Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալիավինի. «Մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց»

Փետրվար 20,2013 10:59

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մատնանշում է ընտրական գործընթացի թերությունները եւ դրական կողմերը։

«Մենք հասկանում ենք, որ մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց, քանի որ որոշ կարեւոր քաղաքական ուժեր որոշեցին չմասնակցել գործընթացին եւ չառաջադրել թեկնածու», – «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նման գնահատական հնչեցրեց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին՝ գնահատելով Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները:

Դեսպանի խոսքով, այդ հանգամանքը սահմանափակեց ընտրությունների մրցակցային բնույթը:

Հրաժարվելով մեկնաբանել թեկնածուների ստացած քվեների հարաբերակցությունը, Թալիավինին ԺՀՄԻԳ-ի դիտորդների արձանագրած թերությունների թվում, մասնավորապես, արձանագրեց ընտրակաշառքի բաժանման եւ չկնքված քվեատուփերի առկայության որոշ փաստեր։

Դրանցով հանդերձ՝ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը մատնանշեց նաեւ դրական կողմեր, դրանց թվում ընդգծելով ընտրական գործընթացի լավ կազմակերպումը։ Թալիավինիին հավելեց, որ առաջընթաց կար ընտրացուցակները կազմելու, բոլոր ընտրողներին դրանցում ներգրավելու եւ այդ գործընթացը թափանցիկ իրականացնելու հարցերում։

Դեսպանը առաջընթաց է նկատում նաեւ ընտրությունների լուսաբանման հարցում՝ մատնանշելով լրատվամիջոցների առավել ազատ գործելու իրողությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երեկ հրապարակած զեկույցի մասին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշեց․ – «Ինձ համար նման զեկույցները միշտ նոր ուղենիշներ են հետագա աշխատանքի համար, եւ այդ տեսակետից ես գոհ եմ։ Երբ ես չեմ տեսնում դիտավորյալ որոշակի քննադատություն, այսինքն` նպատակաուղղված, այլ հիմքեր ունեցող, ես խնդիր չեմ տեսնում նման գնահատականների հետ։ Վերջին գնահատականը բավականին քննադատական էր, առաջին գնահատականի մեջ էլ եղավ քննադատություն, որի մասին նոր խոսեցի՝ դա հիմք է հետագա բարելավումների համար»։

Հրայր Թամրազյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728