Անցել է քսանհինգ տարի: Քառորդ դար: Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր արդեն ոչ թե պարզապես պատանիներ ու աղջիկներ են, այլ, համարձակ կարելի է ասելՙ տղամարդիկ եւ կանայք, որոնցից շատերը ծառայել են բանակում, հասցրել են բուհեր ավարտել, ծնողներ դառնալ: Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել:
Խոսքն առհասարակ միայն նրանց մասին չէ, այլեւ նրանց, ովքեր լեգենդար եւ ողբերգական 1988 թվականին արդեն տասը տարեկան էին, տասնհինգ, նույնիսկ ավելի: Խոսքն ընդհանրապես այն սերնդի մասին է, որը տարիքի, բնույթի տրամաբանության պատճառով չէր կարող գիտակցված ընդունել պատմական եւ բախտորոշ իրադարձության էությունն ու մանրամասները: Իրոք, շատերը համարյա ոչինչ չգիտեն, թե ինչ է մեր ժողովրդի համար 1988 թվականի փետրվարի 20-ը: Եվ դա նրանց մեղքը չէ. դա նրանց դժբախտությունն է: Իսկ մեղավոր ենք մենքՙ ավագ սերունդը: Հին իմաստունները տագնապով կրկնում էին, թե պետք է կշտամբել ու պատժել հայրերին նրա համար, որ զավակները չգիտեն իրենց ժողովրդի, իրենց ընտանիքի պատմությունը:
Հավանաբար դա տեղի է ունենում այն պատճառով, որ յուրաքանչյուր սերունդ ունի իր գերակա տեղեկատվությունը, իր տարեգրությունը: Եվ գուցե հենց այդ պատճառով էլ ժողովուրդը միշտ հանդիսավորապես նշում է այն տարեթվերը, որոնք կապված են առանձնահատուկ բախտորոշ իրադարձությունների հետ: Չէ՞ որ դա չի արվում միայն պատմական հիշողությունը թարմացնելու համար, այլ ավելի շուտ նրա համար, որ մանրազնին յուրացնենք պատմության դասերը, առանց որոնք իմաստավորելու անհնար է ռազմավարական ու փրկիչ ակնկալիքներ ունենալ ապագայից:
Ես երջանկություն եմ ունեցել ծնվելու Արցախում եւ հիրավի երանությունն եմ ունեցել իմ շատ հայրենակիցների հետ աշխարհի տարբեր մասերում ակտիվորեն ու գործուն կերպով հայտնվելու սոցիալական այն երկրաշարժի էպիկենտրոնում, որն ստացավ «Ղարաբաղյան շարժում» անվանումը: Ո՛չ անվերջանալի ուղեւորությունների ժամանակ, ո՛չ պաշտոնյաների աշխատասենյակներում, ո՛չ էլ Արցախի խրամատներում երբեք չեմ բաժանվել իմ հուշատետրից: Եվ այսօր, երբ ողջ ժողովրդով, բոլոր հինգ մայրցամաքներում նշում ենք փառապանծ տարեդարձը, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում մի նյութ հենց «փետրվարի 20-ի» մասին, ստեղծված տարեգրական էջերի հիմքի վրա:
Կարդացեք նաև
***
1988 թվականի փետրվարից դեռ շատ առաջ ես գրել եմ օրագրում. «Ինձ վիճակվել է տեսնել մեծ գետերի շատ ակունքներ: Սելիգեր լճի մոտ տեսել եմ մի աղբյուր, որում, ինչպես կենդանի բջջի մեջ, դրված է Վոլգայի գենետիկ կոդը: Ցատկել եմ թելանման այն առվակի վրայով, որն աստիճանաբար թափ ու լայնք էր հավաքումՙ դառնալու համար հզոր Դնեպր: Եվ ամեն անգամ միտք եմ արել յուրաքանչյուր Շարժման մի ինչ-որ աստվածային նախանշանակության վրա…»: Եվ ահա, թերթելով իմ այն ժամանակների գրառումները, հիշում եմ, թե ինչպես այդ ամենը եղավ, ինչպես այդ ամենը սկսվեց: Հիշում եմ անվերջանալի պայքարի բուն տարեգրությունը, որ մենք անվանեցինք Շարժում: Հին մտածողներն ասում էին, թե Շարժումը կյանք է: Ամեն ինչ ածանցված է Շարժումից: Նույնիսկ ինքըՙ Ժամանակը ոչ միայն փիլիսոփայական կատեգորիա է, այլեւ շարժում, որն ունի ընդամեը մեկ չափումՙ անցյալից ապագա: Ազատության համար պայքարը նույնպես շարժում է: Այստեղից էլՙ Ղարաբաղյան շարժում, որն սկսվել էր 1988 թվականի փետրվարից շատ ավելի շուտ: Գուցե սկսվել էր այն օրը, երբ ադրբեջանական վանդալները Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում բուլդոզերով գետնին հավասարեցրին Մեծ հայրենականում զոհված իրենց համերկրացի հայ զինվորների հուշարձանը: Իսկ գուցե, երբ կացնով (դարձյալ կացնով) գլխին հարվածելով, հենց հերկված դաշտի ակոսում սպանեցին ութսունամյա վար անողին, եւ մարդասպանը մնաց անպատիժ: Իսկ գուցե այն օրը, երբ Կարադաղլու գյուղի ադրբեջանցի «ուսուցիչն» ու իր հանցակիցները ութ տարեկան հայ տղայի գլխին մեխեր խփեցին եւ հանեցին աչքերը: Գուցեեւ այն ժամանակ, երբ աղդամցի վեց հրեշներ բռնաբարեցին տասնվեցամյա հայ աղջկան, իսկ մարմինը գցեցին Հայոց ցեղասպանության եւ պատերազմի զոհերի Ստեփանակերտի հուշահամալիրի Հավերժական կրակին… Ավաղ, չափից ավելի շատ էին Ղարաբաղյան շարժում սկսելու պատճառներն ու առիթները:
Եվ սակայն, ես կարծում եմ, որ սկիզբը դրեցին մշակույթի եւ արվեստի գործիչների նամակներըՙ ուղղված երկրի հասարակայնությանը եւ ղեկավարությանը: Այն գրողների, բանաստեղծների, հրապարակախոսների հոդվածներն ու գրքերը, որոնք հարգանք հայտնելով բարձր հասցեատիրոջը, փորձում էին բացահայտել Լեռնային Ղարաբաղում եւ Նախիջեւանում, Բաքվում եւ Գարդմանքում, Գանձակում եւ Շահումյանի շրջանում հայերի նկատմամբ խտրականության էությունը: Այսօր, ժամանակի բարձունքից նայելով Շարժման խորքը, մեզանից ոմանք այդ նամակների հեղինակներին համարում են պարզամիտ մարդիկ: Ես խորհուրդ չէի տա շտապ եզրահանգումներ անել. խոսքն այնպիսի ժամանակների մասին է, երբ նույնիսկ նման նամակը ստորագրելը ոչ պակաս արիություն էր պահանջում, քան կրծքով հրակնատ փակելը: Դեռեւս վաթսունականների կեսերին, Ալիեւ ավագի օրոք, որն այն ժամանակ ղեկավարում էր պետանվտանգության կոմիտեն, սկսվեցին աննախադեպ բռնաճնշումներ արցախյան մտավորականության դեմ:
Բագրատ Ուլուբաբյանի լեգենդար խումբը, որը մարզում հսկայական աշխատանք էր տանում, դեռեւս 1965 թվականին տասնյակհազարավոր արցախցիների ստորագրահավաք կազմակերպեց հայկական պատմական մարզը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիացնելու պահանջի տակ: Եվ տասներեք մարդուց կազմված ողջ խումբը ենթարկվեց բռնաճնշումների: Շատերին արտաքսեցին հարազատ օջախներից, այդպիսի չարագույժ գործողություններով միայն սրելով իրավիճակը եւ յուղ լցնելով Ղարաբաղյան շարժման ջահի վրա: Տարիներ անց, Միլլի մեջլիսի նիստերից մեկում, Նախիջեւանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիեւը բացեիբաց խոստովանեց, թե իրեն խանգարել են կենսագործել Ղարաբաղում հայության վերացման եւ, ինչն արդեն արվել էր Նախիջեւանում, հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագրերը:
Հանուն արդարության պետք է ասել, որ Ալիեւը զուր էր համեստություն անում. Արցախի համար իր մահաբեր մտադրությունների իրականացմանն ուղղված քայլերը բավական արդյունավետ էին: Սկսեց նրանից, որ Արցախի ղեկավար նշանակեց իր սնածու Բ. Կեւորկովին, որը մարզկոմի առաջին իսկ, այսպես ասածՙ գաղափարախոսական պլենումում, կատարելով իր շեֆի հրահանգը, ձեռնարկեց մտավորականության ջարդը: Բավական է հիշել «Սովետական Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից Յաշա Բաբալյանի վտարումն Արցախից միայն նրա համար, որ գրչակիցների շրջապատում կարդացել էր Արամայիս Սահակյանի «գաղափարախոսական կրիմինալով» ներծծված բանաստեղծությունը, որում պոետը տարակուսանք էր հայտնում, թե մարդկությունը արդեն տեսել է լուսնի հակառակ կողմը, իսկ այ իրենՙ բանաստեղծին չի հաջողվում աստվածաշնչյան լեռանը նայել հակառակ կողմից: Հազարավոր նամակներ մենք ուղարկեցինք աշխարհով մեկ: Այդ, ինչպես արտասահմանյան թերթերը գրեցին, «տխմարության» եւ «անհեթեթության» արձագանքն այնքան բուռն ու ներգործուն էր, որ Բաքվում վախեցան: Հայտնի դարձավ, որ այն երկրների խորհրդային դեսպանատները, որտեղ հայկական մեծ գաղութներ կային, տեղեկացրել էին ԽՍՀՄ արտգործնախարարությանը այդ տեսակի անհեթեթությունների վտանգավորության մասին, որոնք կարող են պատասխան շղթայական ռեակցիա առաջացնել:
1977 թվականին մեզ հայտնի դարձավ, որ Բաքվի կուսակցական առաջնորդն իր ուղիներով համառորեն առաջարկում է Արցախի մասին նյութ նախապատրաստել «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ամսագրում տպագրելու համար: Այդ ամսագիրը մոլորակի կոմունիստական, բանվորական կուսակցությունների տեսական եւ տեղեկատվական հրատարակությունն էր, որ լույս էր տեսնում 32 լեզուներով, 145 երկրներում, ԽՄԿԿ-ի փողերով: Ալիեւը լավ էր հաշվարկել. բավական է այնտեղ տպագրվեր իրեն անհրաժեշտ նյութը «Ղարաբաղի տեղի» մասին, որպեսզի հասարակական կարծիքում երկար ժամանակով ամրագրվեր ինքնավար մարզի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու «տրամաբանությունը»: Գլխավորն այն էր, գտնում էր Ալիեւը, որ նյութը նախապատրաստեին տարբեր երկրների անկախ լրագրողներ: Հարցազրույցը, իհարկե, կտա ոչ այլ ոք, քան հայ, հենց այդ նույն Կեւորկովը:
Շուտով ամսագրի վեցերորդ գրքույկում տպագրվեց արտասահմանյան ժուռնալիստներ Ս. Միտրի եւ Ա. Խաբի զրույցը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի հետ: Այն հարցին, թե «Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի կազմում եւ ոչ թե Հայաստանի, որից բաժանված է ընդամենը հողի մի բարակ շերտով, ըստ էության պատասխանեց Ալիեւըՙ Կեւորկովի շուրթերով. «Մարզը Հայաստանից բաժանված է բարձր սարերով: Ղարաբաղը ծաղկեց Ադրբեջանում, եւ միայն ազգայնամոլները կարող են ասելՙ թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»: Եվ առանձնակի ընդգծեց պատվիրված նախադասությունը. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն ձեռք բերեց Ադրբեջանի կազմում եւ այդ ճակատագիրն ընտրեց կամովին»: Նյութում խցկված էին անհեթեթ օրինակներ, որոնք իբր հաստատում էին հայերի եւ ադրբեջանցիների եղբայրությունը: Եվ զրույցի վերնագիրը նույնպես մտածված էր այն ժամանակների ոգովՙ «Մենք տեսանք ազգերի եղբայրությունը»:
Հենց որ ամսագիրը մեր ձեռքն ընկավ, որոշվեց օպերատիվ կերպով արձագանքել, ընդ որումՙ հնարավորինս բարձր: Գտանք ավանդական ձեւը. բաց նամակ Բրեժնեւին, որն արդեն զբաղեցրել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի աթոռը, մնալով, բնականաբար, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար: Բրեժնեւի անունը այն ժամանակ մի տեսակ մարմնավորում էր արդեն բուն ԽՍՀՄ տերությունը: Նամակի վրա աշխատում էինք Սերո Խանզադյանի տանը: Նամակի տեքստին կցված էր վերլուծական մեկնաբանություն:
Այստեղ ես պարզապես պարտավոր եմ մի անհրաժեշտ շեղում կատարել: Վերակառուցման թեժ պահին հաճախ էր վիճակվում կարդալ եւ լսել, թե ինչպես են ոմանք ժամանակի բարձրությունից հեգնում Չարենցին եւ Իսահակյանին, Շիրազին ու Կապուտիկյանին եւ շատ ուրիշների, թեՙ տեսեք-տեսեք, չափազանց մեծարական նամակներ կամ բանաստեղծություններ էին գրում նվիրված Ստալինին կամ այլ առաջնորդների: Մինչդեռ այդ դեպքերում նույնպես պոետները մտածում էին ավելի շուտ հայրենիքի եւ ոչ թե իրենց մասին: Ավագ սերունդը լավ գիտեր, որ ոչ միայն իրենցից յուրաքանչյուրի, այլեւ յուրաքանչյուր հանրապետության բախտն էր կախված մազից, եւ, հետեւաբարՙ յուրաքանչյուր ժողովրդի: Օրինակ, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված նոր (Ստալինյան) սահմանադրության մեջ միանգամից բարձրացվեց մի քանի ինքնավար կազմավորումների կարգավիճակը: Ինքնավար մարզերը վերածվեցին