Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կթողնի՞ Ս․Սարգսյանը Րաֆֆիին Ազատության հրապարակում

Փետրվար 20,2013 10:53

Նախագահական հերթական ընտրություններն ավարտվեցին, երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարել է, որ ինքը «ընտրված նախագահ է»: Նրա բացօթյա ասուլիսի ընթացքում հավաքված հազարավոր քաղաքացիներ պարբերաբար՝«Րաֆֆի, նախագահ» կոչեր են հնչեցրել:

ԿԸՀ ցուցանիշները բնորոշելով՝ «սուտ թվաբանություն», Ր․Հովհաննիսյանը նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանին առաջարկել է մինչեւ այսօր ժամը 17:00-ը իրեն հանդիպել եւ «շնորհավորել ժողովրդի հաղթանակը», ինչպես նաեւ միասին կազմակերպել «իշխանության փոխանցումը հայ ժողովրդին»: Եթե Ս․Սարգսյանը այսօր մինչեւ ժամը 17:00-ը իրեն չհանդիպի՝ Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում  Ր․ Հովհաննիսյանը խոստացել է ներկայացնել իր հետագա քայլերը՝ առավել մանրամասն:

Ր․Հովհաննիսյանը որեւէ մեկի հրաժարականը չի պահանջել եւ չի պատրաստվում պահանջել: «Բայց ով զգում է այդ պահանջը, այդ բարոյականությունը, ինքը դա կարող է անել: Կամ տալիս է Հայաստանի ժողովրդին իր վաստակած հաղթանակը, կամ ինքը թող մտածի հրաժարականի մասին: Դա իր պահանջն է, ոչ թե իմ պահանջը», – ասել է նա: Նա ընդգծել է, որ պայքարելու է բոլոր սահմանադրական ճանապարհներով, հնարավոր է համարել համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ․ «Չկա միակ իշխանական կամ ընդդիմադիր ուժ: Բոլորը կարող են դառնալ սահմանադրական ազգային համաձայնության ապագա կառավարության մասնակից ուժեր: Ես հաջորդիվ կներկայացնեմ սահմանադրական եւ ազգային համաձայնության կառավարության մեր պատկերը, մեր մանրակերտը: Ոչ մեկի հետ չեմ բանակցել, ոչ մեկին չեմ խնդրել, բայց ես համարում եմ, որ այլեւս կուսակցական խաղի պահը անցել է: Որ քաղաքացիական հասարակություն ենք, թե քաղաքական ուժեր ենք, մենք պիտի գանք եւ մասնակցենք ապագա ոչ թե իշխանության, այլ հանրային կառավարման գործին: Եվ կլինեն այնտեղ «Ժառանգության», Դաշնակցության, ՀԱԿ-ի, «Բարգավաճ»-ի, Հանրապետականի եւ մեծամասամբ ոչ կուսակցական մասնագետների անուններ, ովքեր ծառայելու են: Եթե դույզն ինչ շեղվեն օրենքի տառից, բիզնես անեն ժողովրդի հաշվին, փայ մտնեն պետության անունից, իրենք պատասխան կտան»:

Այսքանը հետընտրական գործընթացի երեւացող կողմն էր: Այժմ դառնանք հետընտրական պրոցեսի չերեւացող մասին:

Կարծել, որ այսօր մինչեւ 17:00-ը Սերժ Սարգսյանը հրաժարական կտա եւ «կտա հաղթանակը ժողովրդին», իհարկե միամտություն է։ Ս․Սարգսյանն էլ կարծում է, որ ժողովուրդը կատարել է ընտրությունը, եւ հասարակության մի մասը պետք է ընդունի «մեծամասնության որոշումը»:

2008-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր հիմնական թեկնածուից ավելի շատ՝ կես միլիոնից ավելի ձայներ ստացած Ր․Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների արդյունքում, իրականում, կարող է կարեւոր խնդիր լուծել:

Տարբերակները շատ չեն: Ս․Սարգսյանը կարող է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին որեւէ պատկառելի պաշտոն առաջարկել, ինչի արդյունքում հայաստանյան ընդդիմադիր դաշտը կհավակնեն ղեկավարել ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Եթե Ս․Սարգսյանը Ր․Հովհաննիսյանին որեւէ պաշտոն չառաջարկի՝ ապա Ր․Հովհաննիսյանի հետագա քայլերը այսօր կուրվագծվեն: Ըստ էության Ր․Հովհաննիսյանը հնարավոր է համարել համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ: Ասել է թե, մյուս տարբերակը հրապարակում մնալն է, մյուս քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ հրապարակը «թեժ» պահելն է:

Այլ կերպ ասած՝ գնդակը հիմա Սերժ Սարգսյանի դաշտում է: Ո՞ր տարբերակն է ընտրելու Ս․Սարգսյանը՝ Ր․ Հովհաննիսյանին դրդել ընդդիմադիր ուժերի հետ համախմբմա՞ն, ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորմա՞ն եւ ընդդիմադիր այդ նոր ուժի առաջնորդի դերը ստանձնելո՞ւն, թե՞ պաշտոն առաջարկել․․․

Ցանկացած երկրի իշխանությանը թերեւս դյուրին կլիներ քաղաքական դաշտում Ր․Հովհաննիսյանի նման ընդդիմադիր առաջնորդի գոյությունը։ Ր․Հովհաննիսյանը հարգում է Սերժ Սարգսյանին, նա չի պահանջում Ս․Սարգսյանի հրաժարականը: Բացի այդ՝ Ր․Հովհաննիսյանին «հրապարակում թողնելով»՝ Ս․Սարգսյանն իրականում որեւէ սպառնալիք չի ստեղծում իշխանության համար, քանի որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ լիակատար եւ երկարաժամկետ համախմբումը «Ժառանգության» գլխավորությամբ հետ հազիվ թե տեղի ունենա։ Այս ուժերն այս ընթացքում միմյանց այնքան էլ փնովել, որ ոչ մի գերխնդիր նրանց չի կարող երկարատեւ համագործակցության դրդել:

Եվ ուրեմն տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանն առավելապես հակված կլինի Րաֆֆի Հովհաննիսյանին թողնել Ազատության հրապարակում:

Սերժ Սարգսյանին օդ ու ջրի նման նոր, ավելի պարկեշտ ընդդիմադիր ուժ է հարկավոր, նրան 2008-ի իր իշխանավարման առաջին փուլի ընդդիմության գործունեության շարունակման փորձերը վստահաբար հարկավոր չեն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ինչպես թե Րաֆֆին չի պահանջում Սերժի հեռանալը;Երբ ինձ փորձում են բացատրել, որ դիմության և ընդդիմության խաղը քաղաքականություն է, շոոու դիրքավորվող տերությունների համար, իսկ իրականում նույն խաղն են խաղում դաշտի տարբեր եզրերում, ես զարմանում եմ; Երկու բանակի վերածված ազգային խաղի ատելության գնդակն ինչ կարող է տալ, բացի ինքնաոչնչացումից;Գուցե փոքրացող մեծերը փոքրերի խնդիրները հենց փոքրերի ձեռքով են լուծում,քանի որ իր չհաջողված ծրագիրն է դա թելադրում;Չգիտեմ, բայց ինչ որ բան ամեն տեղ սխալ է;Մեծին խաղացնող փոքրը ավելի հետաքրքիր է դիտվում, քան փոքրին խաղացնող մեծը;The devil can quote/ cite Scripture for his pupose,թեև ես գիտեմ,որ the devil takes a hand in w hat is done in h aste;Չէ, վստահ եմ,the devil sometimes speaks the truth;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728