Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները խորհելու առիթ տվեցին բոլորիս

Փետրվար 20,2013 12:37

Հայաստանի նախագահի ընտրություններն ավարտվեցին:
Ի սկզբանե պարզ էր, որ հիմնական մրցակիցները երկուսն են` Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի մյուս թեկնածուներն իրենց հասարակական վարկանիշով փաստորեն չկարողացան ապահովել քիչ թե շատ լուրջ մրցակցություն:
Խոսքը վերաբերում է հատկապես նույնիսկ մեկ տոկոսի «շեմը» չհաղթահարած թեկնածուներին, որոնց համար քվեարկության արդյունքները պիտի լրջորեն խորհելու առիթ դառնան: Սակավաթիվ համակիրներով քաղաքական պայքարի մեջ չեն մտնում, այն էլ երկրի նախագահի ընտրություններում:
Ափսոս միայն, որ Ս.Սարգսյանի վերընտրությունը մեր առջեւ փակեց Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունենալու հեռանկարը: Ըստ էպոսի, այդպես չպետք է լիներ:
Խորհելու առիթ կա նաեւ օրենսդիրների համար, որոնք անելիք ունեն համապետական կարեւորություն ունեցող իրադարձություններում խամաճիկների հոսքը կասեցնելու առումով: Պատգամավոր դարձաք, լավ արեցիք, բայց որքան էլ տարօրինակ է` պատգամավորների գործը ուտել-խմելուց բացի, նաեւ օրինաստեղծ գործունեությունն է, որով պետք է ուտել-խմելուց առաջ զբաղվել:
Խորհելու առիթ ունենք նաեւ բոլորս, քանի որ այս ընտրությունները մեկ անգամ եւս փաստեցին, որ մեզանում դեռեւս չի ձեւավորվել իսկապես միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու մշակույթ: Այսօր արդեն ահազանգում են տարատեսակ խախտումների մասին, որոնք գուցեեւ չեն ազդում վերջնական արդյունքների վրա, բայց պիտակավորում ու ստվերում են ընտրական ամբողջ գործընթացը:
Դիտորդների գործը հեշտ է. լղոզված որակումներով կամփոփեն ու կգնան իրենց տուն: Ինչպես եղել է միշտ ու գրեթե բոլոր երկրներում: Բայց մենք մնալու ենք մեր տանը, որն ուզում ենք տեսնել բարեկեցիկ: Եվ կտեսնենք, որովհետեւ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գալու է նախընտրական խոստումների իրականացման ժամանակը:
Կարեւորը խոստումները չեն. դրանք կարող է տալ ցանկացած մարդ. կարեւորը լավ ծրագիրը չէ. կարեւորը այդ ծրագրի իրականացումն է: Հակառակ պարագայում հինգ տարի հետո արդարացում չի լինելու:
Ընդունենք, որ նախագահության առաջին շրջանը բավարար չէր նախատեսված բոլոր ծրագրերն իրականացնելու համար, բայց երկրորդի վերջում արդեն նույնն ասել չի կարելի: Պիտի լինի նաեւ ծրագրերն իրականացնող գիտակ թիմ: Եղածի ուրվագծերն առայժմ այնքան էլ հուսադրող չեն, իսկ առանց անհրաժեշտ կադրային ներուժի դեռեւս ոչ մի երկրում ցանկալի զարգացում չի ապահովվել:
Խոսքը ոչ միայն տարբեր ոլորտների առաջին դեմքերի մասին է, այլեւ նրանց շրջապատող քավոր-սանիկ-ընկեր-բարեկամների եւ տարբեր տրամաչափի պնակալեզների: Հենց այս զանգվածն է, որ իր լկտի պահվածքով խորտակում է հասարակության վերջին հույսը: Իսկ Հայաստանը փոքր երկիր է: Խավարում կարելի է ինչ-որ մութ գործեր անել, բայց առավոտյան ամեն ինչ երեւում է. մարդիկ տեղեկանում են:
Եթե նորընտիր նախագահը մաքրի ախոռները եւ հասարակության մեջ համապատասխան վարկ ունեցող անհատների հետ անցնի առաջիկա ճանապարհը, անկասկած հաջողություն կունենա ու կվայելի ժողովրդի վստահությունը: Միայն այդ կերպ է իշխանությունը կատարում ժողովրդի սպասավորի իր դերը:
Այդ հնարավորությունն այսօր կա:
Պիտի փաստենք նաեւ, որ ընտրությունների ավարտը դարձավ նաեւ ներքաղաքական նոր իրավիճակի սկիզբ:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ կես միլիոնից ավելի ձայն: Սա ավելի քան լուրջ հայտ է հզոր քաղաքական ուժ ձեւավորելու համար, ուժ, որը ստիպի իշխանություններին կատարել խոստումները:
Մենք դժվարանում ենք Ր.Հովհաննիսյանին համարել ընդդիմադիր գործիչ: Նրան ավելի բնութագրական ենք համարում այլընտրանքային գործիչ լինելը: Խոսքը երկրի զարգացման հեռանկարի ընտրության մասին է: Այս առումով «Ժառանգության» ղեկավարը իսկապես կարող է դառնալ ոչ թե քանդող, այլ կառուցողական ընդդիմության ղեկավար, որի գոյությունն այսօր անպայման անհրաժեշտություն է:
Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում ակնհայտ է քաղաքական ուժերի վերադասավորումը: Մնացածը պայմանավորված է Ր.Հովհաննիսյանի դիրքորոշումից:
Պակաս պատասխանատվություն չունի նա այսօր, քան նորընտիր նախագահը:

 

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728