ինքնավար հանրապետությունների, իսկ ինքնավար հանրապետություններըՙ միութենականների: Եվ դա արվեց մեկ մարդուՙ Ստալինի գրչի մեկ հարվածով: Այսինքն, թանաքի կաթիլից կախված էին ժողովուրդների ճակատագրեր: Բավական էր, ասենք, հայերը հոսանքին դեմ գնային, որպեսզի գրչի մեկ հարվածով Հայկական ԽՍՀ-ն վերածեին Հայկական ԻԽՍՀ-ի: Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովը այդ առիթով գրել է. «Ստալինը լավ էր հասկանում, որ Անդրկովկասի իր գծած քարտեզը Հայաստանը խոցելի է դարձնում ՌՍՖՍՀ-ի հետ սահմանի բացակայության պատճառով, ինչը նրա ձեռքը փաստարկ էր տալիս հայերին շանտաժելու եւ նրանց դեմ սադրանքներ կազմակերպելու համար»: Այնպես որՙ մեր հանճարների ու պայծառ գլուխների վերամբարձ խոսքը ավելի շուտ ոչ այնքան վարվեցողության տուրք էր, որքան պարտադրված դիվանագիտություն: Ճիշտ է, երբ Սերո Խանզադյանի տանն աշխատում էինք նամակի վրա, ժամանակներն այլ էին: Հետեւաբար, վերաբերմունքի եւ դիմելաձեւի ոճն էլ ուրիշ էր: Եվ այդ մասին լավ գիտեր Սերո Խանզադյանը (եւ ոչ միայն նա. Սիլվա Կապուտիկյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Լեոնիդ Հուրունցը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ջոն Կիրակոսյանը եւ շատ ուրիշներ), որն առաջարկեց ինձ. «Եկ տրորենք այդ դեմագոգների քիթը: Բայց դրա համար դու պետք է գտնես համապատասխան մեջբերում հենց հասցեատիրոջիցՙ Բրեժնեւից»: Մեզ պետք էր համարժեք պատասխան տալ Կեւորկովի փարիսեցիական նախադասությանը, թե միայն ազգայնամոլները կարող են ասելՙ թող վատ ապրեմ, բայց լինեմ Հայաստանի հետ:
Եվ ահա թե ինչ տեսք ուներ հատվածն այն տեքստից, որի տակ իր ստորագրությունը դրեց հայ գրող-ռազմաճակատային, ԽՍՀՄ Գրողների միության վարչության անդամ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հանրապետության Գրողների միության սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանը. «Իսկ չէ՞ որ այդ նախադասությունը կապ ունի ոչ թե պարզապես Հայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի հետ: Եվ դա ասվում է այն բանից հետո, երբ դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի ծաղկունքը, ասացիք. «Խորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստները եւ անկուսակցականները, բանվորները, գյուղացիները եւ մտավորականությունը հիանալիորեն զուգակցում են հայրենասիրության ոգին մեկ այլ, խորհրդային մարդու համար ոչ պակաս կարեւոր հատկությանՙ ինտերնացիոնալիզմի հետ»: Այդ մեջբերումը ոչ միայն զինաթափեց սադրիչին, այլեւ թույլ տվեց ողջ աշխարհով մեկ հայտարարել ամենագլխավորի մասին. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը երբեք իր կամքով չի ընտրել իր ներկայիս «բախտը», որով նա փաստորեն զատված է հայրենիքից: Եվ նման «բախտն», իհարկե, ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի»:
Սերո Խանզադյանի նամակըՙ վերլուծական մեկնաբանությամբ, առաջինը տպագրեց Բեյրութի ռամկավարների «Զարթօնք» թերթը: 1977 թվականի սեպտեմբերի միայն մեկ շաբաթվա ընթացքում նամակը տպագրվեց նաեւ այնտեղի դաշնակցական «Ազդակ», հնչակյան «Արարատ», համայնավարների «Կանչ» թերթերում: Եվ ապա շղթայական ռեակցիայով «Արցախի գտնվելու իսկական տեղի մասին հարցը» բարձրացվեց բոլոր հինգ աշխարհամասերում, որտեղ կային հայկական գաղութներ: Իսկ «Ամերիկայի ձայնի» հայկական բաժինը կես տարի շարունակ, համարյա թե ամեն օր հատուկ հաղորդումներ էր պատրաստումՙ մեկնաբանություններով եւ արձագանքներով: Արտասահմանյան երկրներից նամակներ էին գալիս ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ արտգործնախարարություն: Խնդրով զբաղվում էին ՊԱԿ-ում: Մոսկվան հանգիստ չէր տալիս Կարեն Դեմիրճյանին եւ գաղափարախոսության գծով Կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին: Պետք է խոստովանել, որ նրանք երկուսն էլ իրենց արժանավայել էին պահում: Նամակի հանդեպ Դեմիրճյանի արձագանքի մասին մանրամասն պատմել եմ իմ «Դրախտ եւ դժոխք» գրքում:
Մեր այդ քայլը մեկ ավելորդ անգամ հաստատեց, որ նամակագրական ժանրը մարտական, ռազմավարական զենք է: Ծանր քարի տակով ջուր չի հոսում: Բաքվում երկար ժամանակով սսկվեցին: Նման յուրաքանչյուր ալիք հրում էր դեպի Ղարաբաղյան շարժման սկիզբ: Յոթանասունականների վերջին, ութսունականների սկզբին Երեւանում, գործնականում բոլոր հերթական կուսակցական ժողովներում կոմունիստները (այո, այո՛, հենց կոմունիստները) բարձրացնում էին Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը: Այդ ժամանակ արդեն տարբեր հիմնարկներում հայտնվել էին քսերոքսները, ինչը հնարավորություն էր տալիս հազարավոր օրինակներով թռուցիկներ տարածել:
Թռուցիկները մեծ մասամբ ռուսերեն էին: Դրանք թարգմանվում էին հայերեն միայն նրա համար, որ ուղարկվեին սփյուռք: Հեղինակները գրողներ էին, գիտնականներ, տնտեսագետներ, պատերազմի վետերաններ, սոցիոլոգներ, ի դեպ, ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Լենինգրադից, Ռյազանից, Դոնի Ռոստովից եւ բազմաթիվ այլ քաղաքներից: Նյութերը ոչ միայն տեղեկատվական, այլեւ լուսավորչական բեռ էին կրում:
… Ամենատարածված բառը վերակառուցման շրջանում, բացի «հրապարակայնություն», «ժողովրդավարություն», «արագացում» բառերից, «բնապահպանությունն» էր: Ճիշտ է, ԽՄԿԿ Կենտկոմի ապրիլյան պլենումից դեռ շատ առաջ, որը 1985 թվականի ապրիլի 23-ին հռչակեց վերակառուցման սկիզբը, ԽՍՀՄ-ում բուռն կերպով քննարկում էին բնապահպանական խնդիրներ: Բայց այստեղ հայտնվեց շրջակա միջավայրի պահպանման պայքարի մեկ այլ տարրՙ ցույցերը: Խորհրդային Միությունում առաջին ցույցերը տեղի ունեցան Հայաստանում: Դրանք սկզբում անցկացվում էին կուսակցական հավաքներում դեռեւս 1986 թվականին, իսկ մեկ տարի անց, 1987-ի աշնանը ինչ-որ մեկը Երեւանի Թատերական հրապարակի մեջ տեսնելու էր լոնդոնյան Հայդ պարկի իմաստը, որտեղ կարելի էր հավաքվել եւ ասել այն ամենը, ինչ կուտակվել էր սրտումդ: Այնտեղ առաջին անգամ հնչեց լուրը, թե ինչպես են վանդալները Չարդախլուում ավերել ու թալանել Խորհրդային Միության մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի թանգարանները: Մեր ժողովրդի սրտում կուտակվել էին ոչ միայն Սեւանի ու Երեւանի խնդիրները, որոնց մասին հատուկ հենց այդ ժամանակ շատ էին գրում տեղական ու կենտրոնական մամուլում, այլեւ Նախիջեւանի եւ Ղարաբաղի խնդիրները: Այստեղ արդեն անգնահատելի դեր կատարեց Իգոր Մուրադյանը, մանրազնին նախապատրաստվելով յուրաքանչյուր բնապահպանական ցույցի, որն ավարտվում էր երթովՙ ցուցապաստառներով, կարգախոսներով եւ Գորբաչովի դիմանկարներով:
… Հենց այդ ժամանակ էր, որ Արցախի եւ Նախիջեւանի տարածքում բազմաթիվ ակտիվիստներ սկսեցին ստորագրահավաքը: Յուրաքանչյուր մեքենագիր էջի վերեւում գրված էր. «Հանուն Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի միացման Հայաստանին», եւ ապա հաջորդում էին անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը: Ավելի քան ութսուն հազար մարդ Արցախում եւ Նախիջեւանում մասնակցեց խորհրդային իրականության համար այդ եզակի հանրաքվեին, որը համարվում է ժողովրդական քվեարկության անվիճելի ձեւ: Քաղաքական թռուցիկների ամենաբեղուն հեղինակներից մեկըՙ Սուրեն Այվազյանը այդ բոլոր ստորագրություններն ամբողջացրեց ամուր կազմ ունեցող տասը ահռելի հատորներում: Մոսկվա ուղարկվելուց առաջ դրանք ցուցադրվեցին Հայաստանի Գրողների միության կուսակցական ժողովում:
Գուցե Ղարաբաղյան շարժումն սկսվեց Խանզադյանի նամակի՞ց: Իսկ գուցե բնապահպանական եւ մուրադյանական ցույցերի՞ց: Իսկ գուցե մի ողջ ժողովրդի ստորագրահավաքի բուն գործընթացի՞ց: Գուցե: Սակայն, իմ խորին համոզմամբ, Շարժումը եղել է միշտ, սկսած, թերեւս, տասնյոթ թվականից: Հնարավոր էՙ տասնութից, երբ Դաշնակցական հանրապետության (սա պատմական անվանումն է) առաջնորդները սկսեցին Գորիս-Լաչին-Շուշի ճանապարհի շինարարությունը: Դա նման էր հզոր գետի շարժման, որը յուրաքանչյուր վերստի հետ ավելի ու ավելի հորդահոս եւ կենսարար էր դառնում:
Ինձ թվում է, պետք է խոսել ոչ թե այդ գետի ակունքի, այլ վտակների մասին: Մի՞թե վտակ չդարձավ իսկապես քաջարի մարդուՙ Հայաստանի ԿԿ(բ) Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Հարությունյանիՙ Ստալինին ուղղված նամակը 1945 թվականի նոյեմբերին, երբ բոլոր ժամանակների ու ժողովուրդների առաջնորդը հաղթանակից հետո, Զեւսի պես, բարձրացվել էր աստվածների աստվածի աստիճանին: Գրիգորի Արտեմեւիչը շատ էլ լավ գիտեր, որ հենց Ստալինն էր անձամբ, 1921 թվականի հուլիսի հինգին ստիպել ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անդամներին չեղյալ համարել նախկինում ընդունված որոշումը եւ վառել մի խարույկ, որը վերածվելու էր անվերջանալի հրդեհի: Հարությունյանը չէր կարող չիմանալ, որ, բացի ամենայնից, բախվելու է Ստալինի հիվանդագին փառամոլությանը: Նամակը մեծ չէ: Հինգ փոքրիկ պարբերություն: Կներկայացնեմ միայն մեկը. «Լեռնային Ղարաբաղի մարզը Հայաստանի կազմ մտցնելը հնարավորություն կտար տեղական կադրերին բարձրագույն կրթությունը շարունակել մայրենի լեզվով, Հայաստանի բուհերում: Մյուս կողմից, Հայկական ԽՍՀ-ը կարող էր Լեռնային Ղարաբաղի մարզից ստանալ ազգային կադրեր, որոնք աչքի են ընկնում իրենց գործնականությամբ, եւ այս պահին, բնականաբար, չեն կարող լիովին օգտագործված լինել Ադրբեջանում»: Հայկական ԽՍՀ ղեկավարն իր նամակն ավարտում է տրամաբանորեն արդարացված մի մտքով, թե «այս հարցի դրական լուծման դեպքում Հայաստանի Կենտկոմը եւ Ժողկոմխորհը առաջարկությամբ կմտնեն կառավարությունՙ վերականգնելու նախկին կենտրոն Շուշի քաղաքը, որն ավերվել էր խորհրդային կարգերի հաստատումից առաջ» (ՊԱԱՖ, ֆ. 1, օպ. 25, գ. 42): Նամակը գրվել է 1945 թվականի նոյեմբերին, այնպես որ, ցանկության դեպքում, այդ ժամանակն էլ կարելի է նշել որպես Ղարաբաղյան շարժման սկիզբ:
Հիշեցնենք, որ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կազմում էր 137 հազար մարդՙ ընդհանուր 157 հազարից: Մնացած 20 հազարի մեջ էին մտնում ադրբեջանցիներ, քրդեր, ռուսներ, հույներ, հրեաներ եւ ուրիշներ:
Ստալինը Հարությունյանի նամակին արձագանքեց զուտ ստալինավարի. կարգադրեց Ադրբեջանին քննարկել այդ հարցը: Իսկ Բաքվում լավ էին հիշում, թե նման դեպքերում ինչպես էր հարցը լուծում իրենց առաջին առաջնորդ Նարիմանովը քառորդ դար առաջ: Նա նամակ էր գրել Լենինին եւ Ստալինին, որտեղ խոսվում էր ողջ մահմեդական աշխարհի կողմից սպառնալիքի մասին: Ճիշտ է, այն ժամանակ ոչ մեկը հարց չտվեց, թե ախր, դա ի՞նչ մահմեդական աշխարհ է: Խոսքը ընդամենը Թուրքիայի մասին էր: Այսպիսով, Ստալինը հերթական անգամ «խեղդեց» հարցը: Իսկ խեղճ Գրիգորի Հարությունյանը չիմացավ էլ, որ դրանից հետո Ադրբեջանում բուռն գործունեություն ծավալեցին, քողարկվելով «Կեցցե՛ լենինյան-ստալինյան ազգային քաղաքականությունը» կարգախոսով: Բագրատ Ուլուբաբյանի արտահայտությամբ «աշխատանքն ընթանում էր ողջ մարզումՙ աղվեսային հնարքներով»:
