Հարց է ուղղում Վարդան Հարությունյանը՝ ի պատասխան ԱԱԾ-ի մամլո հաղորդագրության
Փետրվարի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը բավական օպերատիվ կերպով արձագանքեց մամուլում խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրությունների կատարման նպատակով «Իրավունքի եւ ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից ԱԱԾ-ին դիմելու, մերժումներ ստանալու, ինչպես նաեւ փետրվարի 8-ին խորհրդային տարիների մի խումբ այլախոհների տարածած հայտարարության թեմայի առնչությամբ հրապարակված հոդվածներին:
ԱԱԾ-ն պարզաբանել է, որ Վ. Հարությունյանը դիմել է ԱԱԾ-ին 1954-1988թթ. ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 65-րդ, 67-րդ եւ 206-րդ եւ ՌԴ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ կայացված դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները ստանալու խնդրանքով՝ հանրագիտարանային բնույթի գիրք հրապարակելու նպատակով, փաստել է, որ դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները չեն տրամադրվել համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների, քանի որ հայցվող փաստաթղթերում առկա են նաեւ այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց հրապարակումն առանց նշված անձանց համաձայնության կխախտի վերջիններիս անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
Այս առիթով Վ. Հարությունյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, թե ԱԱԾ-ի՝ իրեն վերաբերող հայտարարության մեջ «խեղաթյուրված են փաստերը»: «Նախ նրանք կեղծում են՝ ասելով, թե ես «իրականությանը ոչ լիովին համապատասխանող հայտարարություններ» եմ անում: Կուզենայի իմանալ, թե իմ ո՞ր հայտարարությունն է, որ իրականությանը չի համապատասխանում: Ե՞րբ եւ որտե՞ղ է այդ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը հրապարակվել: Վստահ եմ, որ ամենահզոր խոշորացույցով անգամ փնտրելիս Ազգային անվտանգության ծառայությունը նման հայտարարություն գտնել, ցույց տալ կամ մեջբերել չի կարող: Պետական լուրջ կառույցի համբավ ունեցող կազմակերպությանը պատիվ չի բերում փաստերի պարզունակ խեղաթյուրմամբ զբաղվելը: Այդ հայտարարությունը իրենց է անհարմար վիճակի մեջ դնելու: Ակնհայտ է, որ իմ պահանջը օրինական է եւ մերժման ենթակա չէ: «Արխիվային գործի» եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքները խորհրդային տարիների քաղբանտարկյալների իրենց դատավճիռները ստանալու մասին դիմումները մերժելու հիմք չեն կարող հանդիսանալ: Մարդիկ դիմել են ԱԱԾ արխիվից իրենց վերաբերող դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները ստանալու խնդրանքով: Այդ դատավճիռներն իրենց մեջ որեւէ կարգի գաղտնիք չեն պարունակում, մերն են, կայացվել են մեր նկատմամբ, ժամանակին մեզ չեն տրամադրվել օրենքի կոպտագույն խախտմամբ, եւ մենք դրանք պահանջելու ու ստանալու իրավունք ունենք: Որեւէ օրենք չի արգելում եւ չի էլ կարող արգելել, որ դատապարտված մարդն իր ձեռքում ունենա իր դատավճիռը: Ընդհակառակը՝ դատավճիռ չտալն է անօրինական ու անտրամաբանական»,- պարզաբանեց Վ. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Վ. Հարությունյանը նշել էր, որ խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում՝ նրանց ժառանգներից հավաքել էր դիմումներ, որոնցում այդ մարդիկ նշում են, որ դեմ չեն, որպեսզի դատավճիռները տրամադրվեն իրեն: ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ պատրաստ են վերոհիշյալ հոդվածներով դատապարտված անձանց՝ սահմանված կարգով դիմելու դեպքում, իսկ վերջիններիս մահացած լինելու պարագայում՝ ժառանգների գրավոր թույլտվությամբ, տրամադրել քաղվածքներ դատավճիռներից՝ առանց խախտելու դրանցում նշված այլ անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի՝ օրենքով պաշտպանվող գաղտնիությունը:
