորձում են «Ժառանգությանը» մղել քայլերի, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում «Ժառանգության» եւ նրա լիդերի համար եւ Հայաստանի Հանրապետության համար». Գագիկ Մինասյան

 

«Ես առավել քան համոզված եմ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես բավականին լուրջ ու հեռատես քաղաքական գործիչ է, նա կփորձի ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում որպես ամենալուրջ ընդդիմադիր ուժ եւ առաջիկայում մենք ունենք քաղաքապետի ընտրություններ, իսկ Երեւանում 43% ձայները բավականին լուրջ պաշար է, որպեսզի ունենա ակնկալիքներ այդ ընտրություններում»: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ վերլուծելով հետընտրական իրավիճակը, հավելելով, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցի մի քանի ամսից կայանալիք քաղաքապետի ընտրություններին, եւ այդ ընտրությունների ընթացքում եւս ապացուցի, որ ինքը ձեռք է բերել այդ ձայները, ապա լրջագույն փոփոխություն կարձանագրվի քաղաքական դաշտում, որը բավականին առողջարար կլինի:

Aravot.am-ի այն հարցին, կարելի՞ է ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ եք անում հրաժարվել այս պայքարից եւ հորդորում` գնա դարձիր քաղաքապետ, պարոն Մինասյանն ասաց. «Քաղաքական գործընթացները երկրում երբեք չեն ավարտվում, այս առումով մենք ունենք մի իրողություն` 43% ձայն Երեւանում, սա բավականին լուրջ հայտ է, որ իրացնի իր հնարավորությունները քաղաքապետի ընտրություններում: Կգնա այդ ճանապարհով, թե` ոչ, իր որոշումն է»:

ՀՀԿ պատգամավորի խոսքերով` եթե համեմատենք, որ խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» հազիվ 5 % ձայն է հավաքել, եւ այսօրվա 43%-ը մայրաքաղաքում, ապա սա իսկապես մարտահրավեր է. «Ծանր բեռ է, հեշտ խնդիր չէ, շատ ավելի հեշտ է անել հայտարարություններ, անել չհիմնավորված քայլեր եւ զարգացումների մեղավորին փնտրել իրենից դուրս: Ես համոզված եմ, որ «Ժառանգության» մեր գործընկերները կգնան հենց այդ ճանապարհով` ապացուցելով, որ իրենք քաղաքական դաշտում թիվ 1 կուսակցությունն են, նրանք ունեն 43%-ը եւ կարող են հաղթանակ տանել»:

Մանրամասները` շուտով տեսանյութում:

Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, հանրապետության 41 ընտրատարածքներից 7-ում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը խոսում է այն մասին, որ մրցակցային են եղել, ապա պարոն Մինասյանը 2 սցենար ներկայացրեց հետընտրական իրավիճակի մասին. 1-ինը` բոլորը սպասեն, որպեսզի ընտրախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն կատարվի, որոշում կայացվի, որից հետո էլ ընտրությունների վերջնական ամփոփում լինի ու հայտարարվի ընտրված նախագահի անունը: Իսկ 2-րդ սցենարը, ըստ պարոն Մինասյանի՝ «Եթե զարգանան անցանկալի սցենարով, ինքնահռչակում` որպես հաղթած նախագահ, որը մեկ անգամ տեսել ենք, իրավական գործընթացներից դուրս քաղաքական գործընթացներ գնան: Առաջինի պարագայում, 2 քաղաքական ուժերի համար ունենք բավականին լրջագույն մարտահրավերներ, հաղթած նախագահը` Սերժ Սարգսյանը, պետք է կարողանա, ապացուցել, որ այն բոլոր նախընտրական խոստումները, որ ինքը տվել է, ի զորու է իրականացնել: Մարտահրավերներ ունի «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը,նա ձեռք է բերել բավականին լուրջ պոտենցիալ` 37%-ը բավականին լուրջ քաղաքական կապիտալ է: Այս իրավիճակում բոլորս կարող ենք արձանագրել, որ «Ժառանգությունը» թիվ 1 ընդդիմադիր կուսակցությունն է: Ակնհայտ է, որ ոչ բոլոր կուսակցությունների համար է ցանկալի, հատկապես նրանց, որոնք վերջին ժամանակներս քաղաքական գործընթացներում փորձում էին վարագույրի ետեւում գործել եւ այլ քաղաքական ուժերին դրդել, կամ ինչպես անեկդոտում է ասվում` բրդել այս կամ այն ոչ խելամիտ քայլերի: Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ այդ կուսակցությունները փորձում են «Ժառանգությանը» մղել քայլերի, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում «Ժառանգության» եւ նրա լիդերի համար եւ Հայաստանի Հանրապետության համար»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Մի՛ փորձեք էժան գներով առնել Րաֆֆիին, չի՛ ծախվելու

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728