Արցախի բոլոր գյուղերում ժողովներ կազմակերպեցին, որտեղ խոսում էին դարավոր բարեկամության մասին: Այն սոված ու աղքատ տարիներին սկսեցին թանկարժեք նվերներով խրախուսել այսպես կոչված ինտերնացիոնալ հարսանիքները: Բայց ամենից սարսափելին այն էր, որ շուտով գետի պես Ղարաբաղ հոսեցին բանագնացներ, որոնք կոչ էին անում ղարաբաղցի շինարարներին ու բանվորներին իրենց ընտանիքներով մեկնել «Կոմունիզմի մեծ կառույցներ» (Մինգեչաուրի ՀԷԿ, արդյունաբերական Սումգայիթ եւ այլն): Պապս, որին Ստեփանակերտի իմ հասակակիցներն էլ էին կոչում Մարկոս պապ, այդ օրերին մի բան ասաց, որ ողջ կյանքում չմոռացա. «Այս ի՞նչ է կատարվում: Օր ու գիշեր Ղարաբաղից դուրս են հանում փեսացուներին, ասես քիչ ենք կորցրել անցած պատերազմում»: Մեծ հայրենականում զոհվեցին Մարկոս պապիս երեք չամուսնացած զավակներըՙ Աշոտը, Արտաշեսը, Արտավազդը: Երեք կապիտաններ: Երեք հարսնացուները, որ չտեսան իրենց սիրեցյալների վերադարձը, դեռ երկար ժամանակ այցելում էին փեսացուների ծնողներին:
Այն ժամանակ Ղարաբաղում, կարծում եմ, նաեւ ողջ Հայաստանում ոչ ոք չգիտեր, որ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում մեր տատիկների ու պապիկների աչքի առաջ արդեն լիովին ամայանում էին աշխարհի պես հինավուրց մեր հայկական գյուղերը: Նույնը կատարվում էր նաեւ պատմական հայկական Գարդմանքում: Առայժմ ամուր էին մնացել միայն ԼՂԻՄ-ը (կամ այն, ինչ մնացել էր պատմական Արցախից), Գյուլիստանի (Շահումյանի) շրջանը եւ Գետաշենի ենթաշրջանը: Ամուր էին մնացել, նշանակում էՙ պայքարում էին: Նշանակում էՙ Շարժումն ապրում էր: Ղարաբաղյան շարժումը: Եվ այնուամենայնիվ մենք բոլորս դանդաղ, բայց հաստատուն քայլում էինք դեպի այն օրը, որը մեր կյանք պիտի մտներ ինչպես երեխայի ծնունդը: Կարելի է ասել, որ մենք մի տեսակ շոշափելիորեն էինք արդեն տեսնում այդ օրը: Գիտեինք, որ այն անպայման գալու է:
1986 թվականի կեսերից եւ ողջ 1987 թվականի ընթացքում չէր դադարում հեռագրերի եւ պատվիրված նամակների հոսքը Մոսկվա: Դրանց հեղինակներն արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում էին լուծել Ղարաբաղի հարցը: Խոսքը հազարավոր ու հազարավոր թղթակցությունների մասին է: 1987 թվականի դեկտեմբերի 1-ին ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի վարիչ Ա. Կրինինն ընդունեց հայկական պատվիրակությանըՙ բողոքագրով: Դա արդեն մի ինչ-որ ֆանտաստիկ բան էր: 1988 թվականի հունվարի 4-ին Իգոր Մուրադյանը Մոսկվա բերեց մի մեծ պատվիրակություն ԼՂԻՄ-ից: Մենք պատվիրակների հետ «հրահանգավորում» անցկացրինք մոսկովյան ընդհատակյա բնակարանում: Պատվիրակությանն ընդունեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Լ. Դեմիչեւը, եւ որ ամենագլխավորն էՙ ԽՄԿԿ Կենտկոմի ազգամիջյան հարաբերությունների նորաստեղծ ենթաբաժնի վարիչ Վ. Ա. Միխայլովը, որը մեկ ամիս անց, փետրվարի սկզբին ընդունեց եւս մեկ պատվիրակության Արցախից: Նույն պատվիրակությանն ընդունեց ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Ա. Ա. Գրոմիկոն: Այդ ամենը պետք էր նախապես կազմակերպել: Այդ նույն ժամանակ սփյուռքի թերթերը կանոնավորապես տպագրում էին նյութեր Արցախի խնդրի վերաբերյալ: Փետրվարին առանձնապես աչքի ընկան Բոստոնում հրատարակվող ռամկավարական «Արմինյն միրոր սփեյքթեյթր» եւ «Պայքար» թերթերը:
1986 թվականի փետրվարի 11-ին կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կեւորկովը հավաքում է ապարատի աշխատողներին եւ ինքնապաստան կերպով հաղորդում նրանց, թե Բաքվից պաշտոնական տեղեկատվություն է եկել, որտեղ ընդգծվում է. Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորվելու հարցը չի քննարկվելու ԽՄԿԿ Կենտկոմում, Կրեմլում ոչ ոք չի ընդունում ԼՂԻՄ-ի պատվիրակություններին: Մոսկվային չէր կարող չանհանգստացնել օր օրի շիկացող մթնոլորտը ոչ միայն Արցախում եւ Հայկական ԽՍՀ-ում, այլեւ արտասահմանում: 1988 թվականի հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 20-ը ես ԱՄՆ-ում էի գտնվում գրողների, գիտնականների, արտիստների, կինոգործիչների մի մեծ խմբի (ավելի քան հարյուր մարդ) կազմում: Պատվիրակությունը ղեկավարում էր Խաղաղության պաշտպանության կոմիտեի նախագահ Հենրիխ Բորովիկը: Ուղեւորությունն իրագործվել էր «ԽՍՀՄ-ԱՄՆ. ժողովրդական դիվանագիտություն» եզակի ծրագրի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս-քիմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովը եւ «Լատինական Ամերիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգո Միկոյանը: Մեզ բաժանեցին փոքր խմբերի, եւ մենք մեկնեցինք տարբեր նահանգներ: Ամերիկացիների հետ հանդիպումների թեմաները նախապես մշակված էին: Հաճախ փոխում էին խմբերի կազմը: Այնպես ստացվեց, որ հերթական անգամ նույն խմբում հայտնվեցինք ես, Նիկոլայ Ենիկոլոպովը, Սերգո Միկոյանը եւ գրող, արվեստաբան, փիլիսոփա Անդրեյ Նույկինը: Բոլորն արդեն լավ գիտեին, թե այդ օրերին ինչ էր կատարվում Արցախում, Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Բավական է ասել, որ շատ չանցած Անդրեյ Ալեքսանդրովիչ Նույկինը դառնալու էր ռուս մտավորականության լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի համանախագահը: Այդ օրերին (առանձնապես գիշերները) ես կապվում էի Երեւանի եւ Ստեփանակերտի հետ: Այդ հարցում ինձ օգնում էր Լուիզ Սիմոն-Մանուկյանը: Ես գրառումներ էի կատարում իմ հուշատետրերում, այդպիսով պահպանելով այն օրերի ժամանակագրությունը, որոնք նախորդել էին սոցիալական պայթյունի սկսվելուն:
