Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Գյումրիում նախագահի պարտություն կրելու մի քանի պատճառներ է թվարկում
Ընտրություններից երկու օր առաջ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ Րաֆֆիին համակրող Գյումրիում միևնույնն է հաղթելու է իրենց թեկնածուն, քանի որ վերջինս 90 միլիարդ դրամի ներդրում է կատարել Շիրակի մարզում: Իսկ Գյումրին, ըստ այս պաշտոնյայի, մտավորականների Հայաստանն է, Հյուսիսային Հայաստանը, ուր մարդիկ և երախտիքի զգացում ունեն և կայուն արժեքային համակարգ: Ինչո՞ւ գյումրեցիները չգնահատեցին 5 տարի նախագահ աշխատած մարդուն ` Սերժ Սարգսյանին, նույնիսկ նրա կողմից բաժանվող 5 հազար դրամ ընտրակաշառքը վերցրեցին ու իրենց ձայնը Րաֆֆի Հովհաննիսյանին տվեցին:
Այս հարցը մենք ուղղեցինք քաղաքագետ Գագիկ Համբարյանին: «Ես ընդհանրապես կանխատեսել էի, որ Գյումրի քաղաքում կանցնի Սերժ Սարգսյանը, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 2-3 տոկոսով նրան կզիջի: Ես այդտեղ սխալվեցի, որովհետև չէի պատկերացնում, որ քարոզարշավի վերջին օրերին Հանրապետական կուսակցությունը կարող էր կատարել մի քանի կոպիտ սխալներ, որոնք է’լ ավելի մեծ ազդեցություն ունեցան իրենց վարկանիշի վրա ընտրությունների արդյունքով: Նախ առաջինը նշեմ, որ ընտրակաշառք երևույթը, որը ի հայտ եկավ վերջին 2 օրերի ընթացքում ու չգիտես ինչու հանրապետականները էդպես ջանադրաբար հերքում էին , երբ որ ամբողջ քաղաքն էր խոսում: Իհարկե, ինձ ընտրակաշառք ոչ ոք չի առաջարկել, ես փաստեր չունեմ, բայց երբ որ խոսում են մեկ , երկուս, երեք հոգի, տասնյակներով, հազարներով մարդիկ խոսում եմ և նույնիսկ գինն են ասում `5 հազար դրամ, դա շատ կոպիտ սխալ էր հանրապետականների կողմից: 2008 թվականի դասերը հաշվի առնելով , որ նույն ընտրակաշառքի արդյունքում Արթուր Բաղդասարյանը ավելի մեծ ձայներ ստացավ, հիմա իրենք էդ քայլը չպիտի անեին: Պարտության 2-րդ պատճառը Սերժ Սարգսյանի շատ անհաջող հումորն էր Շիրակի մարզում, կոնկրետ` Թորոս գյուղում: Ես էլի եմ կրկնում ինքը հումոր էր արել` ասելով ինչքան ուզես էնքան խփենք, բայց շատ անհաջող հումոր ստացվեց, երբ որ գյումրեցիները որոշեցին նրան ընդհանրապես էդ 60 տոկոսն էլ չտալ» :
Ըստ քաղաքագետի, անչափ վիրավորական էր թե ընտրակաշառքը, թե ընտրակաշառքի համար սահմանված չափը ` 5000 դրամ, որը երկու կիլոգրամ միս էլ չարժի: «Դե ինքնըստինքյան 5 հազար դրամ` երկու կիլոգրամ մսի գումարով գնել հինգ տարով նախագահի պաշտոն ստանձնելու հնարավորություն , դա սխալ է: Ընդհանրապես ասեմ, որ ընտրակաշառք երևույթը արդեն վիրավորական է, մարդկանց պարտադրել, որ գնան ընտրության, դա հոգեբանորեն մարդկանց մոտ ստեղծում է հակառեակցիա: Ինքնըստինքյան էդ մարդը կգնա ու կընտրի նրան, ում որ ինքը կուզի, չի ընտրի նրան, ում պարտադրում են: Սա մեր իշխանությունները, առավել ևս ՀՀԿ-ն 2008 թվականից հետո պետք է լավ հասկանար, որ այդպես ընտրություններ կազմակերպել հնարավոր չէ: Չի լինի: Առաջին խնդիրը սա է:Սա արդեն երրորդ դեպքն է , երբ որ ընտրակաշառքը չի օգնում գործող իշխանություններին: Եվ 2008 թվականի նախագահական ընտրություններին և թե 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նույն ընտրակաշառքը բացարձակ արդյունք չտվեց Հանրապետական կուսակցությանը Գյումրիում: Նույն Գյումրի քաղաքում ՀՀԿ-ն ստացավ 24 տոկոս ձայն», -հիշեցրեց մեր զրուցակիը: Մեր այն հարցին` փաստորեն ստացվեց, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընտրակաշա՞ռք էր բաժանում, քաղաքագետն ասաց. «Ստացվեց, որ Սերժ Սարգսյանը ընտրակաշառք բաժանեց իրեն ձայն չտալու դիմաց, որովհետև նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ժողովուրդը ոչ թե ընտրել է ինձ, ես կասեմ ավելին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանին»:
Կարդացեք նաև
Իսկ ինչպես կվերաբերի ՀՀԿ Շիրակի մարզայաին կառույցի ղեկավարի այն բնութագրմանը, թե Գյումրին մտավորական Հայաստան է, Հյուսիսային Հայաստան, որտեղ մարդիկ գիտեն ինչպես գնահատել: Ստացվեց, որ մտավորականների Հայաստանում գործող նախագահին չե՞ն ընդունում: «Լիովին համաձայն եմ այդ անձի կարծիքի հետ, և իհարկե, դա ոչ միայն Հայաստանով է պայմանավորված, այլ, եթե նայենք այլ երկրների ընտրությունների արդյունքներին. որ երկրում ինչպես է քվեարկում նույն ձեր ասած մտավորական դասը, ապա կտեսնենք, որ մտավորականները միշտ ընդդիմության կողմն են: Դա կա և Ռուսաստանում, տեսնում ենք, որ Մոսկվայում և Սանկտ Պետրեբուրգում, ինչպես նաև այլ խոշոր քաղաքներում Պուտինը միշտ ցածր է հավաքել: Այսինքն այնպիսի քաղաքներում, որտեղ կենտրոնացված է մտավորական մասսան, մշակութային էլիտան: Ես լիովին համաձայն եմ, որ Գյումրիում կենտրոնացված է մտավորականությունը Հյուսիսային Հայաստանի և շատ դեպքերում մշակութային էլիտան ևս»:
Քաղաքագետի գնահատականը Սերժ Սարգսյանի Գյումրիում պարտվելու այլ պատճառների մասին ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