«Այդ դատավճիռներով դատապարտված մարդիկ վաղուց արդարացվել են»
Փետրվարի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը բավական օպերատիվ կերպով արձագանքեց մամուլում խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրությունների կատարման նպատակով «Իրավունքի եւ Ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից ԱԱԾ-ին դիմելու, մերժումներ ստանալու, ինչպես նաեւ փետրվարի 8-ին խորհրդային տարիների մի խումբ այլախոհների տարածած հայտարարության թեմայի առնչությամբ հրապարակված հոդվածին:
ԱԱԾ-ն պատճառաբանել է․ «Դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները չեն տրամադրվել համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների, քանի որ հայցվող փաստաթղթերում առկա են նաեւ այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց հրապարակումն առանց նշված անձանց համաձայնության կխախտի վերջիններիս անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը»:
Կարդացեք նաև
ԱԱԾ-ին ուղղված դիմումում ներկայացված գործերն առնչվո՞ւմ են՝ «այլ անձանց վերաբերյալ տեղեկություններին», «Առավոտ»-ը հարցրեց Վ․Հարությունյանին: «Ինձ մերժողները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել, որ խոսք է գնում դատավճիռների մասիր: Դատավճիռը հրապարակային փաստաթուղթ է: Այն դառնում է հանրության սեփականություն իր հրապարակման պահից եւ գաղտնի լինել չի կարող: Առավել եւս խորհրդային տարիների քաղբանտարկյալների դատավճիռները, որ հրապարակվել են սրանից երեսուն եւ ավել տարիներ առաջ: Այդ դատավճիռներով դատապարտված մարդիկ վաղուց արդարացվել են: Նրանց դատած երկիրը ճանաչել է նրանց նկատմամբ իր գործած սխալները, արդարացրել է նրանց, այնուհետեւ ոչ եւս է եղել: Չկա այլեւս այդ երկիրը, բայց արի ու տես, որ Անկախ Հայասաստանի ազգային անվտանգության ծառայությունը կուրծք է պատռում այդ չեղած երկրի չեղած գաղտնիքները պահպանելու համար: Ծիծաղելի են «այլ անձանց» մասին հիշատակումները: Ի՞նչ, եթե իմ դատավճռում կան քր. գործին առնչվող ինչ-ինչ անուններ, ուրեմն այն ինձ չպե՞տք է տրվի: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա աշխարհի ոչ մի դատապարտյալ չպետք է իր ձեռքում ունենա իր դատավճիռը: Բոլոր դատավճիռներում էլ հիշատակվում են այլ անձինք», նշեց մեր զրուցակիցը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: