Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը նեղանալու փոխարեն՝ ճիշտ կանի իր մեղքը փնտրի»

Փետրվար 20,2013 13:47

Ինչո՞ւ շիրակցիները չվստահեցին Սերժ Սարգսյանին

Շիրակցի հանրապետականների կանխատեսումներին հակառակ, թե այս մարզում ու Գյումրի քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը անպարտելի կլինի, հյուսիսային մարզի բնակչությունը գերադասեց «Ժառանգության» առաջնորդին: Հատկապես Գյումրիում նախագահը չկարողացավ գոնե չնչին տոկոսային հարաբերությամբ զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախնական արդյունքներով՝ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին հաղթեց 32 եւ ավելի տոկոս առավելությամբ: Ինչո՞ւ, շիրակցիները այդքան հիասթափված են ու չե՞ն վստահում ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին: Այս թեմայի շուրջ «Առավոտ»-ը լսեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի մեկնաբանությունները:

Քաղաքագետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը պայմանավորված էր ՀՀԿ-ականների թույլ տված մի քանի կոպիտ սխալներով: Ըստ մեր զրուցակցի՝ դրանցից առաջինը վերջին երկու օրվա ընթացքում համատարած ընտրակաշառքի բաժանումն էր, որը այլեւս վաղուց իր դարն ապրած մեթոդ է, համենայնդեպս՝ գյումրեցիների մոտ չի անցնում, եւ հետո գործող նախագահի Թորոս գյուղում արած անհաջող հումորը, թե՝ ինչքան ուզես, էնքան խփենք: Իհարկե, այս ամենից զատ, Գագիկ Համբարյանը թվարկում է նաեւ խորքային պատճառները, իշխանությունների՝ Շիրակի մարզում իրականացրած սոցիալ-տնտեսական ոչ ճկուն քաղաքականությունը:

Մեր այն հարցին, թե նախագահին ձայն չտալը արդյոք շիրակցիների ճիշտ գնահատականը չէ՞ր 5 տարի շարունակ այս մարզում իրականացվող սոցիալ-տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության, մեր զրուցակիցն ասաց. «Ես ձեզ ասեմ՝ սա ոչ միայն Գյումրիով էր պայմանավորված, այլեւ ընդհանրապես Հայաստանով: Ես միշտ նշել եմ, որ 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը մեկ անգամ բարձրացրել է թոշակը՝ 2,5 հազար դրամով, մի անգամ էլ աշխատավարձը՝ դարձյալ 2,5 հազարով: Այն պարագայում, երբ համարյա թե ԱՊՀ բոլոր երկրներում առանց որեւիցե խախտման իշխանությունները գոնե ընտրություններից առաջ բարձրացնում են նպաստները, թոշակները, աշխատավարձերը: Մեզ մոտ բարձրացված երկուսուկես հազար դրամը ինֆլյացիան, այսինքն՝ գնաճը ուտում է 15 օրվա ընթացքում: Այսինքն՝ եթե չբարձրացներ, ավելի լավ կլիներ, սա ժողովրդի կարծիքն է. սա՝ մեկ: Սոցիալական ոլորտում գործող իշխանությունները ոչինչ չեն արել, հասկանո՞ւմ եք, մեր ժողովրդին բացարձակապես չի հետաքրքրում, թե իշխանությունները ինչպես են պայքարում տնտեսական ճգնաժամի դեմ: Մարդիկ ուզում են ապրել, մարդիկ տեսնում են, թե ինչպես է ապրում էլիտան, այսինքն՝ պաշտոնյաները: Եվ երբ որ տեսնում են, որ այդ էլիտան ապրում է շատ շքեղ, էդ տնտեսական ճգնաժամը բացարձակ չի դիպչում էլիտայի փեշին, բայց դիպչում է ժողովրդին, ապա ռեակցիան այսպիսին է լինում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Գ. Համբարյանի՝ Շիրակի մարզի տնտեսության ոլորտում, բացի տնաշինությունից, ոչինչ չի արվել, պատճառաբանվել է, թե տնտեսական ճգնաժամ է: «Գիտեք ի՞նչ, արդեն ամոթ է հրճվել տրանսֆերտներով ապրելու վրա, ես զարմանում եմ, որ մեր երկրի վարչապետը ուղղակի հրճվում է տրանսֆերտների քանակից: Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մեր երկրի իշխանությունների ուշքումիտքը արտասահմանից ուղարկված փողն է, բայց մեր երկրի իշխանավորները պիտի հասկանան, որ արտասահմանում ապրող էդ մարդը վաղը-մյուս օրը էլ չի ուղարկի փող, իր ընտանիքին կտանի իր մոտ, եւ ավելի բարեկեցիկ կյանքով էնտեղ կապրեն: Եվ սրա հետեւանքն է երկրի դատարկվելը: Մեզ համար գերխնդիր են նաեւ ահավոր մենաշնորհները, ես չեմ հասկանում՝ հնարավոր չէ՞ սրա դեմ պայքարել, ի՞նչ են ուզում սրանով ասել»:

Ըստ մեր զրուցակցի՝ 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո ինքը մտածել է, թե ՀՀԿ-ն գոնե մի քիչ կվերականգնի իր դիրքերը Շիրակի մարզում, սակայն պարզվեց, որ ՀՀԿ թեկնածուն նախագահական ընտրություններում ընդամենը 2 տոկոս ավելի ձայն հավաքեց, քան նույն կուսակցությունը՝ ԱԺ ընտրությունների ժամանակ: «Սա նշանակում է, որ ՀՀԿ մեր տեղական կառույցները չեն կարողացել վերականգնել վաղեմի դիրքերը, որը ունեցել են 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ»,- ասում է Գագիկ Համբարյանը: Մեր այն հարցին էլ՝ եթե ՀՀԿ-ն շատ ուժեղ լիներ Շիրակի մարզում, տեղի պատասխանատուներն էլ ամենաթարմ ու հնարամիտ տեխնոլոգիաները կիրառեին ընտրությունների ժամանակ, կարծում եք՝ սա կփրկե՞ր Սերժ Սարգսյանին շիրակցիների՝ նախագահական ընտրություններին տված գնահատականից: «Նախ՝ ասեմ, որ շատ կարճ ժամանակահատվածում էդ փլատակները վերականգնել հնարավոր չէ՝ դա մեկ: Երկրորդը՝ մենք միշտ պետք է իմանանք, որ եթե, այսպես ասած, պարարտ է էդ հողը, այն երբեք անտեր չի մնում: Այդ վակուումը լրացվել է ԲՀԿ-ով. գիտեք, Շիրակի մարզը Կոտայքից հետո երկրորդն էր ԲՀԿ-ի հզոր դիրքերի առումով: Ոչ մեկը չէր մտածում, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի ահռելի մասսան, համարյա 95 տոկոսը կքվեարկի Սերժ Սարգսյանի դեմ: Փաստորեն տեսնում ենք, որ խնդիրների կուտակումը եւ Սերժ Սարգսյանի շատ թույլ քարոզարշավը իրենց արդյունքը Շիրակի մարզում տվեցին այս կերպ»,- վերլուծում է քաղաքագետը:

Հարցին՝ հնարավո՞ր է նախագահը խռովի շիրակցիներից ու անտեսի այս մարզը, մեր զրուցակիցն ասաց. «Ես գտնում եմ, որ քաղաքական գործիչը չպետք է նեղանա, այդպիսի բան չկա քաղաքականության մեջ, ումի՞ց պիտի նեղանա, ժողովրդի՞ց. դա աբսուրդ է: Ո՞նց կարող է սեփական ժողովրդից նեղանալ: Այս պարագայում ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նեղացածի կեցվածք չպիտի ընդունի եւ իր տեղի պատասխանատուներին, այսպես ասած, չպիտի թրատի, որովհետեւ ինքը շատ լավ գիտի՝ ինչ վիճակում հանձնեց ՀՀԿ-ն նոր ղեկավարին. էդտեղ ՀՀԿ չկար, էդտեղ կար անձ՝ իր շրջապատով: Եվ նոր ղեկավարը 5-6 ամսվա ընթացքում չէր կարող վերականգնել ՀՀԿ-ի հզորությունը, եւ հետո դժվար է ձայներ ապահովել ՀՀԿ-ին ԲՀԿ-ական մարզում: Եվ որ ամենակարեւորն է՝ Սերժ Սարգսյան պետք է շատ արագ տեմպերով Շիրակի մարզում բարեփոխումներ իրականացնի: Ես դեռեւս ԱԺ ընտրություններից հետո էի ասել, եթե նախագահը շատ արագ բարեփոխումներ չիրականացնի Շիրակի մարզում եւ կոնկրետ՝ Գյումրիում, նա մեծ դժվարություններ կունենա նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք տեսանք՝ թոշակների բարձրացում չկա, նպաստների բարձրացում չկա, աշխատատեղեր չկան, ժողովրդի արտահոսքը ահռելի մասշտաբների է հասել, այսինքն՝ մեր իշխանությունները սոցիալ-տնտեսական ոլորտում շատ մեծ անելիք ունեն: Պետք է ի նկատի ունենալ, որ Գյումրին երբեք ստրկամիտ չի եղել, եւ կապ չունի՝ ով է եկել իշխանության՝ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն: Այնպես որ, Սերժ Սարգսյանը լավ կանի՝ ոչ թե նեղացածի կեցվածք ընդունի, այլ իր սխալները իր ու իր շրջապատի մեջ փնտրի, էլի եմ ասում՝ գյումրեցին մուրացկան չէ, գյումրեցուն նպաստ պետք չէ, գյումրեցուն պետք են աշխատատեղեր: Մայրաքաղաքում կենտրոնացված երկիրը այդպես երկար գոյատեւել չի կարող: Գլուխը շատ մեծ է ու ծանր, իսկ մարմինը շատ թույլ է, ոտքերն էլ արդեն ճկված են. դա Հայաստանն է՝ գլուխ Երեւանով»,- նախազգուշացնում է Գագիկ Համբարյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Առանց Ղարաբաղի կարգավիճակը լուծելու, Ղարաբաղը շին հրապարակ դարձնելու փոխարեն գուցե նախ իրենց փլատակներից փրկվածների տների խնդիրը առաջնահերթ լուծեին;Չէ, որ ,,էլիտար.. ղարաբաղցիներն արդեն Երևանի կենտրոնում այլընտրանքային տներ ունեին;Օդակայանի ընտրած տեղն էլ աշխարհում միայն իրենք կարող էին ընտրել;Գյումրեցին և համբերատար էր և լոխ չէր;Հալալ է;

  2. Մարգար Մախսուդյան says:

    Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ թե ՀՀԿ-ի կառուցները բարեփոխել, այլ նախագահի՛ն բարեփոխել, այսինքն՝ բարով-խերով փոխել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728