Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանում Սերժ Սարգսյանը պարտվել է, Առինջում՝ հաղթել

Փետրվար 20,2013 10:48

Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կա 35 ընտրատեղամաս, որտեղ հայտնի է, որ ազդեցիկ են հանրապետականներ Տարոն Մարգարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Այնքան ազդեցիկ են, որ Տարոն Մարգարյանն ԱԺ ընտրություններում անցկացրեց իր անհայտ աներձագին։ Հայտնի է նաեւ, որ նշված երկու անձինք Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից են, սակայն Ավանում ՀՀ նախագահը գրեթե բոլոր ընտրատեղամասերում պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին ՝ 15 հազար 752:15 հազար 383 ձայների հարաբերակցությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ ղեկավարով Գյումրին ներառող թիվ 34 ընտրատարածքում եւս Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը ջախջախիչ է։ Նա ստացել է 22 հազար 120 ձայն, Սերժ Սարգսյանը՝ 9 հազար 693: Սակայն փոխարենը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում, որտեղ ավանդաբար ԲՀԿ-ական առավելություն է գրանցվում, ամենուր հաղթել է Սերժ Սարգսյանը։ Կասկածների մյուս վեկտորն ուղղված է Հովիկ Աբրահամյանի դեմ, սակայն Արարատի մարզի բոլոր ընտրատարածքներում Սերժ Սարգսյանն է ջախջախել Րաֆֆի Հովհաննիսյանին։ 16-ում՝

36857:11571, 17-ում՝ 37422:10079, 18-ում՝ 44083:11480 հարաբերակցությամբ։

Շատ ավելի ջախջախիչ հաղթանակ Սերժ Սարգսյանը տարել է Տաշիրում, որտեղ վճռորոշը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել եւ Կարեն Կարապետյանների կարծիքն է՝ մոտ 3 անգամ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է ստացել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այն դեպքում, երբ նույն Լոռու մարզի թիվ 33 ընտրատարածքում մոտ 500 ձայնի, իսկ թիվ 30-ում՝ մոտ 8000 ձայնի առավելությամբ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սերժ Սարգսյանը պարտվել է նաեւ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ շոշափելի է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազդեցությունը։ Ժամանակին հենց նրա եղբայր Ռուբենն էր այս շրջանի ղեկավարը։

Իսկ ահա դատախազի ծննդավայր Ապարանի Չքնաղ գյուղն ընդգրկող թիվ 22 ընտրատարածքում հաղթել է Սերժ Սարգսյանը։

Էրեբունիում, որտեղ լրագրողների վրա հարձակումներ եղան, հաղթել է Սերժ Սարգսյանը։ Այս համայնքն էլ մի կողմից Գագիկ Բեգլարյանի, մյուս կողմից Մհեր Սեդրակյանի ազդեցության տակ է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728