Ինչպե՞ս եք պատրաստվում այս հարցով առաջ ընթանալ, գուցե կրկին դիմեք ԱԱԾ-ին կամ այցելեք ԱԱԾ ղեկավարությանը, գուցե «դեմ առ դեմ» ավելի հեշտ կլինի՞ միմյանց հասկանալը՝ ասացինք Վ. Հարությունյանին: «ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ ցանկանում է տպավորություն ստեղծել, թե խորհրդային տարիների քաղբանտարկյալներից իրենց դատավճիռները ստանալու մասին դիմումներ չունի իր ձեռքի տակ: Իբր դրանք ունենալու դեպքում պատրաստ է քննարկել: Բայց իրականությունն այն է, որ այդ դիմումները վաղուց՝ 2012թ. դեկտեմբերի 6-ից իրենց մոտ են: Երբ դեռեւս 2011թ. նոյեմբերին դատավճիռներն ստանալու մասին իմ առաջին դիմումը, հղում անելով Տեղեկատվության ու Արխիվային գործի մասին օրենքներին, մերժեցին, մտածեցի, որ ԱԱԾ-ը գուցե պատճառաբանում է, թե ես պահանջում եմ այլ մարդկանց նկատմամբ կայացված դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները, եւ այդ պատճառաբանությունն իսպառ վերացնելու նպատակով որոշեցի ոչ թե այն վիճարկել, այլ այնպես անել, որ յուրաքանչյուր մարդ իր անունից դիմի եւ պահանջի ժամանակին իր նկատմամբ կայացված դատավճիռը: 1963-88թթ. (հրաժարվեցի 1954-63թթ. դատապարտվածներից, որովհետեւ նրանցից որեւէ մեկին գտնել ինձ այդպես էլ չհաջողվեց) դատապարտված յուրաքանչյուր խմբից ընտրեցի մեկական նախկին խորհրդային տարիների քաղբանտարկյալ, ում գտնելը համեմատաբար հեշտ էր, իսկ ոմանց մահվան դեպքում գտա նրանց առաջին կարգի ժառանգներին, եւ այս անգամ արդեն նրանք առանձին-առանձին ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի անունով դիմում ստորագրեցին՝ հայտնելով, որ դեմ չեն եւ խնդրում են, որ իրենց նկատմամբ ժամանակին կայացված դատավճիռները եւ մեղադրական եզրակացությունները տրամադրվեն ինձ, եւ 2012թ. դեկտեմբերի 6-ին իմ նամակին կցելով բոլոր այդ դիմումները՝ մեկ ծրարով տարա ԱԱԾ, իսկ արդեն դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում ստացա: Այդ դիմումները գրված են սահմանված կարգով: Ստորագրող նախկին քաղբանտարկյալները եւ առաջին կարգի ժառանգները դիմումի մեջ նշել են իրենց բնակության հասցեն, հեռախոսի, անգամ անձնագրի համարները: Հարկ եղած դեպքում պատրաստ եմ հրապարակել այդ դիմումները: Մի՞թե ԱԱԾ-ում հայտարարություն գրելիս հեղինակները չեն մտածում դիմացինի փաստարկների մասին: Թե՞ գրում են ուղղակի մի բան գրած լինելու նպատակով»,- ասաց մեր զրուցակիցը:
Վ. Հարությունյանին անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում՝ տրամադրել քաղվածքներ: «Այդ ի՞նչ անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք է խախտվում, երբ դատապարտված մարդուն տրվում է նրա դատավճիռը: Արդյոք տարօրինակ չէ՞ր լինի, եթե որեւէ մեկի նկատմամբ դատավճիռ հրապարակելիս դատավորը վճիռը կարդալիս ասեր, թե դատավճիռը դատապարտյալին չի տրամադրվում եւ հրապարակվում է մասնակիորեն, որովհետեւ դատավճռում առկա են այլ անձանց անուններ՝ դատախազի, դատավորի, տարբեր վկաների, դատարանի քարտուղարի եւ այլն: Մենք ցանկանում ենք մեր ձեռքում ունենալ մեր դատավճիռները, այլ ոչ ինչ-որ մեկի կողմից դրանցից արված կամայական քաղվածք: Ինչ վերաբերում է «դեմ առ դեմ»-ին, ապա ես որեւէ խնդիր չունեմ եւ միշտ պատրաստ եմ խնդիրների խաղաղ լուծմանը: Իմ նպատակը պատերազմ հայտարարելն ու հաղթելը չէ: Պետք է հաղթեն օրենքն ու առողջ տրամաբանությունը»,- նշում է Վ. Հարությունյանը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ինձ ստույգ ասել են,որ դրանց արխիվները կբացվեն միայն Կարսի և Ղարաբաղի մի քանի չափաբերական մատյանների զուգահեռ;Լույս կսփռվի միայն այդ ֆոնի վրա;