Հետևելով ՀՀ նախագահի ընտրության օրվա ընթացքին, տեղամասերում քվեարկության ամփոփմանը, վերլուծելով ստացված տեղեկատվությունը և ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում է իր գնահատականները:
Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի և իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության, ազատության ձգտումը:
Ժողովրդի ընդվզումը երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական իրական վիճակի և բարոյական մթնոլորտի պատասխանն էր: Պատասխանն էր իշխանության և նրա` վերևից ներքև ներկայացուցիչների ինքնագոհ այն պահվածքի, թե իրենք հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունն ու աջակցությունն ունեն: Ակնհայտ դարձավ, որ ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում:
Խորհրդարանական ընտրություններին իշխանության կիրառած վարչական-ֆինանսական անսահմանափակ ռեսուրսին այս անգամ շատ տեղամասերում գումարվեցին նաև համակարգված խախտումները ձայների հաշվարկման ժամանակ: Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին: Արդյունքների ամփոփումն ապացուցեց մեր այն համոզումը, որ ընտրությունները կանխորոշված են, միջազգային դիտորդների գնահատականը` կանխատեսելի:
Կարդացեք նաև
Հարգելի’ քաղաքացիներ, ստեղծված հետընտրական իրավիճակը, հնարավոր զարգացումները հսկայական պատասխանատվություն և դժվար որոշումներ են պարտադրում և’ գործող իշխանությանը, և’ հիմնական մրցակից թեկնածուին, և’ ընդդիմադիր ուժերին, և’ հասարակության ակտիվ հատվածին: Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսևորած կամքը չպետք է ոտնահարվի: ՀՅ Դաշնակցությունը ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից: Մենք պարտավոր ենք գիտակցել պահի լրջությունը և ելքեր որոնել: Սա ծանր, բայց անխուսափելի աշխատանք է, որ պարտավոր ենք անել միասին: Մենք պարտավոր ենք արժանի լինել մեր ժողովրդին: Միայն այս ճանապարհով, միայն հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով է հնարավոր երկիրը տեղապտույտից ու նահանջից փոխադրել կայուն զարգացման հուն և մեր քաղաքացիների համար անվտանգ, արժանապատիվ ապագա երաշխավորել:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին