Հարցազրույց հույն ճանաչված դաշնակահար, կոմպոզիտոր եւ դիրիժոր Նիկոս Քրիստոդուլուի հետ
– Վերջին շրջանի համաշխարհային ճգնաժամը հարված է նաեւ դասական արվեստին եւ, բնականաբար, Ձեր երկիրն էլ անմասն չէ այդ ազդեցությունից…
– Իմ գիտակցական կյանքում երբեք նման տնտեսական, սոցիալական, ֆինանսական ճգնաժամի չեմ հանդիպել: Դժվար է ասել, թե ով է պատասխան տալու տարիներ շարունակ ստեղծված նման իրավիճակի համար, սակայն ակնհայտորեն պատճառները քաղաքական են: Անշուշտ, ճգնաժամն ազդել է նաեւ մշակույթի ոլորտի վրա: Կոնկրետ՝ Հունաստանում շուրջ 5 տարի առաջ բոլոր ոլորտներում ծագած պրոբլեմները մոլախոտի նման տարածվեցին: Եվրոպական բոլոր երկրներում առաջացած գլոբալ ճգնաժամի առաջին զոհը, իմ կարծիքով, արվեստն ու մշակույթն է: Լավ է, որ ես լավատես եմ եւ հուսով եմ, որ կոլեկտիվ մտածողությամբ ի վերջո կհաղթահարենք այն: Ներողություն եմ ուզում խնդրել շուկայական բառի համար, բայց ի վերջո պետք է հասկանալ, թե արվեստն ու մշակույթը այն ապրանքն է, ինչով կարող ես շահութաբեր առեւտուր անել: Եվ վերջապես հասկանալ է պետք՝ ցանկացած երկրի անձնագիրը սեփական արվեստն ու մշակույթն է:
– Ասում են՝ ճգնաժամի պայմաններում նույնիսկ հայտնի արվեստագետները առանձնապես անհանգստանալու կարիք չունեն, քանի որ նրանց են սպասում լավագույն համերգասրահները, օպերային թատրոնները, նվագախմբերը, ձայնագրման ստուդիաները եւ այլն: 1990-ականներին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում հրավիրվել եք աշխարհահռչակ սըր Չարլզ Մակերասի ասիստենտ…
Կարդացեք նաև
– Պատիվ եմ ունեցել լինելու աշխարհահռչակ դիրիժորի ասիստենտը, ինչը ձեռք եմ բերել իբրեւ մրցանակ՝ շահելով Fulbright Artists մրցույթում: Ուրիշ բան է, որ պայմանագրով հրավիրված լինեի «Մետրոպոլիտեն» թատրոն: Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել՝ վերջին դեպքում անընդհատ կթարմացնեի՞ պայմանագիրս, թե՞ սովորությանս համաձայն՝ կշտապեի հայրենիք: 18 տարեկանից է սկսվել իմ՝ դաշնակահարի, կոմպոզիտորի, փոքր-ինչ ուշ՝ դիրիժորի պրոֆեսիոնալ գործունեությունս: Տարիների ընթացքում ղեկավարել եմ BBC-ից մինչեւ Մեծ թատրոնի նվագախմբերը: Հանրահայտ BIS ֆիրման իմ ղեկավարությամբ է թողարկել համերկրացուս՝ անվանի կոմպոզիտոր Նիկոս Սքալքոտասի սիմֆոնիկ գործերի համաշխարհային պրեմիերաների ձայնագրությունները: Իբրեւ դաշնակահար էլ առաջին անգամ ներկայացրել եմ հույն ժամանակակից մի շարք կոմպոզիտորների երկեր: Ճիշտ է, օրինակ, լեհական կառավարությունը ժամանակին ինձ շնորհել է Շոպենի անվան մրցանակ, Դանիայինը՝ «Հանս Քրիստիան Անդերսենի դեսպան», որին արժանացել եմ Անդերսենի սյուժեներով գրված հույն կոմպոզիտորների գործերի կատարման համար: Տարբեր տարիների ղեկավարել եմ եվրոպական երկրների հեղինակավոր փառատոները, սակայն իմ տեղը հայրենիքումս է, ուր դարձյալ ղեկավարել եմ գործող պետական սիմֆոնիկ նվագախմբերը, երգչախմբերը եւ այլն: Այսօր էլ Աթենքի Hellenic Conservatory-ի կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր եմ: Իհարկե, շրջում եմ աշխարհով, բայց բնակվելու եւ ստեղծագործելու համար Հունաստանը չեմ փոխի ոչ մի երկրի հետ: Ի վերջո, ճգնաժամը մի օր կնահանջի…
– Ինչո՞վ կբացատրեք, որ դասական արվեստների օրրան Հունաստանը աշխարհին ավելի շատ կարծես հայտնի է իր ֆոլկ (պարարվեստ, երգարվեստ) մշակույթով:
– Դա բարդ հարց է… Անշուշտ, մեր ազգայինը ավելի պոպուլյար է, բայց ունենք դարերից եկող գլուխգործոցներ՝ մշակույթի բոլոր ոլորտներում: Խոսելով երաժշտարվեստի մասին, օտարազգի լրագրողները մինչ այսօր հետաքրքրվում են Մարիա Կալաս երեւույթով: Ես էլ պատասխանում եմ, թե միայն Կալասը չէ, հույն երգիչները մշտապես բեմ են բարձրացել «Լա Սկալայում», «Մետրոպոլիտենում»: Մեր կատարողական արվեստի ներկայացուցիչները, համարձակվում եմ ասել, չեն իջնում հայտնի համերգասրահների բեմերից: Ինչ վերաբերում է հունական ֆոլկ մշակույթին, միայն հպարտորեն կարող եմ փաստել, որ իսկապես մեր ֆոլկը այնքան հարազատ է օտարազգիներին, որ վերջիններս այդ երաժշտության ելեւէջները հաճախ օգտագործում են իրենց ստեղծագործություններում:
Հարցազրույցը՝
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ. Գ. «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Նիկոս Քրիստոդուլուն: Իբրեւ մենակատար հանդես կգա դաշնակահար Յուն Սու Ռեեն (Հարավային Կորեա), որին ժամանակին «Առավոտը» ներկայացրել է:
«Առավոտ» օրաթերթ