Փետրվարի 19-ը իր խորհուրդն ունի. մարդիկ իրար գիրք են նվիրում միմյանց: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հետաքրքրությունը տոնի հանդեպ ավելացել է: Դա են վկայում քաղաքում հանդիպող մարդիկ, ում ձեռքը գոնե մեկ գիրքը անպակաս է: «Բուկինիստ» գրախանութի տնօրեն, հիմնադիր Խաչիկ Վարդանյանը նույնպես այդ կարծիքին է: Ասում է` սարից գլորվող ձնագնդիկի նման այս տարի տոնը իրենց սպասվածից ավելի մեծ արձագանք է ստացել. «Ըստ երեւույթին, դա եղավ այն բանի արդյունքը, որ դպրոցներում հայտատարարվել է, որ երեխաները մեկը մյուսին գիրք պետք է նվիրի»:
Վարդանյանը թեեւ համաձայն է, որ ակտիվությունը կապված է իր կողմից նշված պարտադրողականության հետ, բայց մեջբերում է փիլիսոփայական հին խոսքերը` քանակը որակը է տալիս: Հուսով է, որ դա կնպաստի գրքի հանդեպ մարդկանց ունեցած բարի ավանդույթի վերադարձմանը:
«Բուկինիստ» գրախանութի տնօրենի խոսքով, հաճախորդները այսօր եւս գնում են իրենց նախասիրությանը համապատասխանող գրքեր, իսկ եթե չեն կողմնորոշվում` դիմում են իրենց աշխատակիցներին:
Վարդանյանը տոնը կարեւորում է այնքանով, որ գիրք նվեր կստանան մարդիկ, ովքեր ոչ մի անգամ գրախանութ չեն մտել, գիրք չեն գնել: Ըստ նրա, ուրախալի է այն, որ միջոցառումը սովորույթ կդառնա:
50-ամյա Գայանե Հովսեփյանը գիրք էր փնտրում իր 3-ամյա թոռնիկի` Արմանի համար: Ասում է` տեղյակ է, որ այսօր գիրք նվիրելու օրն է, սակայն տխուր է, քանի որ իրեն դեռ ոչ մեկ գիրք չի նվիրել:
Արամ Արարատյան