… Ստեփանակերտից ինձ տեղեկատվություն էին մատակարարում կնոջս եղբայր Վալերի Մարությանըՙ Արցախի ռազմա-բժշկական ծառայության ապագա հիմնադիրը, եւ իմ մեծ բարեկամ, ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարախոսական բաժնի հրահանգիչ Լեոն Օնիկովը: Ահա այն օրերի գրառումները. «1988 թվականի փետրվարի 11-ին Կրեմլի առաջարկով Բաքվից Ստեփանակերտ ժամանեց ԽՄԿԿ Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Ն. Կոնովալովը… Ես համոզված եմ, որ դա ոչ թե Կրեմլի առաջարկն էր, այլ Ադրբեջանի ղեկավարներն իրենք էին պնդել, որ առաջինը Ստեփանակերտ գնար հենց ռուսը: Չէ՞ որ պետք կլիներ այսպես ասածՙ կարգուկանոն հաստատել, այսինքնՙ ճնշման միջոցներ գործադրել: Այնպես որ, մի բան պատահելու դեպքում ամեն ինչ կարելի էր գցել ռուսների վրա: Բայց ո՛չ Կոնովալովի այցից, ո՛չ էլ Բաքվի հերթական դեսանտից ոչինչ չստացվեց: Քանզի արդեն փետրվարի 12-ին Ստեփանակերտում, Մարդակերտում եւ Հադրութում միաժամանակ անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ: Օրակարգում միայն մեկ հարց էր դրվածՙ ԼՂԻՄ-ի վերամիավորումը Հայկական ԽՍՀ-ին: Մարտունու եւ Ասկերանի շրջաններում բախումներ տեղի ունեցան շրջանների ակտիվիստների եւ մարզի ղեկավարության միջեւ: Չնայած սպառնալիքներին, երկու տեղում էլ բողոքն արտահայտվեց ցույցերով: Ամենագլխավորը տեղի ունեցավ փետրվարի 13-ին: Ուղիղ ժամը 11-ին Ստեփանակերտի Լենինի հրապարակում տեղի ունեցավ ոչ թե տարերային, այլ նախապես կազմակերպված առաջին ցույցը, որը տեւեց մեկ ժամ: Իշխանությունների համար դժվար էր կազմել Կրեմլի ղեկավարությանն ուղղված զեկույցների տեքստերը. չէ՞ որ մայր-հայրենիքի հետ միավորվելու պահանջներն ընթանում էին կարգախոսների ներքոՙ հանուն վերակառուցման, հանուն ժողովուրդների բարեկամության, հանուն հրապարակայնության, ի պաշտպանություն Գորբաչովի քաղաքականության:
Այսօր շատ քչերն են հիշում այդ առաջին ծիծեռնակի մասին: Առաջին ցույցի: Սակայն հենց այդ ցույցի մասին տեղեկատվությունը հասավ ամերիկյան թերթեր եւ Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանություն հայկական տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից: Առանձնակի ակտիվությամբ աչքի էին ընկնում Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի հասարակական կազմակերպությունները: Լուիզ Սիմոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի սոցիալ-տնտեսական հարցերով օգնական Բենոն Սեւանի աջակցությամբ, կազմակերպեց հանդիպումը (պաշտոնապես, որպես «Ժողովրդական դիվանագիտության» խորհրդային պատվիրակության անդամ եւ Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից) քսանինը երկրների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդ, Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը (հետագայումՙ պատրիարք Երուսաղեմի հայոց, այժմՙ հանգուցյալ): Արդեն տասը րոպե անց տրվող հարցերը հիմնականում Ղարաբաղի մասին էին: Դա 1988 թվականի փետրվարի 17-ին էր: Ես արդեն ձեռքիս տեղեկություններ ունեի, որ ոչ միայն Ստեփանակերտի քաղգործկոմում, այլեւ շրջանային գործադիր կոմիտեներում ընթանում են ժողովրդական պատգամավորների նստաշրջաններ, որտեղ ընդունվում է բացառապես մեկ որոշումՙ հայկական պատմական մարզի միավորումը Հայաստանի հետ: Ներկաների մեջ էր նաեւ ԽՍՀՄ ներկայացուցիչ Վիկտոր Զվեզդինը:
Փետրվարի 20-ից ուղիղ մեկ շաբաթ առաջ «ժողովրդական դիվանագետների» մեր պատվիրակությունը վերադարձավ տուն: Հենրիխ Բորովիկի հետ ոչ դյուրին մի խոսակցություն ունեցա: Ես նրան խնդրեցի, որ թույլ տա ինձ եւս մի քանի օր մնալ ԱՄՆ-ում: Այդ իմաստուն մարդն ու տաղանդավոր հրապարակախոսն ինձ շատ լավ էր հասկանում: Եվ ես նրան երախտապարտ էի դրա համար: Իհարկե, նա այն ժամանակ չէր կարող իմանալ, որ մեր զրույցից ընդամենը մեկուկես ամիս անց իր նկարահանման խմբով ժամանելու է Լեռնային Ղարաբաղ, որպեսզի «Դիրքորոշում» հեղինակային ծրագրով առաջիններից մեկը ոչ միայն պատմի, այլեւ փորձի ցուցադրել Սումգայիթի սարսափները: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ Լուիզ Սիմոնի մասին, որը դժվար թե կարող էր այն ժամանակ ենթադրել, թե մի քանի ամիս անց իր դստեր, ինչպես եւ Մերի Նաջարյանի ու Մայքլ Արմենի հետ ուղղաթիռով թռչելու էին Ստեփանակերտ, որտեղ հանդիպելու էին Արկադի Վոլսկուն: Սփյուռքի ներկայացուցիչների Արցախ կատարած այդ առաջին այցելության մասին ես հոդված գրեցի «Խորհրդային Հայաստան» թերթումՙ վերնագրելով «Առաջին ծիծեռնակը»:
Եվ այսպես, երազանքի օրը պետք է դառնար 1988 թվականի փետրվարի 20-ի շաբաթ օրը: Հենց այդ օրը, վաղ առավոտյան, թռիչքից ամբողջ երեք ժամ շուտ, Լուիզ-Սիմոնի հետ մեքենայով գնում էինք Նյու Յորքի «Քենեդի» օդանավակայան: Նախորդ օրը ես իմացել էի, որ Մոսկվայից այստեղ էր թռչելու ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, եւ Լուիզը ցանկություն էր հայտնել ծանոթանալու, ինչպես այն ժամանակ էին մեծարում հայտնի տնտեսագետին, «վերակառուցման ճարտարապետի» հետ: Ես անընդհատ նայում էի ժամացույցիս: Տարբերությունը Ստեփանակերտի հետ ութ ժամ էր: Իսկ դա նշանակում է, որ հենց այդ ժամանակ, երբ մենք օդանավակայանի ճանապարհին էինք, Ստեփանակերտում սկսվում է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ, XX գումարման նստաշրջանը:
