Այն, որ երիտասարդ ակտիվիստները միանգամայն իրավացի էին՝ կոչ անելով եվրոպական դիտորդներին հերթական անգամ չլեգիտիմացնել կեղծված ընտրությունները, կասկածից դուրս է։ Սակայն այն ձեւը, որով դա արվեց, միանշանակ չընկալվեց։ Ի վերջո այդ երիտասարդներին ոչինչ չէր խանգարում նույն դիտորդներին զուգահեռ ասուլիս հրավիրել որեւէ մամուլի ակումբում եւ սեփական գնահատականներն այնտեղ հնչեցնել։
Փառք Աստծո, այսօր արդեն դժվար է ասել, թե նրանք մտավախություն ունեին, որ իրենց ասուլիսը որեւէ մեկը չէր լուսաբանի։ Այլ հարց, որ դիտորդների ասուլիսին ներկա լրատվամիջոցների թիվն աննախադեպ մեծ էր, եւ այդ առումով նրանց քայլը մարտավարական տեսանկյունից գուցե թե ճիշտ էր։ Սակայն զուտ էթիկայի տեսանկյունից՝ չհասկացված։ Բայց մյուս կողմից էլ, իրավիճակում, երբ իշխանությունները, հերթական անգամ ցինիկորեն խախտելով իրենց իսկ երդումներն ու խոստումները, կեղծեցին ընտրությունները, դժվար է մտածել էթիկայի մասին։ Պարզապես խնդիրն այն է, որ ազատության, արդարության եւ ժողովրդավարական բարձր արժեքների համար պայքարող երիտասարդներից հանրության ակնկալիքների նշաձողն անհամեմատ ավելի բարձր է։
Ինչպես պարզվեց ավելի ուշ, այդ ակտիվիստները ներկայացնում էին «Բեկում» հասարակական կազմակերպությունը։ Այդ անունը, որն այս պահին գրեթե ոչինչ չի ասում, առաջիկայում, ըստ ամենայնի, շատերին հայտնի կդառնա, քանի որ, դատելով երեկվա մեկնարկից, երիտասարդները բավականին վճռականորեն որոշել են Սերժ Սարգսյանի վարչակարգին բացատրել, թե ինչու է «խիյարը թարս բուսնում»։
«Ժողովուրդ»