Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրության ներսը և դուրսը

Փետրվար 20,2013 10:32

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը երեկ հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցը, որը ինչպես և սպասվում էր ընդհանուր առմամբ դրական է գնահատել ընտրությունները: Դիտորդները, իհարկե, նշում են, որ եղել են լուրջ խախտումներ, սակայն նրանք կասկածի տակ չեն առել ընտրությունների արդյունքները, ինչը նշանակում է, որ դիտորդական առաքելությունն իր ամպլուայի մեջ է: 

Իր ամպլուայի մեջ է գտնվել նաև Ռուսաստանի Դաշնությունը, որի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին զանգահարել է Սերժ Սարգսյանին և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ և Արևմուտքը, և Ռուսաստանը ընդունում են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, թեև Արևմուտքը, իհարկե իր մարտավարությանը հավատարիմ, չի շտապում շնորհավորանքներ շռայլել Սերժ Սարգսյանին: Առայժմ բացառություն է կազմել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, ով շնորհավորել է Սերժ Սարգսյանին հաղթանակի առիթով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ` «լուրջ արդյունքների»:

Այս ամենը միանգամայն բնական է, և հազիվ թե որևէ մեկը ակնկալեր, որ նախագահական ընտրությունները Հայաստանում արժանանալու էին Ռուսաստանի կամ Արևմուտքի անմիջապես հնչած քննադատությանը: Վերջիվերջո գաղտնիք չէ, որ այս ամենն ընդամենը գերտերությունների համար քաղաքական ազդեցության գործիքներ են, որոնք իրականում քիչ կապ ունեն բուն ընտրական գործընթացի կատարելագործման հետ: Բուն ընտրական գործընթացը դա Հայաստանի քաղաքացիների խնդիրն է, Հայաստանի հասարակական կառույցների, հայաստանյան քաղաքական ուժերի: Եթե նրանք ի զորու չեն որևէ բան պարտադրել ընտրակեղծարարության մեխանիզմին, ապա Արևմուտքի, Արևելքի, Հյուսիսի և Հարավի արձագանքները չեն փոխի ոչ մի էական բան, այլ ընդամենը կփորձեն այդ ուղղություններում տեղակայված տարբեր սուբյեկտների շահերը սպասարկել հայաստանյան իրողություններում:

Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր երկրների պարագայում էլ, Հայաստանի հանդեպ այս վերաբերմունքը, ըստ էության, բացառություն չէ: Ընդամենը սա հնարավորություն է, կամ ավելի ճիշտ ինդիկատոր, որով հնարավոր է չափել հայաստանյան ընտրությունների շուրջ աշխարհաքաղաքական ֆոնն ու ազդակները: Առայժմ այդ ազդակները հուշում են, որ Հայաստանում տեղի ունեցածը, ընդհանուր առմամբ, բավարարել է բոլոր շահագրգիռ կողմերին: Եվ միայն Հայաստանի հասարակությունն է, ինչպես միշտ, որ ընտրական գործընթացից հերթական անգամ չի շահում, ըստ էության, ոչինչ և կորցնում է հավատը պետության ապագայի նկատմամբ:

 Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728