Օդանավակայանում ես Լուիզին ծանոթացրի ակադեմիկոս Աղանբեկյանի հետ, որը պատմեց, թե ողջ Մոսկվան փոթորկվում էՙ շուրթերին «Ղարաբաղ» բառը: Ես նրան հայտնեցի, որ մեր հայրենակիցներին լավ ծանոթ է ԱՄՆ-ում իր մեկամսյա այցելության երթուղին եւ արդեն նախապատրաստած հարցեր ունեն Ղարաբաղի վերաբերյալ: Նա հակադարձեց. «Իսկ ես էլ նախապատրաստած պատասխաններ ունեմ»: Փետրվարի 21-ի վաղ առավոտյան արդեն Մոսկվայում իմացա, որ նստաշրջանը չորս ժամով հետաձգվել էր: Այն սկսվել էր ժամը 20-ին տեղական ժամանակով: 149 պատգամավորներից մասնակցել էին 110 հոգի: Այդ մասին ինձ հեռախոսով հայտնեց Վալերի Մարությանը: Ես նրան խնդրեցի վերցնել «Սովետական Ղարաբաղ» թերթը եւ բարձրաձայն կարդալ նիստի որոշման տեքստը: Նա սկսեց կարդալ. «Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավորների ելույթներըՙ միջնորդելու Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների առջեւՙ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ մտցնելու մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշեցՙ ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկությանը, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին եւ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին խոր ըմբռնում հանդես բերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ակնկալիքների հանդեպ եւ որոշել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ փոխանցելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գրագույն խորհրդի առջեւՙ դրականորեն լուծելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը»: Նույն օրը ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն օպերատիվ կերպով հնչեցրեց իր արձագանքը Ղարաբաղի մարզգործկոմի որոշմանը: Դա հիստերիկ ճիչ էր, որն, ըստ էության, Ադրբեջանին կոչ էր անում դիմել սադրանքների:
Ավելի ուշ մենք իմացանք, որ ամենից ակտիվ եղել էր Եգոր Լիգաչովը, որը բառացիորեն կատաղել էր նրանից, թե գիտե՞ք, ինչ-որ ծայրահեղականներ իրենց թույլ են տալիս խոսել ժողովրդի անունից: Նա նկատի ուներ «ընդառաջելով աշխատավորների ցանկությանը» արտահայտությունը: Քաղբյուրոյի ամենից շատ չսիրված անդամն այդպես էլ չհասկացավ, որ հենց այդ արտահայտությունն էր արտացոլում այն անվիճելի փաստը, որ դեռեւս մինչեւ մարզային նստաշրջանը, Արցախի ողջ ժողովուրդը շրջանային նիստերում արդեն ինքն իր համար վճռել էր այդ հարցը: Թերեւս խորհրդային իշխանության ողջ ժամանակաշրջանում ոչ մի այլ որոշում չէր ընդունվել այդքան գրագիտորեն եւ սահմանադրության պահպանմամբ:
… Մեկ օր անց ինձ ուղարկեցին փետրվարի 21-ի «Խորհրդային Ղարաբաղը»: Ես պետք է Մոսկվայում գտնվեի այնքան ժամանակ, քանի դեռ չէի հանդիպել նրանց հետ, ումից այս կամ այն աստիճանով կախված էր այդ հարցի որոշումը: Ինձ կանոնավորապես ուղարկում էին թերթեր եւ անհրաժեշտ տեղեկատվություն: Նաեւ կանոնավորապես զանգում էր Իգոր Մուրադյանը, անհանգստություն հայտնելով, որ արդեն անհնար է զսպել ժողովրդին: Համարյա թե ամեն օր, ծանրակշիռ թղթապանակով, որ պատրաստել էինք ՄՊՀ-ի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովի տանը, ես մտնում էի ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգիչների, բաժինների ու բաժանմունքների վարիչների աշխատասենյակներ եւ ամեն տեղ թողնում էի թղթապանակի մեկ օրինակ: Ինձ օգնում էին Լեոն Օնիկովը, Սերգո Միկոյանը (նրա հանգուցյալ կնոջ եղբայրը քաղբյուրոյի անդամ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ալեքսանդր Յակովլեւի օգնականն էր), Հայաստանի կոմկուսի Կենտկոմի նախկին երկրորդ քարտուղար Գեորգի Ղազարյանցը, Գորբաչովի օգնական Գեորգի Շահնազարովը:
Երբ հերթը հասավ Կենտկոմի քարտուղար Յակովլեւին, ես որոշեցի Մոսկվա հրավիրել Սիլվա Կապուտիկյանին: Դաՙ արդեն Գորբաչովի հետ հանդիպման համար: Ես հասկանում էի, որ շատ աշխատասենյակների դռներ բացվում էին շնորհիվ «Լիտերատուրնայա գազետա»-ում իմ բազմաթիվ հրապարակումների: Այդ մասին խոստովանում էին, որպես կանոն, իրենքՙ աշխատասենյակների տերերը:
Իսկ առայժմ ամեն օր համակարգում էի ստացվող նյութերը: Չէի բաժանվում «Խորհրդային Ղարաբաղ» թերթի համարներից: Դա թերեւս աշխարհում առաջին անգամ էր, որ թերթը լույս էր տեսնում կիրակի օրը: Բացառություն էր կազմում միայն «Պրավդա»-ն: Կարծում եմ, ինչ-որ ժամանակ մենք ֆիլմ կնկարահանենք կամ գիրք կգրենք, թե ինչպես 1988 թվականի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը տպագրվեց փետրվարի 23-ի համար ծրագրված համարըՙ նվիրված խորհրդային բանակի 70-ամյակին: «Խորհրդային բանակի ղարաբաղցի զորահրամանատարները» վերնագրի տակ տեղավորված էին նյութեր վեց գեներալների մասինՙ դիմանկարներով եւ կենսագրական տվյալներով: Ի դեպ, նրանցից մեկը ադրբեջանցի էր: Այն մասին, թե ինչպես տղաները կարողացան հրատարակել նստաշրջանի որոշումը, այն էլ կիրակի օրով, իհարկե, արժե պատմել: Արդեն այն ժամերին ու րոպեներին պարզ էր դարձել, որ Ղարաբաղն ու ղարաբաղցիները տրամադրված են ոչ թե «ռոմանտիկ վճռականությամբ», այլՙ «գիտակցված վճռականությամբ»: Նրանք հստակ գիտակցում էին, որ իրենք չէին բարձրացրել Արցախի, Հայաստանի եւ նրա ապագայի փրկության պայքարի դրոշը, այլ ընդունել են այն որպես էստաֆետ իրենց հայրերից, որոնք բազմաթիվ անգամներ էին ղարաբաղյան շարժում սկսել:
… Կրեմլն այդպես էլ չհասկացավ «Փետրվարի 20» երեւույթի ո՛չ պատմական, ո՛չ ժողովրդավարական էությունը: Կրեմլում միայն կարելի էր լսել, թե ղարաբաղյան խնդրի դրական լուծումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ, որն իր հերթին կհանգեցնի երկրում սահմանների վերաձեւման շղթայական ռեակցիայի: Իսկ կյանքը ցույց տվեց, որ նախադեպ դարձավ ոչ թե «Փետրվարի 20»-ը, այլ արյունոտ Սումգայիթը, որը, Անդրեյ Սախարովի խոսքերով, բերեց բազմաթիվ «սումգայիթների» եւ ապաՙ երկրի փլուզման:
Ինչ վերաբերում է բուն Ղարաբաղին, ապա ժամանակն է, թեկուզ քառորդ դար անց, հասկանալ վերջապես, որ չկա եւ չի կարող լինել ոչ մի նախադեպ: Քանզի չկար եւ չկա հենց Ղարաբաղի խնդիրը: Կար եւ կա Ադրբեջանի խնդիր: Եվ «1988 թվականի փետրվարի 20»-ն էր, որ բացեց աշխարհի աչքերը: Պարզ դարձավ, որ Ղարաբաղն իր ավելի քան երկու հարյուր քրիստոնեական տաճարներով ու եկեղեցիներով (մեծ մասն ավերված է Ադրբեջանի իշխանությունների կողմից) ոչ մի կերպ չէր կարող գտնվել մի պետության ներսում, որը երբեք գոյություն չէր ունեցել բնության մեջ: Այդ մասին ես չեմ ասում, այդ մասին գրում է գիտնական-պատմագետ Ե. Ա. Պախոմովը, որի դասախոսություններով դեռեւս 1923 թվականին առաջին ադրբեջանցի ուսանողները սովորեցին հենց նոր ստեղծված խորհրդային հանրապետության պատմությունը: Արդեն նախաբանում դասախոսությունների ժողովածուի հեղինակը գրում է. «Հրատարակելով արեւելյան Անդրկովկասի (ահա այդպես էր կոչվում ռուսական կայսրության այդ մասը) պատմության ակնարկը, որը ներկայումս գրավված է Ադրբեջանի հանրապետության կողմից, անհրաժեշտ եմ համարում մի քանի բառով…»: Ինչպես դժվար չէ գուշակել, «արեւելյան Անդրկովկաս» բառակապակցությունը զուտ աշխարհագրական է եւ ոչինչ ավելի: Ահա թե ինչ է գրում պատմաբան Պախոմովը իր մենագրության 11-րդ էջում. «Ադրբեջան անվանումը երբեք չի տարածվել Արաքսից հյուսիս ընկած հողերի վրա: Միայն 1917 թվականին, երբ լուծարվեց Վրաստանի, Հայաստանի եւ Արեւելյան Անդրկովկասի անդրկովկասյան կոմիսարիատը, առաջարկություն ծնվեց հիմնել մի պետություն, որը կմիավորի բոլոր այսպես կոչված «ադրբեջանական թուրքերին»: Այդ պետությանը տրվեց Ադրբեջան «պրովիզորային» անվանումը (գերմաներենՙ նախնական, ժամանակավոր): Անվանումը ստիպված եղան թողնելՙ ավելի լավը չգտնելու պատճառով»:
Եվ այսօր, Ղարաբաղյան շարժման հոբելյանական 25-ամյակի տարում, յուրաքանչյուրն, ով ստանում է միջազգային լիազորություններ, ինչպես ասում են, զբաղվելու ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, պետք է առաջին հերթին ինքն իր համար պարզի հետեւյալը. մենք բոլորս գործ ունենք մի անհեթեթության հետ, երբ հինավուրց Հայաստանի պատմական մարզը ոչ թե պետական, այլ կուսակցական մարմնի որոշմամբ, որը ղեկավարում էր բազմաթիվ ժողովուրդների դահիճը, ներառվեց դեռ երեկ գոյություն չունեցած մի պետության կազմում, որին ժամանակավորապես, այսպես ասածՙ «պրովիզորային» կարգով էին տվել մի անուն, որից «ավելի լավը» դեռ չէին գտել:
Չի կարելի մի ամբողջ ժողովրդի դարձնել Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքների խորամանկ մեկնաբանությունների եւ չարաբաստիկ նախադեպերի պատանդ: Դա վտանգավոր է ոչ այնքան Հայաստանի, որքան ամբողջությամբ վերցրած ողջ տարածաշրջանի համար եւ, հետեւաբար, նաեւ ողջ աշխարհի: Ցանկանում ենք, թե ոչ, այդ հարցը պետք է լուծվի արդարացիորեն: Քանզի ոչ միայն օրենքները, այլեւ նույնիսկ բուն խելամտությունը առանց արդարության եւ տրամաբանության ոչինչ չարժեն:
… Ամենազարմանալին այն է, որ Ղարաբաղի մասին գաղտնիքը առաջինը բացահայտեց ոչ այլ ոք, քան Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգուտ Օզալը, որը բառացիորեն շշպռեց Ադրբեջանի ղեկավարությանը միայն նրա համար, որ կազմակերպեցին «սումգայիթ» եւ «բաքու», հայերին պարտադրեցին պատերազմ: Նա լավ գիտեր, որ ամբողջ յոթանասուն տարի Թուրքիան բավական ճարպկորեն, Բաքվի միջոցով սնուցում էր Լեռնային Ղարաբաղում եւ Հայկական ԽՍՀ-ում գտնվող ադրբեջանական բնակչությանը, նրանց հիմնականում տեղավորելով Թուրքիային եւ Ադրբեջանին սահմանակից շրջաններում, ռազմավարական կարեւոր կետերում… եւ հանկարծ ողջ թուրքական մարտավարությունը, բոլոր ջանքերը եւ բոլոր միջոցները կորան գրողի ծոցը: Եվ այդ ամենը այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի չէր առել, որ «սումգայիթին» եւ «բաքվին», բարբարոսությանն ու վանդալիզմին, ավերիչ պատերազմին հայերը պատասխան էին տալու վճռականորեն:
Իսկ հիմա պատկերացնենքՙ ինչ կլիներ մեզ հետ, եթե ԽՍՀՄ-ի փլուզման պահին մեր բոլոր սահմանամերձ գոտիները, բոլոր ռազմավարական ճանապարհներն ու կետերը գտնվեին նրանց վերահսկողության տակ, ովքեր ունակ էին կազմակերպել հրեշավոր «սումգայիթ» եւ ոչ պակաս հրեշավոր «բաքու»: Հենց միայն Թուրքիային սահմանակից հայկական Ամասիայի շրջանի օրինակն ինչ ասես արժե. այնտեղ բնակչության մոտ իննսուն տոկոսը կազմված էր իրենց թուրքեր համարող ազերիներից: Չէ՞ որ, եթե չհնչեր 1988 թվականի փետրվարի 20-ի ղարաբաղյան կոչնակը, ապա 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Գորբաչովը ստորագրեց իր վերջին փաստաթուղթը Խորհրդային Միության փլուզման մասին, Հայաստանի բոլոր սահմանները կրունկի վրա բաց կլինեին: Այդ մասին մենք լավ գիտենք 1917-1918 թվականների ողբերգական փորձից: Ինչպես նաեւ գիտենք, որ ապագա դժբախտությունը կանխելու լավագույն ձեւը գործուն կերպով հիշելն է, թե ինչ է եղել անցյալում: Այդ թվում եւ այն մասին, թե ինչ է եղել քսանհինգ տարի առաջ:
Զորի ԲԱԼԱՅԱՆ
«Հայոց աշխարհ»
«Ազգ»