Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Մաքքարթնին՝ 17-րդ Grammy-ի եւ գալիք ալբոմի մասին

Փետրվար 20,2013 13:54

Սըր Փոլ Մաքքարթնին ասել է, թե հույս ունի, որ կավարտի նոր սկավառակի ձայնագրությունը «մոտակա մի քանի ամիսների ընթացքում»: Նրա նախորդ ձայնասկավառակը՝ սեփական ստեղծագործությունների եւ դասական ստանդարտների հավաքածու Kisses On The Bottom-ը, որ լույս էր տեսել 2012-ին, անցած շաբաթ արժանացավ Grammy մրցանակի՝ «լավագույն ավանդական փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում: Սա Մաքքարթնիի արդեն 17-րդ Grammy-ն է: «Ես չեմ հոգնել հաղթելուց,- ասել է սըր Փոլը New York Times-ի հետ զրույցում,- դա շատ հաճելի է: Եվ Grammy-ները դարձել են ավելի ու ավելի կարեւոր մեդիա տեսանկյունից: Այն ավելի մեծ, ավելի կարեւոր շոու է: Երբ նայում ես երաժշտական դաշտի մարդկանց, ովքեր այդտեղ մասնակցում են, ուրախալի է իմանալ, որ դու մեկը վերցրել ես»: Իր ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում Փոլ Մաքքարթնիի ստացած 17 Grammy-ներից 10-ին նա արժանացել է որպես The Beatles-ի անդամ, 3-ին՝ Wings-ի կազմում եւ 4-ին՝ որպոս սոլո երաժիշտ:

BBC 6 Music-ի հետ հարցազրույցում նա նշել է. «Անսպասելի էր իմանալ, որ դրանք 17-ն են, ճիշտն ասած: Ես հաշիվ չեմ պահում: Ենթադրում եմ, դա որոշ չափով տարօրինակ է. մարդիկ իմ թվերն ավելի լավ գիտեն, քան ես: Ես չեմ կարծում, որ աշխարհի լավագույն երաժիշտներից շատերը Grammy-ներ են ստացել, այն հասնում է քչերին, եւ լինել դրանցից մեկը 17-րդ անգամ՝ ուղղակի ֆենոմենալ է»: Սըր Փոլը չէր մասնակցել մրցանակաբաշխությանը Լոս Անջելեսում, փոխարենը՝ այն դիտել էր հեռուստատեսությամբ: «Մենք այն նայում էինք հեռուստացույցով, եւ դա «այո՛» էր: Կարող եք պատկերացնել, թե ինչ ցնծություն էր սենյակում»: Երգիչը նաեւ կիսվեց իր հաջողության բանաձեւով: Այն է՝ չմասնակցել մրցանակաբաշխությանը: «Հաղթելու միակ ճանապարհը չգնալն է,- ծիծաղելով ասում է նա,- այն պահին, երբ գնաս ու նստած լինես հանդիսատեսի շարքերում, դա կլինի այսպես. «Եվ մրցանակը գնում է… Ջոն Մայերին», ու դու այդ դեմքն ես ընդունում ու ժպտում ես ու ծափահարում ես ու քեզ պահում ես «ինչ հումորովն եմ ես»: Հիշելով իր երաժշտական գործունեության ակունքները՝ Փոլ Մաքքարթնին ասաց. «Երբ մենք սկսում էինք, մենք ուղղակի չորս տղաներ էինք Լիվերպուլից, որոնք հույս ունեին մի թիչ փող վաստակել մեքենա առնելու համար, ընդամենը դա էր: Դա այն գեղարվեստական ճանապարհորդությունը չէր, բայց դա տեղի ունեցավ եւ դա ֆենոմենալ է»:

BBC 6 Music-ի հետ նույն հարցազրույցում սըր Փոլն անդրադարձավ նաեւ իր նոր ձայնասկավառակին, որ այս պահին ձայնագրվում է Լոնդոնի Air ստուդիայում: Նրա խոսքերով՝ նոր ձայնասկավառակն, ի տարբերություն նախորդ Kisses On The Bottom-ի, լինելու է ավելի ռոքնռոլային: «Ես հիմա ստուդիայում աշխատում եմ իմ սովորական տեսակի ալբոմի վրա: Ռոքնռոլային: Ես երբեք չգիտեմ, թե ինչպես անվանեմ իմ երաժշտությունը»: Հաղորդավարի հարցին, թե ինչ տեսակի ռոքնռոլ է դա, Էլվիսի նման, թե Հենդրիքսի, Մաքքարթնին պատասխանել է. «Դա այն է, ինչ ի նկատի ունեմ: Դու ասում ես ռոքնռոլ, եւ մարդիկ միանգամից պատկերացնում են,- (երգում է, նմանակելով Էլվիսին),- ոչ, դա դրա նման չէ: Դա հնաոճ ռոքնռոլ չէ, ոչ: Ուղղակի իմ նոր երգերն են: Դա նոր ստուդիական ձայնասկավառակ է, բաղկացած իմ նոր երգերից»:

Փոլ Մաքքարթնիի ձեւակերպմամբ, «Ես այս պահին աշխատում եմ Air ստուդիայում, որը Լոնդոնում է, աշխատում եմ մի շարք պրոդյուսերների հետ: Այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջայլզ Մարտինը, Ջորջի որդին, Փոլ Էփուորթը, որը հիանալի, հաճելի տղա է, Իթան Ջոնսը: Նրանք իսկապես հրաշալի մարդիկ են, եւ ես ծանոթ էի նրանց աշխատանքին, ու գիտեի, որ նրանք շատ լավն են: Ես ուզւոմ էի տեսնել, թե կկարողանա՞մ նրանց հետ աշխատել: Եվ Մարկ Ռոնսոնը նույնպես: Դա զիլ մարդիկ են, ում աշխատանքն ինձ դուր էր գալիս: Եվ բանն այն է, որ ես նրանց բոլորին հավանում եմ: Ես արդեն մի շարք երգեր արել եմ, եւ հիմա այդ ամենը ի մի եմ բերում եւ փորձում եմ այն ավարտել հաջորդ մի քանի ամիսների ընթացքում»: Հաղորդավարի հարցին, թե ինչի նման է հնչում նոր ձայնասկավառակը, սըր Փոլն ասել է, թե «դրանք Փոլ Մաքքարթնիի երգեր են: Ի՞նչ կարող եմ ասել: Ինչպես միշտ, կլինեն տարբեր տեսակի երգեր: Այնտեղ կլինի բալլադ, կլինի ռոքային կատարում, այնտեղ կլինի այս տեսակի մի բան… Ես չգիտեմ, թե ինչպես դրանք դասակարգեմ: Ինձ թվում է՝ ինձ համար ամենավատ բանը կլինի դրանք որպես փոփ երգեր կարգելը, բայց, հավանաբար, դա այն է, ինչ դրանք հանդիսանում են: Ենթադրում եմ, որ դա նշանակում է պոպուլյար երաժշտություն: Գիտեք, ես ատում եմ այդ դասակարգումները… Սա ռոք է, բարեկամս»:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728