Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծրունին պարտվեց Վճռաբեկ դատարանում

Փետրվար 20,2013 13:49

Ցմահ ազատազրկման դատապարտված, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունու վճռաբեկ բողոքը փետրվարի 15-ին մերժել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը: Իր բողոքի քննության համար Արծրունին չէր ներկայացվել, քանի որ նման ցանկություն նա չէր էլ հայտնել:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունին միջնորդել էր, որպեսզի բողոքարկման համար սահմանված ժամկետը վերականգնվի: Թե Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, թե վերաքննիչը մերժել էին պաշտպանի միջնորդությունը: Ըստ փաստաբան Նարինե Ռշտունու, դատարանի որոշումն անհիմն էր, կայացվել էր օրենքի խախտմամբ եւ ենթակա էր բեկանման:

Միջնորդության նախապատմությունն այսպիսին է. 2006թ. օգոստոսի 8-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությունը՝ դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 72 հոդվածով, 17-100 հոդվածով եւ 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.

1996թ. թիվ 10 դատավճիռը վերանայելու եւ այն 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին: Դատարանը որոշում է միջնորդությունը բավարարել:

Դատարանի այդ որոշման համաձայն, 1961թ. Քրեական օրենսգրքի 72 հոդվածը, 17-100 հոդվածը եւ 17-99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում են 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին, 38-104 հոդվածի 1-ին մասին, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերին: Այսինքն, ըստ դատարանի՝ 17- 99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում է 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերին, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Արսեն Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 10.12.1996թ. թիվ 10 դատավճռով մեղավոր չի ճանաչվել 2 կամ ավելի անձանց սպանության համար, քանի որ այդ դեպքում նա կդատապարտվեր 1961թ. գործող Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ կետով:

Պաշտպանի բողոքի համաձայն, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006թ. օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ է գտնում «տեխնիկական սխալ, որի վրա ուշադրություն չի դարձնում ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ համապատասխան իրավաբանական մասնագիտական հմտություններ չունեցող դատապարտյալ Ա. Արծրունին»:

Ի դեպ, մենք նախորդ հրապարակումներում տեղեկացրել ենք նաեւ, որ վերոնշյալ որոշման նկարագրական մասում Արսեն Արծրունու անունից բացի, նշված է եղել ոմն Ռոբերտ Սահակյանի անուն, իսկ թե ով էր նա, ինչու մեկ այլ գործով դատապարտյալի անվան կողքին է հայտնվել այդ անունը, հայտնի չէ:

Ըստ գործի նյութերի, Ռոբերտ Մարտինի Սահակյանի նկատմամբ նույնպես ստացվել էր դատավճիռը վերանայելու եւ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին միջնորդություն: Միջնորդությունների քննարկումը զարմանալիորեն նշանակվել է նույն օրը՝ 08.08.2006թ., նույն ժամին՝ ժ. 10-ին, մի քանի գործ ըստ էության քննվել է մեկ դատական նիստով՝ «բիրիք»:

Ըստ Ն. Ռշտունու, 23.05.

2011թ. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացվելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է վերաորակվեին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն, արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով. «Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»։

Արսեն Արծրունին դիմել էր դատարան՝ բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ, որը, սակայն, դատարանի կողմից մերժվել էր: «Ակնհայտ է, որ այն դեպքում, երբ դատարանը կատարել է սխալ՝ դատավորի անփութության հետեւանքով, այդ սխալը չի հայտնաբերվել գործին մասնակցած դատախազի կողմից, այն չէր կարող հայտնաբերվել մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված, իրավաբանական կրթություն չունեցող անձի կողմից: Դատարանը պետք է հաշվի առներ անձի հոգեբանական վիճակը եւ այդ ընթացքում փաստաբան չունենալու հանգամանքը: Արծրունու մտքով անգամ չի անցել, որ դատարանը կարող էր մեկ հոդվածը մյուսի հետ համապատասխանեցնելիս կատարել ճակատագրական սխալ»,- ասում է փաստաբանը:

Նարինե Ռշտունին չի բացառում, որ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կդիմեն մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728