Անկախ Հայաստանում, բացի հիմնադիր առաջին նախագահի ընտրությունից, նախագահական ոչ մի ընտրություն չի ավարտվել առանց երկրորդ առավելագույն քվե ստացած հավակնորդի բողոքարկման: Ինչ-որ չափով, թերեւս, այս ֆենոմենից շեղում կարելի է համարել 1998 թ.-ի ընտրությունները, որտեղ հայտարարվեց ընտրությունների 2-րդ փուլ, որտեղ վերջնական հաղթանակ տարավ Ռոբերտ Քոչարյանը, մինչ իր գլխավոր մրցակիցը… Բայց այս մասինՙ վերջում:
Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում ընդդիմադիր գլխավոր թեկնածուն բոլոր պարագաներում միշտ դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքից եւ հայտարարել անզիջում պայքար, բողոք եւ բողոքարկում, միշտ վիճարկելով, իրավացի կամ ոչ, քվեարկությունների արդյունքները, պահանջելով նոր ընտրություններ, ինչը երկիրը անխուսափելի կերպով մղել է ներքաղաքական եւ արտաքաղաքական անորոշությունների վտանգաշատ գիրկը:
Նախորդ օրն ավարտված ընտրությունները բացառություն չկազմեցին, դժբախտաբար: Ավելինՙ այս անգամ հավակնորդը «չբավարարվեց» նոր ընտրություն պահանջելու ավանդությամբ, այլՙ վերջնագիր տվեց առաջին տեղը գրավածին տեղը զիջելու իրեն…
Պրն Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես զարմացրեց, երբ երեկվա ասուլիսում դրեց այդ պայմանաժամը: Ըստ երեւույթին նա շատ լուրջ է ընդունել իր օգտին գրանցված 36,75 տոկոս ձայներն ստանալու իր արժանիքները: Արդարեւ, տպավորիչ արդյունք, որը մեծամասամբ գոյացել է, եւ հավակնորդը մեզնից լավ կարող էր գնահատել դա, նման ընտրությունների ժամանակ գործող այլեւայլ հանգամանքների շնորհիվ: Այլ խոսքովՙ նա շփոթել է իր իրական էլեկտորատը ստացած ձայների քանակի հետ:
Կարդացեք նաև
Այնինչ, պրն Հովհաննիսյանի ստացած քաղաքագիտական կրթությունն ու ձեռք բերած փորձը պետք է հուշեին իրեն, որ հավաքած կես միլիոնից ավելի ձայնը քաղաքական ամուր կապիտալ կարող է դառնալ իրեն համար, շատ ավելի ամուր եւ ազդեցիկ, քան իր հիմնադրած եւ ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը, պայմանով, որ կարողանա կառավարել եւ տնօրինել այդ կապիտալը: Ինչպես 1998 թ.-ին դա արեց իմաստուն Կարեն Դեմիրճյանը, որ Վազգեն Սարգսյանի եւ իր մրցակից Ռ. Քոչարյանի հետ փաստորեն կազմեց փաստական եռիշխանություն:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«Ազգ»