Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես ու այսօր սկսվեց ղարաբաղյան շարժումը Հայաստանում…

Փետրվար 19,2013 19:53

1988-ի փետրվարի 19-ին, եթե չեմ սխալվում ժամը չորսին մոտ, կառավարության շենքի դիմացով վերադառնում էի մամուլի տուն, որի տասներորդ հարկում իմ շատ սիրելի «Երեկոյան Երեւանի» խմբագրությունն էր: Գորբաչովյան վերակառուցման շունչն, անշուշտ, նաեւ Երեւանում էր. մամուլում հրաշալի հոդվածներ էին տպագրվում, ռուսական մամուլից Երեւան էին գալիս հրապարակումներ, որոնք կարդում էինք ուղղակիորեն կլանելով, քննարկում էինք, վիճում էինք, հեռուստատեսությամբ, իհարկե, հիմնականում կենտրոնական`ասել է թե մոսկովյան, արդեն հարցադրումներ կային, սուր խոսք կար, բայց ոչ ոք չէր սպասում Երեւանում հանդիպել… ցուցարարների:

Աղմուկի վրա նկատում եմ, որ Ամիրյան փողոցից դեռեւս Լենինի հրապարակ են մտնում ցուցապաստառներով մարդիկ ու վանկարկելով գալիս են դեպի կառավարության շենք` ուղիղ հրապարակի մեջտեղով: Նրանք վանկարկում էին «Հայաստանին մաքուր օդ»:

«Հայաստանին մաքուր օդ». սա ղարաբաղյան շարժման առաջին կարգախոսն էր Հայաստանում: Հրապարակ մտնող մարդկանց շուրջ միանգամից մեծ բազմություն հավաքվեց, տեղեկությունները սկսեցին քաղաքում տարածվել: Ոմանք ասում էին, որ ցուցարարները գալիս են Աբովյան քաղաքից, որ Աբովյանից ոտքով են եկել: Ցուցարարները ոչինչ չէին ասում. նրանք վանկարկում էին «Հայաստանին մաքուր օդ» ու պահանջում էին հանդիպում կառավարության հետ: Ոչ ոք, կազմակերպիչներից բացի, բնականաբար, կենտկոմի ղեկավարներից ու անվտանգության ծառայություններից բացի, ենթադրում եմ, Հայաստանում չգիտեր, որ դեռեւս փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում սկսվել են հզոր հանրահավաքներ` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման պահանջով:

Բնապահպանական ցույցն, անշուշտ, Հայաստանի ղարաբաղյան հանրահավաքների գլխավոր փորձն էր` ստուգելու հասարակության ու իշխանությունների ռեակցիաները, կարծում եմ: Ինչու այդքան ուշ` չգիտեմ: Հետո, երբ պետք է սկսվեին հզոր հանրահավաքները, երբ գրեթե ողջ Հայաստանը պետք է մեկտեղվեր Թատերական հրապարակում, որն Ազատության հրապարակ անվամբ պիտի մկրտվեր, պիտի հիշեի, որ, այնուամենայնիվ, ինչ որ ազդակներ, ուղերձներ կազմակերպիչները հրապարակ նետել էին նաեւ փետրվարի 19-ից առաջ, որովհետեւ մամուլի տան երկրորդ հարկի մեր հանրահայտ բուֆետում մենք` լրագրողական մեր երիտասարդ ու միջին սերնդի խմբով, նաեւ` հանրահայտներով` Այդին Մորիկյան, Հակոբ Մարտունի, Գնունի Բալայան, Ռիտա Շառոյան, Գագիկ Մինասյան, Ալիկ Քալանթարյան, Արթուր Ազարյան, Մհեր Դավոյան ու էլի շատ ու շատ ուրիշներ, ոչ միայն քննարկում էինք ներկայացումներ, կինոնկարներ, հոդվածներ, հրապարակումներ, այլ նաեւ խոսում էինք Ղարաբաղից, Միացյալ Հայաստանից, հողերից, վերադարձից, ինչ որ տողեր էինք փորձում «անցկացնել» դեռեւ ոչ այնքան ազատականացած մամուլի մեր հրապարակումներում:

Կառավարության շենքի մոտ «Հայաստանին մաքուր օդ» կարգախոսով հանրահավաքը կարճ տեւեց, կարծեմ մասնակիցներից մեկը կամ մի քանիսը մտան կառավարության շենք ու որոշ ժամանակ անց վարչապետի ընդունարանի շքապատշգամբից մեզ հորդորեցին սպասել, մինչեւ իրենց կընդունի Հայաստանի վարչապետը` այն ժամանակ մինիստրների սովետի նախագահը: Ամբողջ Երեւանն այդ օրը խոսում էր հրապարակի ցույցի մասին ու կարծես ինչ որ տագնապ, ինչ որ սպասելիք կար օդում կախված, որը փետրվարի 20-ի երեկոյան, արդեն մութն ընկնելուն մոտ, որքան հիշում եմ, պայթեց Երեւանի երկնքում. Օպերայի մոտ ցույց էր ու պահանջում էին Ղարաբաղը…

Փետրվարի 20-ին Թատերական հրապարակը լցվեց վայրկենապես: Հարթակ բարձրացավ մի մարդ, ով հայտարարեց, որ ինքը Վաչե Սարուխանյանն է, Ստեփանակերտի թատրոնի դերասան, թե ռեժիսոր, կարծեմ, որ Երեւան է հասել մեծ դժվարություններով, որ իրենց հետապնդել են ադրբեջանցիները եւ այլն եւ պատմեց Ստեփանակերտի միտինգների, Հադրութում, Ասկերանում տեղի ունեցած ինչ որ միջադեպերի մասին: Հրապարակը Վաչեին լսում էր քարացած, անշարժացած: Վաչեն խոսում էր փայլուն հռետորությամբ, հրաշալի, անթերի կառավարում էր հրապարակը: Շատերը կհիշեն, թե ինչպես էր Վաչեն «մեկ, երկու, երեք» վանկարկելով հավաքվածներին հեռացնում հարթակից, որ չխանգարեն հռետորներին: Կարծեմ խոսեց նաեւ Իգոր Մուրադյանը: Ես, որ նախօրեին մինչեւ վերջ մասնակցել էի կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած «Հայաստանին մաքուր օդ» ցույցին, նրա կազմակերպիչ մասնակիցներից շատերին դեմքով արդեն ճանաչում էի, իսկ նրանք բոլորի հետ համեստ կանգնած էին հրապարակում ու լսում էին Վաչե Սարուխանյանին, Իգոր Մուրադյանին, մյուսներին, կարծես իրենք ոչ մի կապ չունեին նախորդ օրը Երեւանն ալեկոծած առաջին հանրահավաքի հետ…

Այսպես սկսվեց ղարաբաղյան շարժումը Հայաստանում: Գուցե խորհրդանշական էր «Հայաստանին մաքուր օդ» կարգախոսը, որովհետեւ մաքուր օդը լցվեց Ազատության հրապարակ, որը փետրվարի 20-ից սկսած փոթորկվում էր ամեն վայրկյան, որը մարդկայնության, մարդասիրության, միակամության, հանդուրժումի դպրոց էր, մեծ դպրոց, իսկ փետրվարի 26-ը, այդ ճակատագրական փետրվարի 26-ը գուցե հայոց զարթոնքի օրն էր կամ օրն է խորհրդանշորեն, երբ գրեթե ողջ Հայաստանը Ազատության հրապարկում էր մի բռունցք դարձած, երբ դավաճաններ չկային, կասկածողներ չկային, ուրացողներ չկային…

Ցավոք, մնացինք Ազատության հրապարակում, ցավոք անընդհատ ստիպված ենք Ազատության հրապարակ գնալ` փոխարենը մեր տանը, մեր գործին, մեր անելիքին լինելու, որովհետեւ մաքուր օդը վաղուց արդեն Հայաստանի երկնքում պիտի լիներ ու` սիրո, հանդուրժումի, վստահության ու հավատքի տեսքով` մեր հոգիներում նաեւ`մեր քսանհինգ տարեկան երեխաների օդը` արդեն…

Այսպես եւ այսօր սկսվեց ղարաբաղյան շարժումը Հայաստանում…

Ցավոք, մնացինք Ազատության հրապարակում, ցավոք անընդհատ ստիպված ենք Ազատության հրապարակ գնալ` փոխանակ մեր տանը, մեր գործին, մեր անելիքին լինելու, որովհետեւ մաքուր օդը վաղուց արդեն Հայաստանի երկնքում պիտի լիներ ու` սիրո, հանդուրժումի, վստահության ու հավատքի տեսքով` մեր հոգիներում նաեւ`մեր քսանհինգ տարեկան երեխաների օդը` արդեն…

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728