Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա հնգամյակը ուշադրության կենտրոնում

Փետրվար 20,2013 10:41

ՀՀ նախագահի ընտրությունները և Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնի վերաստանձնումը նոր իրավիճակ կստեղծի երկրում: Որպես կանոն, նախագահի երկրորդ ժամկետը տարբեր ուժերի հնարավորություն է տալիս նորովի պատրաստվել իշխանության համար պայքարին: Վերոնշյալը միայն իշխանություն-ընդդիմություն տիրույթում գտնվող ուժերին չի վերաբերում, այլ մեծապես նաև ներիշխանական տարբեր խմբավորումների, որոնց մեջ զգալիորեն կաճի մրցակցությունը իշխանության ժառանգության համար:
Սա ինքնին նշանակում է ինտրիգներով լի հնգամյակ հայաստանյան քաղաքական դաշտի համար, ինչը կարող է զգալիորեն թուլացնել իշխանությունը:

Ընտրությունները հիասթափության ալիքի հետ մեկտեղ նաև նոր հնարավորությունների համար գործընթացի սկիզբ կարող են դառնալ: Կուսակցությունների՝ հասարակության քաղաքական կազմակերպման գործում իրենց դերի նվազմանը զուգընթաց ավելի կակտիվանան քաղաքացիական շարժումները, հուսահատությունը կբերի նաև ծայրահեղական տրամադրությունների աճին: Որքան էլ զարմանալի է, ծայրահեղականությունը կարող է նպաստել քաղաքական համակարգի կայացմանը: Անցանկալի երևույթներից և գործընթացներից խուսափելու համար իշխանությունները ստիպված կլինեն երազել Սահմանադրության անթերի աշխատանքի և իրավական պետության մասին:

Նույնիսկ քիչ մրցակցային այս պայմաններում Սերժ Սարգսյանը բավական բարդ քարոզարշավ վարեց, նա ուղղակի խուսափեց մարդկանց հետ հանդիպումներից, նրա անվտանգությունը պաշտպանվում էր աննախադեպ ձևով: Սարգսյանի հանդիպումներին թողնում էին միայն ֆիլտրի միջով անցած մարդկանց, սակայն նույնիսկ այս դեպքում գործող նախագահի նյարդերը տեղի էին տալիս: Սերժ Սարգսյանն ու իշխանությունն ընդհանրապես չափից շատ են օտարվել ժողովրդից՝ հաջորդ հինգ տարին աթոռի վրա հանգիստ անցկացնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի տպավորիչ տոկոսները կարող են օգնել «Ժառանգություն» կուսակցությանը վերագտնել իրեն և հաղթահարել վստահության ճգնաժամը: Միևնույն ժամանակ, այս ընտրությունները կարող են դառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կենսագրության պիկը, որից հետո սրընթաց անկում կարող է սկսել: Ընտրությունների հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն որոշ ժամանակ անց չի էլ կարողանում հավաքել իր ձայների տասը տոկոսը:

Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը լուրջ մտածելու շրջան է նաև «Բարգավաճ Հայաստանի» ու «Դաշնակցության» համար: Առաջիկա հնգամյակը նոր ուժերի և նոր որակի գործընթացների ժամանակաշրջան կարող է դառնալ, որի խթանիչը կլինի ներկայիս անելանելի վիճակը: Չէ՞ որ «այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728