Թեկնածուն դիտորդներին մեղադրեց «փող աշխատելու» մեջ
«Ես կմտածեմ ՍԴ դիմելու մասին» այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Նա կդիմի ՍԴ ոչ թե այն պատճառով, որ վստահում է ՍԴ-ին, այլ որպեսզի հիմք ունենա այնուհետ միջազգային ատյաններում վիճարկել այս հարցը:
Ի դեպ, Արման Մելիքյանը գտնում է, որ ընտրություններ կոչված այս կրկեսում, այս հանցագործությանը մասնակից են միջազգային դիտորդները`լեգիտիմացնելով: «Նրանց մի մասն էլ ամեն անգամ գալուց փող է աշխատում այստեղ: Ջերմ բարեւներ Ալեքսանդր Ցինկերին»:
Այսօր Արման Մելիքյանը չի պատրաստվում գնալ «Ազատության» հրապարակ, քանի որ, գտնում է, որ. «Րաֆֆի Հովհաննիսյանը եւ որոշ այլ թեկնածուներ մասնակցել են այս կրկեսին եւ լեգիտիմացրել են: Հիմա, արդեն կռվից հետո ձեռք են թափ տալիս ինչ-որ բաներ են խոսում, բայց արդեն որեւէ բան իրենք անել իրականում չեն կարող: Իրենք գիտեին, որ ընտրությունները կեղծվելու են, բայց իրենք պատրաստ էին գնալ եւ մասնակցել այդ կեղծարարությանը. Մեր տարբերությունը սրանում էր: Ես հնարավորություն ընձեռեցի իրենց համար, ասացի`ով համոզված է, որ կեղծվելու են ընտրությունները, թող միանան իմ հայտարարությանը: Որոշեցին մտնել`հերոսանալ, դուրս գալ, մի քիչ կբողոքեն եւ դրանով ամեն ինչ կվերջանա»:
Կարդացեք նաև
Մելիքյանը գտնում է, որ քվեարկության մասնակցած թեկնածուները լեգիտիմացրել են այս ընտրությունները: Նույնն էլ արել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը`քվեարկելով, թեկնածուներին ծաղրելով. «Քվեախցիկի ինտիմ մթնշաղի մեջ թարս աճած խիար նկարելով փորձում էր անվավեր դարձնել ունեցած իր փայ քվեաթերթիկը: Իրենց նպատակը դա էր, որ հետո անվավեր քվեաթերթիկների միջոցով կարողանային աշխարհին ասել`տեսեք ինչպիսի ապտակ հասցրեցինք Սերժ Սարգսյանին»: Իրականում, անվավեր քվեաթերթիկների քանակն, ըստ Մելիքյանի, նախորդ ընտրությունների չափ է: Ուստի, կարծում է, որ նմանատիպ կոչերը «փուչ մնացին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