Արթուր Սաքունցը նկատում է, որ Լոռու մարզի քաղաքներում, ընտրողների մասնակցության չափն ավելի քիչ էր, քան գյուղական բնակավայրերում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, Aravot.am-հետ զրույցում նշում է, որ թեեւ ՀՀ իշխանությունները լայնածավալ կիրառեցին վարչական ռեսուրսները` ապահովելով ընտրությունների բարձր մասնակցության տոկոս, այնուամենայնիվ, քաղաքային բնակավայրերում, հատկապես Լոռու մարզի քաղաքներում, ընտրողների մասնակցության չափն ավելի քիչ էր, քան գյուղական բնակավայրերում:
«Քանի որ ոչ իշխանական ներկայացուցիչ թեկնածուները ունեին շատ քիչ վստահված անձինք, եւ նաեւ դիտորդների ռեսուրսներն էին սահմանափակ` իրականացնելու վերահսկողություն բոլոր տեղամասերում, հատկապես գյուղական բնակավայրերում,ուստի գյուղերի ընտրողների մեծ թվի հաշվին ապահովվել է Սերժ Սարգսյանի քվեների կեղծում»,-Լոռիում տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների մասին իր գնահատականն է տալիս իրավապաշտպանը:
Կարդացեք նաև
Վերոնշյալի տեղիք է տվել այն, որ, մասնավորապես, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում մեծ թիվ են կազմել Սերժ Սարգսյանի ընտրողները, իսկ քաղաքայիններում` Րաֆֆի Հովհաննիսյանի:
«Նման կտրուկ տարբերությունները ակնհայտորեն խիստ կասկածելի են»,-նշում է Արթուր Սաքունցը` կարծիք հայտնելով, որ իշխանությունները, հիմնական շեշտը դնելով մարդկային մասնակցության աճի վրա, համարժեք չէին գնահատել ընտրողներին:
Նա նկատում է, որ իշխանություններից դժգոհ ընտրազանգվածը իր անվստահությունը նրա հանդեպ Լոռու մարզում արտահայտեց՝ քվեարկելով ընդդեմ իշխանական թեկնածուի` այդկերպ արձանագրելով Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը մասնավորապես Վանաձորում եւ մի շարք բնակավայրերում:
Նախնական տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում ստացած քվեների թվով էականորեն առաջ է Սերժ Սարգսյանից:
Իրավապաշտպանը նաեւ նկատում է, որ այս ընտրությունները նախորդից տարբերվում են մի շարք հանգամանքներով:
«Նախորդ ընտրություններից տարբերվեց նրանով, որ այս ընտրություններին իշխանական թեկնածուն զինված էր անհամաչափ մեծ վարչական եւ նյութական, ֆինանսական ռեսուրսներով, նրա ունեցած ռեսուրսներն ավելին էին, քան մյուս թեկնածուներինը: Անհավասարություն կար թեկնածուների միջեւ: Մրցակցությունը քիչ էր, անհավասարությունն էլ շատ էր մեծ»,-եզրափակում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