Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադասավորում՝ ընդդիմադիր դաշտում, կամ Ր. Հովհաննիսյանը կգնա՞ իշխանությունների հետ պայմանավորվածության

Փետրվար 20,2013 13:11

«Ես ավելի հակված եմ կարծելու, որ այնուամենայնիվ լինելու են պայմանավորվածություններ, ու Րաֆֆին նման մեսիջներ ուղարկել է իշխանությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ներքաղաքական զարգացումների հավանական սցենարների մասին խոսելիս այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Այնուհետև մանրամասնեց. «Ցանկացած ընտրությունից հետո, երբ ընդդիմությունը որոշակի տոկոս է վերցնում և հայտարարում, որ ընտրությունները կեղծված են, զարգացման հիմնական երկու ճանապարհ կա: Կամ դուրս են գալիս փողոց, քաղաքական պայքարը մտնում է փողոցային փուլ, կամ ընդունում են արդյունքները՝ ինչ որ չափով այսպես ասած երեսը պահպանելով և իրենց շուրջ են համախմբում մնացած ընդդիմադիր հատվածը: Րաֆֆին այս փուլում կարծես թե հայտարարել է, որ ինքը գնում է փողոց: Իհարկե, լրիվ րաֆֆիական ոճով. մի քիչ լղոզված, մի քիչ ոչ հստակ»:

Քաղտեխնոլոգից հետաքրքրվեցինք՝ հավանական պայմանավորվածությունները կարող են պաշտոնի՞ շուրջ լինել: Նա պատասխանեց. «Կարող են լինել նաև դրա շուրջ: Ռեալ չեմ համարում, որ գրեթե պաշտոնապես նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը կվերցնի ու կհանձնի իշխանություն Րաֆֆիին՝ նրա իդեալական նպատակներից ելնելով: Կփորձեն ինչ-որ բաների շուրջ պայմանավորվել: Կարծում եմ ոչ թե կոնկրետ պաշտոնի, այլ ապագայի շուրջ: ՀՀ-ում էլի ընտրություններ են լինելու, օրինակ՝ քաղաքապետի ընտրություններ: Առայժմ փողոցում լուրջ հարցեր լուծելու ռեսուրսներ չեմ տեսնում: Րաֆֆին մի խնդիր էլ ունի. թեպետ 37 տոկոս ֆիքսել է, բայց դա դեռ չի նշանակում, որ իր լիդերությունն ընդունում են մնացած ընդդիմադիրները: Նրանք վստահ չեն, որ Րաֆֆին, ընդդիմադիր հռետորիկայով ասած, մինչև վերջ գնացող է: Նրանք կասկածամիտ են: Մի բան է 37 տոկոս վերցնել, այլ բան է այդ տոկոսը վերածել քաղաքական կապիտալի: Րաֆֆին ինքն էլ է շփոթված այդ տոկոսներից և չգիտի ինչի այն վերածել»:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ՝ պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմադիր դաշտում վերադասավորումներ լինեն նշեց. «Արդեն վերադասավորում եղել է: Ինչքան էլ ասենք, որ այդ 36 տոկոսը Րաֆֆի Հովհաննիսյանինը չէ, փաստը մնում է փաստ, որ այնուամենայնիվ, իրեն են տվել: Նույն բողոքականները կարող էին տալը մյուս թեկնածուներին, բայց տվելե են Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Ստեղծված իրավիճակի պատճառների մասին խոսելով էլ՝ քաղտեխնոլոգը փաստեց. պատճառն այն է, որ երկու գլոբալ խնդիր չի ուզում նկատել իշխանությունը: Դա սոցիալական սարսափելի և աննորմալ անարդարության վիճակն է, երբ օրենքի դեմ ոչ ոք հավասար չէ, հատկապես իշխանության ներկայացուցիչները: Երբ այդ խնդիրները լուծվեն, նման խնդիրներ չեն առաջանա: Օրենքի դեմ հավասար լինելու հարցը կոնկրետ նախագահը պիտի լուծի: Երբ ասում են, թե Սերժ Սարգսյանը կանգնում է կարմիրի տակ, ասում եմ, որ դա հերիք չէ, պետք է կանգնեն նաև օլիգարխները, վարչության պետերը, չպետք է ծնոտ ջարդեն, կամ արտահայտվեն դրա մասին: Երբ այդ խնդիրները լուծվեն, միանգամից մյուս խնդիրները ևս կլուծվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728